«Երբ վիրահատությամբ կուսաթաղանթ են վերականգնում, հնարավո՞ր է հղիանալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին  պատասխանում  է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

Անուն: Հայկ

Հարց: Հարգելի բժիշկ, քույրս շատ է ցանկանում երեխա ունենալ: Անցել է բոլոր ստուգումները, լիովին առողջ է, բայց չի հղիանում:  Երկու անգամ էկո են արել: Առաջին անգամ տեղադրեցին 2, իսկ երկրորդ անգամ 1 ձվաբջիջ, բայց ոչինչ չստացվեց: Բժիշկն ասաց, որ լավ կլիներ նորից փորձել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ կստացվի հղիանալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: 

Պատասխան: Շատ լավ հասկանում եմ Ձեզ, բայց հավատացեք՝ ոչ մի կլինիկա և մասնագետ Ձեզ 100% երաշխիք չի կարող տալ: Ձեր կատարած վճարների մեծ մասը դեղորայքի վրա են ծախսվում: Կարող եք դիմել «Շենգավիթ» ԲԿ-ի վերարտադրողական կենտրոն, որտեղ բարձրակարգ մասնագետները կփորձեն օգնել Ձեզ:

 

Անուն: Լիլի

Հարց: Հարգելի բժիշկ, 2 ամիս է՝ ամուսնացել եմ, 2 անգամ դաշտանիս օրերը խախտվել են՝ նախքան ամուսնանալը և արդեն դրանից հետո: Ունեմ ցավեր: Անհանգստանալու կարիք կա՞: Ինչպե՞ս իմանամ ձվազատման օրերը:

Պատասխան: Ձեր նշած օրերը ավելի քան նորմալ են դաշտանային պարբերաշրջանի համար: Նորմալ է համարվում դաշտանի 21-35 օր տևող պարբերաշրջանը: Հստակ օվուլյացիայի օրը իմանալու համար ճշգրիտ է ֆոլեկուլոմետրիան: Իսկ մոտավոր՝ այն դաշտանի 13-14 օրն է:

 

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ, Ես 22 տարեկան եմ, սեռական կյանքով դեռ չեմ ապրում: Դաշտանից հետո ինձ մոտ առկա է արյուն, և կցանկանայի իմանալ՝ դա վտանգավո՞ր է և անհրաժե՞շտ է կրկնվելու դեպքում դիմել բժշկի: Ասեմ, որ դաշտանը միշտ եղել է նորմալ՝ 6-7 օր: Այս անգամ առաջին 2 օրը սակավ էր, հետո սկսեց առատ արյուն գալ: Դաշտանը չի վերջացել արդեն 15 օր: 1 տարի առաջ անցել եմ ՈւՁՀ, ամեն ինչ նորմալ էր: Ի՞նչ անեմ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Սպասել պետք չէ, դիմեք մասնագետի:

 

Անուն: Ռուզաննա

Հարց: Բարև Ձեզ: Ճի՞շտ է՝ երբ վիրահատությամբ կուսաթաղանթ են վերականգնում, դրանից հետո հնարավոր չէ հղիանալ:

Պատասխան: Այդպիսի բան չկա, սխալ է:

 

Անուն: Արփինե

Հարց: Բարև Ձեզ, ես ծննդաբերել եմ կեսարյան հատումով: Վիրահատությունից անցել է 2,5 ամիս: Արգանդի կրճատումից երկու շաբաթ հետո սկսվեց դաշտանային ցիկլս՝ 7 օր տևողությամբ: Հիմա կրկին ունեմ արյուն: Ի՞նչ է դա նշանակում: Նշեմ, որ արյունը սկսվել է դաշտանային ցիկլից 7 օր հետո: Խնդրում եմ՝ ասեք՝ կեսարյան հատումից որքա՞ն ժամանակ հետո կարելի է վերսկսել սեռական հարաբերությունները: Նախապես շնորհակալություն: 

Պատասխան: Սեռական հարաբերություն կարելի է քառասունք ասվածից հետո միայն: Եթե ԿԿ մայրիկ եք, ապա հնարավոր են դաշտանի նմանօրինակ խախտումներ:

 

Անուն: Կարինե

Հարց: Բարև Ձեզ: Անալիզ եմ հանձնել: Ինձ ասացին, որ դոմինանտ ֆոլեկուլ չկա ձվարաններում: Նշանակել են դյուֆաստոն: Դաշտանը սկսում է ամեն 18 կամ 19-րդ օրը: Ի՞նչը կարող է պատճառ լինել: 

Պատասխան: «Դոմինանտ ֆոլեկուլ չկա» նշանակում է՝ օվուլյացիա չկա, իսկ դրա պատճառները բազմաթիվ են: 18 կամ 19 օր տևող պարբերաշրջանը չի կարող նորմալ համարվել: Ձեր նշածը դաշտանի խանգարում է:

 

Անուն: Մաշա

Հարց: Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, ունեմ 6 ամսական երեխա, ծննդաբերությունից 2 ամիս հետո դաշտանս սկսվել է։ Սեռական հարաբերությունների ընթացքում պահպանակով պաշտպանվում ենք։ Հիմա 14 օր է անցել, դաշտան չկա դեռ, թեսթ արել եմ, հղի չեմ: Նշեմ, որ կրծքով եմ կերակրում երեխայիս: Հնարավո՞ր է՝ կերակրելուց լինի դաշտանի ուշացումը։ Նախապես շնորհակալություն։ 

Պատասխան: ԿԿ մայրիկի մոտ նմանօրինակ խախտումները նորմալ են:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ: Արդեն քանի ամիս է՝ նկատել եմ, որ դաշտանից 3-4 օր առաջ հիվանդանում եմ գրիպով: Երևի 9-10 ամիս կլինի: Դաշտանի հետ գրիպն էլ է անցնում: Ես 22 տարեկան եմ: Ի՞նչը կլինի դրա պատճառը: Շնորհակալություն:

Պատասխան: Հետևեք իմունիտետին, դաշտանի օրերին օրգանիզմը առավել խոցելի է:

 

Անուն: Արմինե

Հարց: Բարև Ձեզ։ Եթե կինը սեռական հարաբերություն ունենալուց հետո 2 ամիս շարունակ դաշտան է ունեցել, իսկ 3-րդ ամսում դաշտան չի լինում, հղիություն հնարավո՞ր է: Նշեմ, որ այդ ընթացքում հարաբերություն չի ունեցել:

Պատասխան: Եթե հարաբերություն չի եղել, հղիություն ևս հնարավոր չէ: