«Երեխաս մեկ տարեկան չորս ամսական է: Արդեն չորս ամիս է՝ լացելիս կապտում է, շունչը պահում է: Ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:

Անուն: Տաթև


Հարց: Բարև Ձեզ, երեխաս մեկ տարեկան, չորս ամսական է: Արդեն չորս ամիս է՝ լացելիս կապտում է, շունչը պահում է, ձայնը դուրս չի գալիս: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ:

Պատասխան: Բարև ձեզ։ Ձեր նկարագրածը նման է «աֆեկտիվ-ռեսպիրատոր» նոպայի, որը հիմնականում սկսվում է 6 ամսականից և ավարտվում մինչև 6 տարեկան հասակը։ Վերջինիս սրացումը դիտվում է 1,5-2,5 տարեկանում և վերանում է ինքնուրույն։ Հիմնականում բուժում չի պահանջում։ Երբեմն վիճակը սրվում է օրգանիզմում կալցիումի անբավարարությունից: Վերջինս քանակի կորեկցիան կարող է նվազեցնել, սակայն չվերացնել նոպաները:

 

Անուն: Գայանե

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 5,5 ամսական է, մոտ 10 օր է՝ աղիները գործում են միայն մոմիկի օգնությամբ: Երեխայիս կերակրում եմ կկ-ով և բանջարեղենային ապուրներով, որոնք պատրաստված են ձիթայուղով: Կարելի՞ է այդ տարիքում «Նարինե» տալ փոքրիկին:  

Պատասխան:  Բարև ձեզ։ Դուք շուտ եք սկսել հավելյալ սնուցումը և հավանաբար նաև սննդի քանակի ավելացումը, որը և բերել է նման վիճակի։ Խորհուրդ կտամ Ձեզ վերադառնալ կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի և սկսել հավելյալ սնունդը միայն փորկապության վերանալուց հետո՝ ոչ շուտ, քան երկու շաբաթից:

 


Անուն: Մերի

Հարց: Բարև Ձեզ, երեխայիս կերակրում եմ միայն կրծքով: Արդեն 2 ամիս է, սակայն, ուսանող եմ, ստացվում է այնպես, որ չեմ հասցնում բավական քանակով կաթ կթել և գնալ: Սկեսուրս առաջարկում է թեյ տալ երեխային մինչև իմ գալը, բայց, իմ կարծիքով, շաքարը լավ չէ երեխայի համար: Արհեստական կաթնախառնուրդներից խուսափում եմ: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Բարև Ձեզ։ Կրծքի կաթին ամենամոտ փոխարինողը արհեստական կաթնախառնուրդն է և ոչ մի այլ բան։ Երեխային թեյ տալով՝ Դուք ոչ միայն չեք կշտացնի և սնուցի նրան, այլ նաև թեյով կխոչընդոտեք երկաթի ներծծումը աղիներում։ Անբավարար սնուցունը կբերի քաշի դեֆիցիտի։ Օրգանիզմը չի ստանա բավարար ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ և միկրոէլեմենտներ, որը կհանգեցնի բոլոր օրգան-համակարգերի զարգացման հապաղմանը: 


Անուն: Կատրին

Հարց: Բարև Ձեզ, բալիկս 3 ամսական է, այսօր կղանքը կանաչ գույն ուներ, ասում են՝ ականջներից է, բայց ականջները չեն ցավում: Ինչի՞ց կլինի: 

Պատասխան:  Բարև Ձեզ։ Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումները որևէ կապ չունեն ականջի հետ։ Դա ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք է:

 


Անուն: Դավիթ

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 9 ամսական է, բայց ամբողջ գիշեր չի քնում: Գազիկների պատճառով արթնանում, գոռում է: Շատ բժիշկների մոտ եմ տարել, ոչ ոք չի հասկանում, միշտ շատ գազիկներ ունի, չի անցնում, ասացին՝ կմեծանա, կանցնի, բայց արդեն 9 ամսական է, և չի անցնում: Ի՞նչ անեմ, որ անցնի:

Պատասխան:  Բարև Ձեզ։ Ձեր նկարագրած վիճակը կարող է լինել ինչպես բազմապատճառային, այնպես էլ կապված լինի կոնկրետ մեկ խնդրի հետ, սակայն շփման այս ֆորմատով, ցավոք, ես Ձեզ օգնել չեմ կարող:

 


Անուն: Մարիա

Հարց: Բալիկս 7 ամսական է, այսօր ընկել է սայլակից, գլուխը հարվածել է  գետնին: Պե՞տք է անհանգստանալ, թե՞ ոչ: Նշեմ, որ ինքն իրեն շատ լավ է զգում, առաջվա պես ակտիվ է: 

Պատասխան:  Նման դեպքերում միշտ իմաստ ունի դիմել հիվանդանոց՝ որևէ թաքնված խնդիր հերքելու համար: