Հնարավո՞ր է` վիժումից անմիջապես հետո հղիություն լինի․ «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:


Անուն՝ Անանուն
Հարց՝ Բարև Ձեզ, ամուսնացել եմ սեպտեմբերի 21֊ին,  հղի չեմ, դաշտանս կանոնավոր է․ յուրաքանչյուր ամսվա 24-ին դաշտան եմ տեսնում։ 2 օր առաջ շատ բաց վարդագույն արտադրություն ունեցա, որը տևեց մոտ 15-20 րոպե։ Այսօր նորից նույնը կրկնվեց։ Խնդրում եմ, ասեք՝ ինչի՞ց կլինի, ինձ ասացին, որ կարող է հղի եմ, սակայն թեսթը  բացասական էր։

Պատասխան՝ Երբեմն այդպիսի արյունային դրսևորումներ հնարավոր է լինեն որպես հղիության նախանշան։ Մի քիչ ուշ նորից կրկնեք թեսթը, իսկ եթե գանգատները շարունակվեն, դիմեք գինեկոլոգի։



Անուն՝ Ալվինա
Հարց՝ Հնարավո՞ր է վիժումից անմիջապես հետո հղիություն լինի։
Պատասխան՝ Եթե անմիջապես հետո ասելով՝ նկատի ունեք հաջորդ ցիկլի ընթացքում, ապա եթե եղել է ձվազատում, ուրեմն՝ հնարավոր է։



Անուն՝ Անանուն
Հարց՝ Բարև Ձեզ, ես 5 ամիս առաջ ծննդաբերել եմ, դաշտան չեմ տեսնում։ Դա նորմա՞լ է։
Պատասխան՝ Կրծքով կերակրման պարագայում, այո՛, հնարավոր է դաշտանային ցիկլի բացակայությունը։ Կարգավորումը երկար կտևի՝ մինչև 2 տարի։ Դաշտանի վերականգնման համար միջինացված ժամանակ է համարվում 1 տարին։ Իսկ եթե կրծքով չեք կերակրում, դիմեք բժշկի։

 
Անուն՝ Աննա
Հարց՝ Բարև Ձեզ, ես ունեցել եմ երկու չզարգացող հղիություն, ամուսնուս հետ միասին հետազուտվել ենք, պարզվեց, որ ամուսնուս սերմնահեղուկի որակը բավականին ցածր է։ Հնարավո՞ր է՝ դա լինի պտղի չզարգանալու պատճառը։
Պատասխան՝ Սերմի որակից կախված է նաև ստացվող էմբրիոնի որակը, այդ իսկ պատճառով կարող է լինել։ Բացի դրանից, կարող է լինել նաև համատեղ խնդիր, այսինքն՝ և՛ ամուսնու սերմի խնդիրը, և՛ ձեզ մոտ որևէ այլ խնդիր լինի։ Եթե ձեր ստուգումը եղել է լիարժեք և ոչինչ չի հայտնաբերվել, ապա սերմի բարելավման և անհրաժեշտ բուժում ստանալու պարագայում հնարավոր է կարգավորվի։


Անուն՝  Լյուբա
Հարց՝ Բարև Ձեզ, 3 ամիս առաջ ինձ մոտ լապարասկոպիկ եղանակով ձվարանի կիստա են հեռացրել։ Վիրահատությունից հետո անընդհատ ցավեր ունեմ։ Հնարավո՞ր է, որ այդ ցավերը կապված լինեն կիստայի կրկնվելու հետ, թե՞ մրսածությունն է պատճառը։
Պատասխան՝ Եթե հեռացրել են ֆոլիկուլյար կիստա, ապա կրկնվելու հավանականություն կա։ Ցավերի հետ կապված՝ հստակ չեմ կարող ասել, պետք է դիմեք վիրահատող բժշկին։



Անուն՝ Գոհար
Հարց՝ Բարև Ձեզ, երկու տարի է՝ ամուսնացած եմ։ Արդեն մեկ տարի է՝ ՆԱՊ է տեղադրված, դրա հետ մեկտեղ օգտագործել եմ Յարինա դեղորայք։ ՆԱՊ–ը հեռացնելուց որքա՞ն ժամանակ է պետք խուսափել հղիությունից։ ՆԱՊ–ը հանելուց հետո դարձյալ պե՞տք է Յարինա խմել։
Պատասխան՝ Խնդրում եմ՝ նշեք՝ ինչի համար եք օգտագործել  Յարինան․ որպես միայն հակաբեղմնավորի՞չ, թե՞ նշանակած է եղել որպես հորմոնալ դիսբալանսի դեղորայք։