«Ի՞նչ անել, եթե երեխայի գաղթունը չի փակվել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:

Անուն: Աիդա

Հարց: Բարև Ձեզ: Երբ երկրորդ բալիկով հղիացա, իրենից առաջ վիժում էի ունեցել, պտուղը չէր աճել: Վակուումով հեռացրին, հետո 2 ամիս անց պատահական հղիացա: Հղիության ընթացքում հանձնել եմ սկրինինգ անալիզ (տարիքս այդ ժամանակ 30 էր),  ամեն ինչ նորմալ էր, բալիկս նորմալ ծնվեց, ծննդատանն էլ կրնկից անալիզ վերցրին, ամեն ինչ կարգին էր: Երկու օր առաջ պոլիկլինիկա հերթական այցի ժամանակ նյարդաբանն ասաց, որ դուր չի գալիս փոքրիկիս աչքերի, քթի ձևը, լավ կլինի՝ տանենք գենետիկ կենտրոն: Ասում է՝ աչքերն իրար մոտիկ են, քիթն էլ՝ մի քիչ տափակ: Եթե գենետիկ ինչ-որ խնդիր է, դա չէ՞ր երևա հղիության ժամանակ կամ կրնկից վերցրած անալիզիզը ցույց չէ՞ր տա: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Ձեր նյարդաբանն իրավացի է. ոչ բոլոր գենետիկ հիվանդություններն են հղիության ընթացքում պարզվում։ Իսկ կրնկի արյան քննությունն ուղղված է երկու գենետիկ նյութափոխանակային հիվանդությունների հայտնաբերմանը, որոնք երեխայի արտաքինից հնարավոր չէ ախտորոշել նորածնային շրջանում։

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 25 օրական է, ունի փորկապություն, պարբերաբար օգտագործում ենք մոմիկներ, սնվում է և  կաթնախառնուրդով,  և կրծքի կաթով: Ի՞նչը կարող է լինել պատճառը, և արդյոք վտանգավոր չէ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Երբեմն նորածնի հազվադեպ դեֆեկացիան անբավարար սնուցման պատճառ է։ Բացի այդ, կա խառը սնուցման մի քանի նրբություն, որոնք չպահպանելը կարող է հանգեցնել փորկապության: Աշխատեք, որ մեկ կերակրման ժամանակ կրծքի կաթը և արհեստական կաթնախառնուրդը չխառնվեն, այլ առնվազն 30-40 րոպե ընդմիջում լինի։ Արհեստական կաթնախառնուրդից հետո հարկավոր է ջուր տալ երեխային, քանի որ կաթնախառնուրդի մեջ ջրի քանակը ավելի քիչ է,  քան կրծքի կաթում։ Նշանակություն ունի նաև արհեստական կաթնախառնուրդի տեսակը, ինչպես նաև տանը պատրաստման ժամանակ ճիշտ չափաբաժինների պահպանումը։

 

Անուն: Սիրանույշ

Հարց: Բարև Ձեզ, մի հարց ունեմ: Փոքրիկս 2 ամսական է, վիտամին D ընդունելուց հնարավո՞ր է փորկապություն:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Երբեմն գերդոզավորումների ժամանակ կարող է լինել փորկապություն։

 

Անուն: Թեհմինե

Հարց: Բարև Ձեզ,  իմ փոքրիկը 5 ամսական է, կարմրուկով է վարակվել: Ի՞նչ կարելի է անել:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Նախևառաջ պետք է դիմել բժշկի և երեխային իզոլացնել` վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։ Չբարդացած դեպքերում բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է՝ ադեկվատ կերակրում, որպեսզի երեխան բավարար հեղուկների քանակ ստանա, և մարմնի ջերմության կառավարում։ Որոշ դեպքերում իմաստ ունի նաև վիտամինների նշանակումը։

 

Անուն: Անի

Հարց: Հարգելի բժիշկ,  երեխաս 2 ամսական է և գրիպ է: Ի՞նչ կառաջարկեք:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Եթե «գրիպ» ասելով՝ նկատի ունեք «հարբուխ», ապա քթի ադեկվատ սանացիան ասպիրատորով և ֆիզ․ լուծույթով կլուծի ձեր խնդիրը:

 

Անուն: Արև

Հարց: Բարև Ձեզ, ունեմ 1.7 տարեկան աղջիկ: Հասակը՝ 75սմ, քաշը՝ 9.5կգ: Առաջնային գաղթունը դեռ չի փակվել: Նորմա՞լ է դա: Ի՞նչ պիտի անեմ: Երեխան շատ առույգ, ժիր և չարաճճի է:
Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Եթե երեխան վիտամին D չի խմել մինչև այս, ապա պետք է անպայման խմի։ Իսկ եթե նա խմել է վիտամին D, ապա իմաստ ունի ստուգել կալցիումը և քննարկել վիտամին D-ի չափաբաժնի հարցը:

 

Անուն: Մարիամ

Հարց: Բարև Ձեզ,  իմ երեխան 6 ամսական է: Գրեթե միշտ քիթը փակ է: Բժիշը միայն մեկ դեղ է նշանակում: Լինում է, որ չի օգնում: Ի՞նչ անել: 

Պատասխան:  Բարև Ձեզ։ Վաղ հասակի երեխան իր քիթը ինքնուրույն մաքրել չի կարողանում։ Հարկավոր է ռեգուլյար կատարել քթի սանացիա ասպիրատորով և ֆիզ․ լ-թով:

 

Անուն: Մերի

Հարց:  Բարև Ձեզ,  երեխաս 3 ամսական է,  անընդհատ  փսխում է: Կասե՞ք` ի՞նչ անել:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Կրծքի հասակի երեխաների փսխումները չեն համարվում պաթոլոգիա, եթե նրանք հազվադեպ են, ոչ մեծ ծավալի, երեխան ունի քաշի նորմալ ավելացում, եթե չեն զուգորդվում փորկապության հետ։ Վերը նշված դեպքերից յուրաքանչյուրի շեղման դեպքում պետք է դիմել բժշկի: