«Ամուսնուս սերմի տոկոսը 0 է: Հնարավո՞ր է ինչ-որ կերպ բարձրացնել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Հարց: Բարեւ Ձեզ: Հարցս հետեւյալն է. ամուսնուս սերմի տոկոսը 0 է: Հնարավո՞ր է  ինչ-որ կերպ բարձրացնել:

Պատասխան: Այն պաթոլոգիական վիճակը, երբ սերմնահեղուկում բացակայում են սերմնաբջիջները, կոչվում է ազոոսպերմիա: Դա համարվում է տղամարդու՝ անպղության հանգեցնող ամենալուրջ խնդիրներից մեկը: Առաջացնող գործոնները 2 խմբի են բաժանվում՝ սեկրետոր, երբ խանգարված է սպերմատոգենեզի (սերմառաջացման) պրոցեսը, և էքսկրետոր՝ առկա է սերմնատար ուղիների խցանում: Առաջացման պատճառները տարբեր են, ուստի պահանջվում է մանրակրկիտ հետազոտություն: Պետք է նշել, որ բուժման արդյունավետությունը բարձր չէ, սակայն յուրաքանչյուր դեպքի համար կիրառվում են բուժման հատուկ մեխանիզմներ:

 

Անի

Հարց: Բարեւ Ձեզ: Ես 20 տարեկան եմ, կույս չեմ, բայց ամուսնացած էլ չեմ: Մոտավորապես 2-3 տարուց ես ու զուգընկերս կամուսնանանք: Մինչև այդ չեմ ցանկանում, որ ընտանիքս իմանա իմ կույս չլինելու մասին: Ունեմ նշիկների խնդիր, ցանկանում եմ վիրահատվել: Հնարավո՞ր է, որ վիրահատության կամ արյան անալիզ հանձնելու պատճառով պարզ դառնա իմ կույս չլինելը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Տոնզիլէկտոմիայի ժամանակ կամ արյան որեւէ հետազոտության միջոցով հնարավոր չէ որոշել կույս լինել- չլինելու հանգամանքը: Այն միայն որոշվում է  սեռական օրգանների բժշկական զննման միջոցով:

 

Թեւոս

Հարց: Բարեւ Ձեզ: Որքա՞ն գումար է անհրաժեշտ արտամարմնային բեղմնավորման համար:

Պատասխան: Արտամարմնային բեղմնավորումը կատարվում է հատուկ մասնագիտացված կենտրոններում, որտեղ յուրաքանչյուր զույգի համար որոշվում է նախատեսվող եւ իրականացվող բժշկական հետազոտությունների եւ միջամտությունների ծավալը, ինչից կախված՝ ֆինանսական ծախսերը կարող են տատանվել: Պետք է նշել, որ պետությունը տարբեր հիմնադրամների միջոցով կարողանում է օգնել ֆինանսապես անապահով անպտուղ զույգերին՝ իրականացնելու արտամարմնային բեղմնավորում:

 

 Տիգրան

Հարց: Բարեւ Ձեզ: Ես 22 տարեկան եմ:2 օր առաջ միզելիս ցավ զգացի: Երեկ եւ այսօր անդամիցս սպիտակ հեղուկ է դուրս գալիս: Խնդրում եմ ասել՝ ինչ է պատահել եւ ինչպես լուծեմ խնդիրը:

 

Պատասխան: Ըստ էության,  միզուղիների բորբոքային խնդիր է: Սպիտակ հեղուկի արտադրությունը թարախային պրոցեսի մասին է վկայում: Այն կարող է պայմանավորված լինել չպաշտպանված  սեռական հարաբերությամբ (սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ), ուժեղ մրսածությամբ (ոչ սպեցիֆիկ ուրետրիտ): Բոլոր դեպքերում էլ պարտադիր է անցնել հետազոտություն եւ բուժում ստանալ՝  հետագա լուրջ բարդություններից խուսափելու համար:

 Կարեն

Հարց: Բարեւ Ձեզ: Սեռական հարաբերության ընթացքում սերմնահեղուկով լի պահպանակը փոխելուց հաջորդի ծայրին մի քիչ քսվել է: Կարո՞ղ է դա հղիության պատճառ դառնալ:

Պատասխան: Գործնականում  քիչ է հավանական, որ արձանագրվի հղիություն, սակայն տեսականորեն հնարավոր է:

 

 Լիանա

Հարց: Բարեւ Ձեզ: Ես 21 տարեկան եմ: 2 տարի է, ինչ ամուսնացած եմ: Մոտ 10 ամիս է, ինչ ներարգանդային ոչ հորմոնալ պարույր եմ ընտրել որպես հակաբեղմնավորիչ: 2 ամիս առաջ ունեի կիստա, որն անցավ 1-1.5 ամսից: Կիստայի առաջացումից հետո խորը ներթափանցման դեպքում, հարաբերության ժամանակ ցավեր ունեմ (նունիսկ հիմա, երբ կիստան չկա): Արդյո՞ք  պատճառը պարույրն է:

Պատասխան: Կարծում եմ, որ  հնարավոր է ներարգանդային պարույրը՝ պայմանավորված որոշակի անհատական անատոմիական առանձնահատկություններով, Ձեր նշած գանգատների պատճառ հանդիսանալ: Այս պարագայում երբեմն ներարգանդային պարույրի ստորին հատվածը կարճացվում է, որպեսզի մեխանիկական գործոնը վերացվի: Ուստի խորհուրդ կտամ այցելել Ձեր գինեկոլոգին եւ քննարկել: