Ինչպե՞ս հետևել տղա երեխաների սեռական օրգանների զարգացմանը. ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ․ այս և այլ հարցերի պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ Սևադա Հակոբյանը

Հարց/Պատասխան

Սեռական կյանքում առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ։

-  Երեխան հաճախ շոշափում կամ խաղում է սեռական օրգանի հետ. ի՞նչն է դրա պատճառը, ե՞րբ պետք է անհանգստանալ և ինչպե՞ս վերացնել խնդիրը։ 

- Մանկական տարիքում երեխայի մոտ առաջանում են որոշակի հետաքրքրություններ սեռական օրգանների նկատմամբ, նա փորձում է ճանաչել իր կառուցվածքային առանձնահատկությունները, երբեմն ավելորդ սևեռում է տեղի ունենում և հաճախ է ձեռքային ստիմուլյացիա իրականացնում սեռական օրգանների շրջանում /նաև դիտվում են երեխայի մոտ այլ տեսակի գրգռման էպիզոդներ/, ինչը սեքսոլոգիայում բնորոշվում է որպես վաղ մինչպուբերտատային պսևդոմաստուրբացիա: Ծնողներին խորհուրդ է տրվում շեղել երեխայի ուշադրությունը, ծանրաբեռնել մեկ այլ ակտիվությամբ /սպորտ, խաղեր/: Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում սեքսոլոգիական խորհրդատվության և որոշ հետազոտությունների իրականացման:

 

-Ինչպե՞ս հետևել տղա երեխաների սեռական օրգանների զարգացմանը. ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ:

- Նախ` առաջին զննումը իրականացվում է ծննդատանը՝ մանկաբույժի /նեոնատոլոգի/ կողմից, որի ժամանակ գնահատվում է` արդյոք ամորձիները իջել են ամորձապարկ, թե ոչ, առկա են միզասեռական համակարգի զարգացման արատներ /հիպոսպադիա, էպիսպադիա և այլն/, թե ոչ, այնուհետև պոլիկլինիկայում հետագա բոլոր պրոֆիլակտիկ այցերի ժամանակ անպայման նաև գնահատվում է սեռական օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը և համապատասխանությունը տարիքային նորմաներին, և շեղումներ արձանագրելու դեպքում իրականացվում է խորհրդատվություն համապատասխան մասնագետների հետ:

 

 - Մի քանի տարի շարունակ պաշտպանված սեքսով զբաղվելը կարող՞ է  չհղիանալու պատճառ դառնալ։

- Եթե ընտրվել և կիրառվել է անվտանգ բեղմնականխման մեթոդ, ապա դա որևէ կերպ չի խոչընդոտում հղիանալուն:

 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան