«Հղիության ընթացքում կարելի՞ է կերակրել երեխային». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:

 

Անուն: Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ, բժիշկ ջան, բալիկս 11 օրական է, անընդհատ փռշտում է, խնդրում եմ՝ ասեք՝ դա նորմա՞լ է:

Պատասխան: Բարև Ձեզ։ Երեխայի փռշտոցը հավանաբար կապված է քթում հավաքված արտադրությունով։ Ձեռք բերեք քթի արտածծիչ տանձիկ և քթի հիգիենայի հեղուկ (աղային լուծույթ), կատարեք ռեգուլյար քթի լվացումներ և փռշտոցը կանցնի:

 

Անուն: Հերմինե

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ բալիկ՝  1.7 տարեկան: Հիմա սպասում եմ երկրորդ բալիկիս՝ 6 ամսական հղի եմ, բալիկիս դեռ կրծքով կերակրում եմ՝ օրվա ընթացքում մոտ 2-3 անգամ: Շատերից լսում եմ, որ այդ կաթը կարող է վնասակար լինել  բալիկիս համար,  ասում են՝ այն թունավոր է, որ ստամոքսի հետ կապված խնդիրներ կառաջանանան երեխայի մոտ, որ ապագա փոքրիկի ոսկորները թույլ կլինեն և այլ: Ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ է այս ամենը:

Պատասխան: Բարև Ձեզ։ Ոչ, նման բան չկա։ Հղիության ընթացքում իսկապես խորհուրդ չի տրվում կրծքով կերակրել, սակայն լրիվ այլ պատճառով։ Կրծքով կերակրումը կարող է վնասել հղիությունը, քանի որ կրծքով կերակրման ժամանակ արտադրվող հորմոնները կարող են պատճառ դառնալ վիժման կամ վաղաժամ ծննդաբերության։ Այդ պատճառով է խորհուրդ տրվում պլանավորվող հղիությունից առաջ դադարեցնել նախորդ երեխայի կրծքով կերակրումը:

 

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ, ես 18 շաբաթական հղի եմ, վերջին  ՈՒՁՀ հետազոտության ժամանակ բժիշկը ասաց, որ երեխայի գլխում կիստայանման գոյացություն կա (8մլ.), բայց նշեց նաև, որ վտանգավոր ոչինչ չկա: Ի՞նչ է դա և ինչի՞ց է առաջանում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ, բժիշկն իրավացի է, գլխում կիստայանման գոյացություն տվյալ ժամկետում հանդիպում է, որը չի համարվում պաթոլոգիա։ Այս երևույթը հիմնականում անհետանում է ավելի ուշ ժամկետներում:

 

Անուն: Աննա

Հարց: Խնդրում եմ՝ ասեք՝ երեխայի պատվաստումները պարտադի՞ր են:

Պատասխան: Բարև Ձեզ։ Երեխաների պատվաստումները կատարվում են ծնողների գրավոր համաձայնությամբ։ Յուրաքանչյուրը կարող է իր երեխայի պատվաստումներից հրաժարվել, սակայն պետք է հասկանա, որ դրանով նա զրկում է իր երեխային մահացու հիվանդություններից պաշտպանված լինելու հնարավորությունից:

 

Անուն: Տաթև

Հարց: Բարև Ձեզ, իմ տղան մինչև 7 ամսականը չի հիվանդացել ընդհանրապես, բայց 7-ից հետո սկսեց շուտ-շուտ հիվանդանալ: Հիվանդացել է բրոնխիտով, առեսվի վիրուսով, կռուպով:  4 անգամ հիվանդանոց է պառկել: Տղայիս մոտ մինչև հիմա խորխը չի աnցնում: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ խորխի դեմ, որ աnցնի և այլևս չհիվանդանա: Նշեմ, որ տղաս հիմա 9 ամսական է, կշռում է 12 կգ, հասակը 76 սմ է:

Պատասխան: Բարև Ձեզ։ Նման դեպքերում, իհարկե, հարկավոր է տեսնել երեխային։ Ինչ վերաբերում է խորխին, ապա պետք է համոզվել՝ դա խո՞րխ է, թե՞ առատ թքարտադրություն, քանի որ ատամների ծկթման ժամանակ առատ թքարտադրություն է լինում:

 

Անուն: Անուշ

Հարց: 4 ամսական երեխային կեր և ջուր որքա՞ն տալ:

Պատասխան: Բարև Ձեզ։ Մարդու օրգանիզմի ջրի պահանջը հաստատուն չէ և կախված է մի շարք արտաքին և ներքին գործոններից։ Ամեն կերակրումից հետո, երբ վստահ եք, որ նա կշտացավ, տվեք այնքան ջուր որքան կուզի:

 

Անուն: Կարինա

Հարց: Հարգելի՛ բժիշկ, տղայիս մարմնի վրա՝ հատկապես թիկունքում, մազեր են աճել: Նա 5 տարեկան է: Մենք բնակվում ենք Մոսկվայում, այստեղի մանկաբույժները զննեցին եւ ասացին, որ բնական երեւույթ է: Եթե Դուք գտնում եք, որ դա բնական երեւույթ չէ, խորհուրդ տվեք մի մասնագետի, բժշկական հաստատություն Երեւանում կամ մի ուրիշ երկրում, որ մեզ օգնեն:

Պատասխան: Բարև Ձեզ։ Առանց տեսնելու, չեմ կարող հասկանալ՝ դա ուշադրության արժանի՞ է, թե՞ ոչ։ Դիմեք մանկական մաշկաբանի և մանկական էնդոկրինոլոգի: