«6.5 ամսական բալիկս շատ նյարդային է, անընդհատ անտեղի լաց է լինում. ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

Անուն` Արուսյակ
Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 7 ամսական է, 6 ամսականից սկսել է հավելյալ սնունդ ընդունել (բանջարեղեն, խյուսեր, հավի միս, մրգեր): Երեխայիս կղանքը շատ պինդ է, փորձել եմ սալորաչիր, գազար, ծիրան տալ. ոչինչ չի օգնում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան՝ Նման խնդիրներ հաճախ են հանդիպում, երբ հավելյալ սնունդը շատ արագ և մեծ չափաբաժիններով են ներմուծվում երեխայի սննդակարգ։ Խորհուրդս հետևյալն է՝ ընդհատեք հավելյալ սնունդը և վերադարձեք սովորական կաթին։ Երբ երեխայի կղանքը կկարգավորվի, նորից սկսեք հավելյալ սնունդ տալ, սակայն ավելի քիչ բաժիններով։ Տվեք առավոտյան և սպասեք։ Երբ կհամոզվեք, որ երեխան մարսում է և նորմալ կղում, այդ սնունդը տվեք նաև երեկոյան, իսկ առավոտյան տվեք նոր բան՝ նույն սկզբունքով։ Երբ երեխան կմարսի վերջին երկու մթերքը, կարող եք դրանք խառնել իրար։ Կարևոր է հիշել, որ Դուք դեռ սովորեցնում եք երեխային սնվել նոր սննդով և դա դեռ չպետք է փոխարինի նրա սովորական սննդին՝ կաթին։

 

Անուն` Անի
Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս վաղը կլինի 5 ամսական։ Երբ ձգվում է, որ նստի, գլուխը անընդհատ դողդողացնում է և լավ չի պահում: Խնդրում եմ՝ ասեք՝ այդ տարիքում դա նորմա՞լ է:

Պատասխան՝ Եթե Ձեր երեխան ծնվել է հասուն և առողջ, ապա անհանգստանալու լուրջ պատճառ չունեք, սակայն ավելի ստույգ պատասխանելու համար ճիշտ կլինի տեսնել երեխային։

 

Անուն` Գոհար
Հարց՝ Բարև Ձեզ, հնարավո՞ր է կրիպտորխիզմն առանց վիրահատության բուժել:

Պատասխան՝ Ոչ։ Կրիպտորխիզմը բուժվում է միայն վիրահատական ճանապարհով։ Սակայն վիրահատությունը բարդ չէ և, ամենայն հավանականությամբ, հաջորդ օրը դուք գնալու եք տուն։

 

Անուն` Մանյա
Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, տղաս 6.5 տարեկան է և շատ  նյարդային է. անընդհատ լացում է: Ի՞նչն է պատճառը:

Պատասխան՝ Ձեր երեխայի մոտ հնարավոր է՝ լինի մանկական հիպերակտիվության համախտանիշ։ Դիմեք մանկական նյարդաբանի՝ խնդիրը լուծելու համար։