«Կարո՞ղ եմ հղիանալ, եթե կուսաթաղանթը չի պատռվում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի գինեկոլոգ Անի Բաբելյանը:

 

Միլենա

Հարց. Ես 16 տարեկան եմ: Պարանոցիս հատվածում նկատեցի, որ աճում են անցանկալի մազեր, դիմեցի գինեկոլոգի, դեղեր նշանակեց: 8 ամիս խմելուն զուգահեռ գնացի էպիլյացիայի: Մեկ տարի է, ինչ գնում եմ, բայց փոփոխություն չեմ տեսնում: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան. Հարգարժան Միլենա, կխնդրեի նշել, թե կոնկրետ ինչ անալիզներ եք հանձնել եւ ինչ բուժում եք ստացել, որպեսզի ավելի հստակ լինի պատկերը:

 

Մարի

Հարց. Բարև Ձեզ: Ես հղի եմ (դաշտանը 5 օր ուշացել է, թեստն էլ ցույց է տվել, որ հղի եմ), բայց այսօր սեռական ակտից հետո թույլ վարդագույն արյան նշույլներ եղան: Հնարավո՞ր է՝ վիժման նշան է:

Պատասխան. Հարգարժան Մարի, նախեւառաջ հարկավոր է անել ուլտրաձայնային հետազոտություն՝ հղիության փաստը հաստատելու համար, ինչպես նաեւ վիժման հնարավոր վտանգները պարզելու համար:

 

Անգելինա

Հարց. Ինձ մոտ 12 շաբաթական հղիություն է, ունեմ շատ ուժեղ սրտխառնոց. անգամ ջուրը մեծ դժվարությամբ եմ խմում: Արյանս ճնշումը նորմայից ցածր է (նորման 120- 80 է, իսկ հիմա՝ 90-60): Ես մեծ դժվարությամբ եմ բժշկի նշանակած վիտամինները ընդունում (փոքրուց դեղ չեմ կարողացել խմել), որն իր հերթին ավելի է ուժեղացնում սրտխառնոցը: Ինձ ստիպելով՝ քիչ քանակությամբ միրգ եմ ուտում (խաղող, դեղձ, խնձոր): Հիմա նաեւ այդ ամենին գլխացավ է ավելացել: Ինձ շատ թույլ եմ զգում, ունեմ նաեւ գլխապտույտ: Մինչեւ ո՞ր ամիսն է ձգվում այս վիճակը, եւ ինչ կարող եմ անել (ես 36 տարեկան եմ եւ առաջին ծննդաբերությունս պետք է լինի):

Պատասխան. Հարգարժան Անգելինա, նախևառաջ նման վիճակը (սրտխառնոցներ, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն) կապված են հղիության այնպիսի ախտաբանության հետ, որը կոչվում է վաղ տոքսիկոզ, որն առաջանում է հղիության առաջին եռամսյակում: Ինչպես Դուք նշեցիք, Ձեզ մոտ հղիության 12-րդ շաբաթն է: Այսինքն՝ առաջին եռամսյակի վերջը, եւ, ըստ էության, արդեն ժամանակն է, որ Ձեր նշած գանգատները թուլանան եւ անցնեն: Ցանկալի կլիներ, որ դիմեիք Ձեր հղիությունը վարող բժշկին՝ դեղորայքի նշանակման համար:

 

Հասմիկ

Հարց. Հարգելի բժիշկ, հարցս հետեւյալն է՝ հնարավո՞ր է հղիանալ տղամարդու արտադրությունից, եթե սեռական հարաբերություններ չեն եղել, սեռական գռգռվածության ժամանակ թրջվել է ներքնազգեստը, բայց չի եղել սերմնաժայթքում: Արդյո՞ք արտադրությունը պարունակում է սերմնահեղուկ (3 օր դաշտանը ուշացել է):

Պատասխան. Միանշանակ ոչ, քանի որ հղիության առաջացման համար անհրաժեշտ եւ պարտադիր է բեղմնավորման պրոցեսը, որը լինում է ձվաբջջի եւ սպերմատոզոիդի հանդիպումից, իսկ եթե սեռական հարաբերություն եւ հետևաբար սերմնաժայթքում չի եղել, ապա հղիությունը բացառվում է:

 

Գոհար

Հարց. Բարեւ Ձեզ, 2 ամիս է ՝ ամուսնացած եմ, սակայն կուսաթաղանթս դեռ չի պատռվել, մեկ ամիս առաջ գնացել եմ գինեկոլոգի մոտ, ստուգել է կուսաթաղանթս եւ ասել, որ առաձգական է, եւ կպատռվի ծննդաբերելիս: Կարո՞ղ եմ հղիանալ, եթե կուսաթաղանթը չի պատռվում:

Պատասխան. Այո, հնարավոր են նման դեպքեր, որ կուսաթաղանթն առանձգական է լինում: Հնարավոր է նախքան ծննդաբերությունը կուսաթաղանթի պատռում չլինի, եւ դա տեղի ունենա ծննդաբերության ժամանակ:

 

Սոնա

Հարց. Բարեւ Ձեզ: Ընկերոջս հետ սեռական ակտ չեմ ունեցել, առնանդամը դիպել է հեշտոցի սկզբնամասին (ներս չի մտել), որից հետո թեթև ցավ եմ զգացել ու արյան 1-2 կաթիլ նկատել: Ուզում եմ իմանալ՝ դա կուսաթաղանթի վնասո՞ւմ է, թե՞ կոպիտ հպումից մազանոթ է պայթել եւ արյան կաթիլներ առաջացել: Վտանգավոր բան կա՞:

Պատասխան. Ճիշտ կլինի՝ դիմեք գինեկոլոգի, որպեսզի զննում իրականացվի եւ Ձեր հարցին լիարժեք պատասխան տրվի, քանի որ այսպես օնլայն հնարավոր չէ զննել եւ հասկանալ, թե ինչ է իրականում եղել:

 

Մարի

Հարց. Բարեւ Ձեզ: Ես 19 տարեկան եմ, ունեմ մեկ աղջիկ՝ 8 ամսական: Չեմ ուզում նորից հղիանալ, ի՞նչ անեմ:

Պատասխան. Հակաբեղմնավորման միջոցները բազմաթիվ են՝ հորմոնալ դեղամիջոցներ, ներարգանդային պարույր եւ այլն: Ցանկության դեպքում Դուք կարող եք դիմել մասնագետի եւ ընտրել Ձեզ համար հարմար տարբերակը:

 

Ջուլյա

Հարց. Հարգելի բժիշկ, ունեմ 1 երեխա: 2 ամիս առաջ հետազոտվեցի, բժիշկն ասաց, որ ձվարաններս մի փոքր մեծացած են: Կխանգարի՞, արդյոք, դա հղիանալուն:

Պատասխան. Հարկավոր է գոնե մեկ դաշտանային ցիկլի ընթացքում հետեւել ֆոլիկուլի զարգացման եւ ձվազատման գործընթացին, որպեսզի հասկանանք՝ ձվարանների մեծացումը խանգարո՞ւմ է բնականոն ֆունկցիային, թե ոչ: