«Նորմա՞լ է, երբ երեխայի առաջին ատամը վերին ծնոտից է ծկթում»․ «Իմ փոքրիկ»–ին ուղղված հարցերին պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, բալիկս այժմ 2 ամսական է, 20 օրականում ամբողջ մարմինը՝ բացառությամբ դեմքը, կարմիր խոշոր ցան եղավ, բժիշկն ասաց, որ եղնջացան է. դա եղավ վիտամին Դ խմելու 3-րդ օրը, այդ օրվանից Դ-ն դադարեցինք խմել։ Նաև ասաց, որ ընդհանրապես վիտամին Դ չի խմելու երեխան, որովհետեւ Կվինկեի այտուցի վտանգ կա։ Խնդրում եմ՝ ասեք Ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ և ինչպե՞ս կարող եմ ապահովել Դ վիտամինի անհրաժեշտ քանակը բալիկիս օրգանիզմում։ Շնորակալություն։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Նախ՝ պետք է հասկանալ՝ արդյոք հենց վիտամին Դ-ից է ալերգիկ ռեակցիան, հնարավոր է՝ պրեպարատի բաղադրիչ մասերից մեկից է ալերգիա առաջանում։ Պետք է ստուգել վիտամինի կոնցենտրացիան արյան մեջ և որոշել հետագա տակտիկան։ Եթե Դ-ի մակարդակը լինի նորմայի սահմանում, ապա դադարեցնել ընդունումը և երեխայի հետ ավելի հաճախ զբոսնել արևոտ օրերին, իսկ ցածր կենցնտրացիայի դեպքում գտնել ալտերնատիվ պրեպարատ, որից երեխայի մոտ չի լինի ալերգիա։

 

Անուն՝ Սոնա

Հարց՝ Հարգելի բժիշկ, երեխաս 2տ. 4 ամսական է, սակայն գաղտունը ամբողջությամբ դեռ չի փակվել, արդեն 2 ամիս է՝ օրական 3 կաթիլ վիտամին Դ եմ տալիս, շոշափելիս փոքր-ինչ տարբերություն զգում եմ։ Արդյոք մասնագետին դիմելու կարիք կա, թե՞ դեռ սպասենք.
կանխավ շնորհակալություն

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Ստուգեք երեխայի մոտ օրգանիզմում կալցիումի, ֆոսֆորի և վիտամին Դ-ի կոնցենտրացիաները և բժշկի հետ կազմեք բուժման սխեմա։

 

Անուն՝ Սյուզի

Հարց՝ Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ 5 ամսական աղջիկս լացելիս և սոված ժամանակ դողացնելու պես շարժում է ձեռքերը։ Արդյոք դա նորմա՞լ է։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Եթե դողացող ձեռքերը բռնելիս դողը վերանում է, ապա դա տրեմոր է։ Ստուգեք օրգանիզմում կալցիումի և վիտամին Դ-ի կոնցենտրացիան և անհրաժեշտության դեպքում բժշկի հետ կազմեք բուժման սխեմա։

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Հարգելի բժիշկ, ինձ հետաքրքրում է, թե, արդյոք, նորմալ է երբ  երեխան առաջին ատամը վերևից է ծակում։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Իհարկե, դեպքերի մեծամասնությունում դուրս են գալիս ստորին առաջային կտրիչները, սակայն դա պարտադիր չէ։ Խորհուրդ կտամ դիմել մանկական ատամնաբույժի, որ որևէ խնդիր բաց չթողնեք։

 

Անուն՝ Կատյա

Հարց՝ Հարգելի բժիշկ, խնդրում եմ՝ պատասխանեք։ Փոքրիկս 7ամսական է, դեմքի այտերը, կզակը, կարմիր են, հավելյալ սնունդ է ուտում, նաև կերակրվում է կրծքով։ Ի՞նչը կարող է պատճառ լինել։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Դա կարող է լինել որևէ սննդային ալերգիայի կամ դիաթեզի հետևանքով։ Ճշտելու համար դիմեք մանկաբույժի։

 

Անուն՝ Էրիկ

Հարց՝ Բարև Ձեզ: Տղաս 6 տարեկան է, չի ուզում (վախենում է) օգտվել զուգարանից: Հասկանում է, որ զուգարան է ուզում, բայց միևնույն է՝ նստում է գետնին ու տակն անում: Միզելու հետ խնդիր չկա՝ թե ցերեկը, թե գիշերը: Խնդրում եմ մի ուղղություն տալ՝ ո՞րն է խնդիրը և ո՞ւմ դիմենք: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Երեխայի վախը հավանաբար հոգեբանական է։ Եթե գիշերանոթ նստում է, իսկ զուգարանակոնքից վախենում է, ապա հնարավոր է՝ վախենում է զուգարանակոնքի մեջ ընկնելուց։ Խորհուրդ կտամ որոշակի ժամանակ չքննարկել նրա հետ այդ թեման ընդհանրապես։ Չֆիքսվել դրա վրա, քանի որ նման կերպ Դուք ավելի կխորացնեք ամեն ինչ։ Թողեք նստի գիշերանոթին, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Այս հարցով ոչ մի ստանդարտ չկա աշխարհում։ Փորձեք գտնել խաղալիք զուգարանակոնք և նրա սիրած խաղալիքի հետ խաղի վերածել այդ պրոցեսը։ Երբեք չզայրանաք դրա համար, դա նրա մոտ հավելյալ վախ կառաջացնի։ Այդ խնդիրը մի վերածեք Ձեր տան համար օրակարգային և մի օր կտեսնեք՝ ինչպես ինքնուրույն կօգտվի զուգարանակոնքից։