«Հակաբեղմնավորիչների պատճառով հնարավո՞ր է անպտղություն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները   

Հարց/Պատասխան

 Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, առաջին անգամ դաշտանիս արյան գույնը շատ մուգ է (գրեթե սև): Դաշտանից առաջ մոտավորապես 2 շաբաթ ամեն օր ձվարաններիս հատվածում ունենում էի ծակոցներ: Նշեմ, որ մեկ ամիս առաջ ունեցել եմ սեռական հարաբերություն: Ինչի՞ հետևանքով կարող է առաջանալ նման խնդիր, արդյոք սեռական հարաբերությունները կարող են պատճառ լինել:

Պատասխան: Նշում եք գանգատ, որը բազմաթիվ պատճառներ ունի: Սեռական ակտը չի առաջացնում նման խնդիր:

 

Անուն: Լիանա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ։ Ինձ մոտ դաշտանային արտադրությունը երբեմն խիտ է լինում, արտահոսքը՝ մեծ կտորներով: Դա նորմա՞լ է։ Վերջին դաշտանի ժամանակ էլ հեշտոցում ցավ զգացի, որը մինչև հաջորդ օր շարունակվեց: Ինչի՞ հետ կարող է կապված լինել։ Հնարավո՞ր է, որ մեծ կտորներով արտահոսքը կուսաթաղանթը վնասի։

Պատասխան: Դաշտանային արյան մեջ մակարդուկների առկայությունը նորմալ չէ: Դիմեք մասնագետի և հետազոտվեք:

 

Անուն: Մերի

Հարց: Բարև Ձեզ, ես 21 տարեկան եմ, նոր եմ ամուսնացել, և ամուսնուս հետ որոշել ենք 1 կամ 2 տարի երեխա չունենալ, պաշտպանվում ենք պահպանակով: Լսել եմ, որ դա կարող է հետագայում բարդություններ առաջացնել: Դա ճի՞շտ է: Որևէ վտանգ կա՞, որ հետո չեմ կարողանա հղիանալ:

Պատասխան: Հակաբեղմնավորիչ տվյալ մեթոդը խնդիր չի առաջացնի, պարզապես երկարատև պաշտպանությունը կարող է խնդիրների հանգեցնել:

 

Անուն: Մանե

Հարց: Բարև Ձեզ, ամուսնացած եմ, չունեմ երեխա, ունեմ հորմոնալ խնդիր: Կարո՞ղ եմ էպիլյացիա անել:

Պատասխան: Ոչ, ցանկացած գինեկոլոգիական խնդիր էպիլյացիայի հակացուցում է:

 

Անուն: Լին

Հարց: Չհղիանալու դեպքում ե՞րբ պետք է դիմել բժշկի:

Պատասխան: 1 տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում հղիության բացակայության պայմաններում:

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, 5-6 շաբաթական հղի եմ, բայց երեխայի սրտի զարկը չկա: Գինեկոլոգը 2 շաբաթից կրկին ստուգման է կանչել: Կարիք կա՞ անհանգստանալու և մտածելու, որ պտուղը չի զարգանում: 

Պատասխան: Պտղի սրտի բաբախը լսվում է 6 շաբաթականից սկսած: Հետևեք բժշկի ցուցումներին:

 

 

Անուն: Մելինե

Հարց: Բարև Ձեզ: Ես 20 շաբաթական հղի եմ, դեռ ոչ մի անգամ չեմ բարձրացել աթոռին: Դա պարտադիր պայմա՞ն է թե՞ ոչ: Հայաստանում չգտնվելու պատճառով՝ չեմ գրանցել բժշկի մոտ, դա ծննդաբերության ժամանակ խնդիրներ կառաջացնի՞: Շնորհակալություն:

Պատասխան: Եթե Հայաստանում լինեիք, միանշանակ խնդիր կլիներ: Պարզեք՝ տվյալ երկրում կարգը ինչպե՞ս է: