«Ընդհատված սեռական ակտը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները   

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

Անուն: Աննա

Հարց: 21 տարեկան եմ, հղիացել եմ հունվար ամսին: Խնդրում եմ՝ հաշվեք երեխայի սեռը: Շնորհակալություն:

Պատասխան: Սեռի հաշվարկ հասկացողություն ապացուցողական բժշության մեջ չկա:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, հնարավո՞ր է՝ հղիության ժամանակ պտուղը վարակվի ջրծաղիկով, եթե մայրը մի քանի տարի առաջ տարել է ջրծաղիկ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ոչ, հնարավոր չէ:

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, արդեն 5 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ հղիանում: Ոչ մի տեսակի ցավեր, գանգատներ չունեմ, դաշտանային ցիկլի խանգարումներ չկան: Միայն հարաբերություն ունենալուն հաջորդող 1-2 օրերին արտադրություն եմ նկատում` դեղնավուն և անհոտ: Բժշկի դիմելու կարիք կա՞, թե՞ դեռ պետք է սպասել:

Պատասխան: Մինչև 1 տարի կանոնավոր սեռական հարաբերություն ունենալու պարագայում չհղիանալն անպտղություն չէ:

 

Անուն: Լենա

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ինձ կասե՞ք՝ տանը շուն պահելը  կարո՞ղ է հանգեցնել անպտղության: Նշեմ, որ շունը պատվաստված է: Կանխավ՝ շնորհակալ եմ: 

Պատասխան: Շներից և կատուներից մարդուն է փոխանցվում տոքսոպլազմա կոչվող ինֆեկցիան, որը կարող է անպտղության բերել:

 

Անուն: Լիանա

Հարց: Բարև Ձեզ, իմ դաշտանից մեկ շաբաթ է անցել, թեսթով համոզվեցի, որ հղի եմ, բայց ինձ մոտ նախկինում հայտնաբերվել էր ուրիոպլազմա, այդ պատճառով 20 շաբաթական հղիությունս ընդհատել էին: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ որ երեխայիս մոտ խնդիրներ չառաջանան: 

Պատասխան: Խնդիրներց խուսափելու համար մինչև հղիությունն է պետք հետազոտվել և բուժվել: Հղիության ժամանակ ոչինչ անել չեք կարող:

 

Անուն: Մանե

Հարց: Երբ արդեն թեսթով հաստատվել է հղիությունը, ե՞րբ կարելի է գրանցվել բժշկի մոտ:

Պատասխան: 2-3 շաբաթ հետո:

 

Անուն: Սյունե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես ամուսնացած եմ և ունեմ մեկ երեխա: Ամուսնուս հետ սեռական հարաբերությունների ընթացքում պաշտպանվում ենք (սերմնահեղուկը չի ներթափանցում հեշտոց): Հարցս հետևյալն է` դա կարո՞ղ է հետագա բեղմնավորման համար խնդիրներ առաջացնել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ընդհատված սեռական ակտը անցանկալի է և՛ կնոջ, և՛ ամուսնու համար: Խնդիրներ, իհարկե, հնարավոր են, բայց պարտադիր չեն:

 

Անուն: Դինա

Հարց: Բարև Ձեզ: 17 տարեկան եմ, հանձնել եմ հորմոնների անալիզ, և պարզվել է, որ պրոգեստերոն հորմոնը 900 է: Հնարավո՞ր է՝ հետագայում հանգեցնի անպտղության:

Պատասխան: Հիմա համապատասխան բուժում ստանալու դեպքում չի հանգեցնի անպտղության: