Սեռական կյանքում առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ

Հարց/Պատասխան

Սեռական կյանքում առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։

- Ի՞նչ խնդիրներ են թույլ տալիս զույգերը սեռական կյանքի հենց սկզբում։

- Շատ սեքսոլոգիական խնդիրներ կարող են կանխվել, եթե զույգերը տեղեկացված լինեն սեռական կյանքի փսիխոհիգիենայի հարցերի վերաբերյալ, օրինակ` կարծեցյալ շատ սեռական խանգարումներ անձի սեքսուալ, ֆիզիոլոգիական տատանումների մասին սխալ պատկերացումների պատճառ են: Զույգերը նախքան ամուսնությունը պետք է անցած լինեն մինչամուսնական սեքսոլոգիական խորհրդատվություն, ինչը բացառիկ կարևոր դեր ունի սեռական աններդաշնակությունների կանխարգելման տեսանկյունից: Հաճախ հանդիպող սխալներից է բեղմնականխման մեթոդի ոչ ճիշտ ընտրությունը (օր. ընդհատված սեռական ակտ), ինչը ավելորդ լարվածություն է առաջացնում զույգերի մոտ, սխալներից են միմյանց գուրգուրանքների թույլատրելիության շրջանակի, սեռական կյանքի ռիթմի մասին աղավաղված պատկերացումները:

 

- Ինչպե՞ս խուսափել այդ խնդիրներից։

- Նախ՝ անհրաժեշտ է զույգերի միջև սեռական հարցերի շուրջ անկեղծ քննարկումներ՝ սեփական սպասումների, ցանկությունների, ինչպես նաև սեռական կյանքում տեղ գտած անցանկալի երևույթների մասին: Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ ինտիմ կյանքի նկատմամբ ավելի նրբանկատ են կանայք, նրանք են առաջինը նկատում սեռական կյանքում զարգացող խնդիրները, և որ ամենազարմանալին է, սեքսապաթոլոգին դիմելու նախաձեռնության հեղինակները մեծամասամբ իրենք են։

 

- «Եթե ես անեմ սա, ամուսինս կկարծի, որ ես այսպիսին եմ». հաճախ կանայք զսպում եմ իրենց սեռական ցանկություններն ու երեւակայությունը՝ վախենալով սխալ տպավորություն գործել զուգընկերոջ վրա։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Մի քիչ խոսենք մենթալիտետի մասին։ Ի՞նչ անել։

- Իհարկե, նկատառումը ճիշտ է, հաճախ կանայք զսպում կամ ճնշում են իրենց սեռական երևակայությունները՝ վախենալով  զուգընկերոջ կողմից ոչ ճիշտ ընկալվելուց: Դա երբեմն խոչընդոտում է կնոջ սեքսուալության լիարժեք դրսևորմանը,  պատճառ է հանդիսանում սեքսուալ աններդաշնակության, իջնում է հոգեսեքսուալ բավարարվածության զգացումը, ինչը կարող է հանգեցնել սեռական ցանկության նվազման, ընդհուպ սեքսուալ ավերսիայի (կինը հրաժարվում է սեռական կյանքից):

 

- Հաճախ կանայք նշում են, որ հաճույք չեն ստանում սեռական հարաբերություններից և, որ ամենատարածվածն է, չեն հասնում օրգազմի։ Ինչու՞, ինչպե՞ս շտկել դա։ Կա՞ն հատուկ խթանող միջոցներ, որոնք կօգնեն կնոջը։

Կնոջ սեքսուալության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երբեմն սեքսուալ լիբիդոն արթնանում է որոշակի ժամանակ ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո, ուստի որոշ դեպքերում կնոջ օրգազմի հասնելու հնարավորությունը կարող է զարգանալ ավելի ուշ, երբեմն ծննդաբերությունից հետո: Ահա այստեղ է, որ նախապես ունեցած սպասումները առաջին հարաբերությունից կարող են միանգամից չիրականանալ և որոշակի լարվածություն ու հիասթափություն առաջացնել: Կանանց G կետի (G spot` գտնվում է հեշտոցի ստորին երրորդականում՝ առաջային պատին, զգայուն ընկալիչների կուտակում է) մասին գիտական պատկերացումները նույնպես հակասական են, որոշ կանանց մոտ դա արտահայտված է և ֆուկցիոնալ ակտիվ է, որոշների մոտ՝ ոչ: Նշված խնդրի համատեքստում սեքսոլոգիական տեսանկյունից առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն (անօրգազմիա) և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրը ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները և իրականացնել արդյունավետ բուժում: Հաճախ պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ (հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն) և ֆունկցիոնալ (սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների՝ սպասումների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն) գործոններ: Բուժման մեթոդները և մոտեցումները անհատական են, քանի որ յուրաքաչյուր դեպքում կարող են տեղ գտնել խիստ տարբեր պատճառական գործոններ: Անհրաժեշտ է իմանալ, որ կնոջ սեռականությունը ունի իր առանձնահատկությունը և բուժման միայն դեղորայքային միջոցները (այսպես կոչված ֆունկցիայի խթանիչները) հաճախ արդյունավետ չեն, ուստի կարևորվում են համալիր սեքսոլոգիական մեթոդները: