«Հնարավո՞ր է՝ ակտիվ սեռական կյանքով ապրելուց հետո ինչ-որ խնդիրներ առաջանան». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

 

Անուն: Մանան

Հարց: Բարև Ձեզ, հնարավո՞ր է հղիանալ  անալ սեքսից հետո, եթե առնանդամը շատ խորը չի ներհրվել, այսինքն՝ եղել է մի քանի կաթիլ սերմնահեղուկ, որը անցքի մեջ չի ներթափանցել, իսկ դրանից անմիջապես հետո կատարվել է լվացում եռման ջրով:

Պատասխան: Հազվադեպ հնարավոր է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հնարավոր է սերմնահեղուկի մեխանիկական ներհոսք դեպի հեշտոց:

 

Անուն: Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, ես և ընկերս նախօրոք չենք պլանավորել սեռական կյանք վարել նախքան ամուսնանալը, սակայն մի քանի անգամ եղել է նման իրավիճակ, որի ժամանակ խնդիրների ենք հանդիպել: Ես չգիտեմ՝ նա նախկինում մեկ այլ աղջկա հետ նման փորձ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ աղջիկների մոտ լինում է վագինիզմ կոչվող երևույթ՝ վախ սեքսից: Գիտակցական մակարդակում ինձ մոտ վախ չկա, բայց միգուցե ես ունեմ այդ խնդիրը: Հասկանում եմ, որ հստակ իմանալու համար պիտի դիմեմ մասնագետի, սակայն հիմա չեմ կարող բժշկի հետ խոսել այս խնդրի մասին: Դրա համար խնդրում եմ՝ ասեք, թե որոնք են այդ հիվանդության ախտանշանները, ինչի՞ց կարող եմ հասկանալ, որ ինձ մոտ կա այդ խնդիրը:

Պատասխան: Իհարկե, պետք չէ կենտրոնանալ այդ մտքի վրա: Իրականում անհրաժեշտություն չկա Ձեզ ներկայացնելու, թե սեռական այս կամ այն խնդիրը ինչպիսի կլինիկական դրսևորում է ունենում: Այդ ամենի մասին կարող եք և պետք է տեղեկանաք հենց այդպիսի դեպքերի համար նախատեսված նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվության ժամանակ:

 

Անուն: Համլետ

Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում. խնդրում եմ՝ ասեք՝ հնարավո՞ր է՝ ակտիվ սեռական կյանքով ապրելուց հետո ինչ-որ խնդիրներ առաջանան: Ինձ մոտ նկատվում է սեռական անբավարարվածություն: Շատ շուտ եմ հասնում օրգազմի, ժամանակ առ ժամանակ էլ արտադրություն է լինում:

Պատասխան: Ձեր նկարագրած գանգատները տարբեր սեռական խանգարումների մասին են վկայում, ակտիվ սեռական կյանքը չի կարող հանգեցնել դրանց: Սեռական հաճույքի անբավարարվածությունը և վաղաժամ սերմնաժայթքումը սեքսոլոգիական խնդիրներ են, որոնք պետք է ուսումնասիրվեն, որից հետո համապատասխան բուժում իրականացվի, իսկ միզուկից արտադրությունը կարող է խոսել բորբոքային խնդիրների մասին, որի առիթով պետք է անցնեք համապատասխան հետազոտություն:

 

Անուն: Սևանի

Հարց: Բարև Ձեզ, արդեն 1,5 ամիս է՝ ամուսնացած եմ, սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չեմ զգում: Հիմա հղի եմ: Խնդրում եմ՝ ասեք պատճառները: Բուժում կա՞, արդյոք, դրա համար: Եթե կա, հնարավո՞ր է հղիության ժամանակ իրականացվել:

Պատասխան: Օրգազմի բացակայությունը կնոջ մոտ համարվում է հաճախ հանդիպող սեքսուալ խնդիրներից: Քանի որ առկա է հղիություն, ապա, իմ կարծիքով, ճիշտ կլինի սեքսոլոգիական բուժումը իրականացնել ծննդաբերությունից հետո:

 

Անուն: Մելինե

Հարց: Բարև Ձեզ: Հարաբերության ժամանակ և՛ ես, և՛ ամուսինս ունենում ենք ցավեր, բայց ամուսնուս մոտ ավելի շատ է ցավը: Ի՞նչը կարող է պատճառ լինել:

Պատասխան: Սեռական հարաբերությունները չպետք է ուղեկցվեն ցավային ախտանիշներով, դրանք պետք է ամուսիններին պատճառեն հոգեսեռական բավարարվածություն: Ցավային ախտանիշների պատճառ կարող են լինել հեշտոցամուտքի մկանների կծկումները,  լարվածությունը, հեշտոցի ոչ բավարար խոնավացումը, մեխանիկական խոչընդոտները և այլ գործոնները: Անհրաժեշտ է պարզել պաթոլոգիկ հիմնական գործոնները և իրականացնել արդյունավետ բուժում:

 

Անուն: Արմեն

Հարց: Բարև Ձեզ, ես 27 տարեկան եմ, վերջին շրջանում զգացել եմ, որ ինձ մոտ զգալի քչացել է սերմնահեղուկի քանակությունը և ժամանակ առ ժամանակ ցավեր եմ զգում ձախ ամորձիիս հատվածում: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ: 

Պատասխան: Սերմնահեղուկի ծավալի քչացումը իրոք ազդակ է, որը տղամարդուն պետք է հուշի՝ անհրաժեշտ է անցնել  համապատասխան հետազոտություններ: Առաջին հերթին պետք է կատարել սպերմոգրամմա, փոշտի օրգանների սոնոգրաֆիա, նաև պետք է պարզել՝ կա՞ ռետրոգրադ էյակուլյացիայի երևույթ, թե ոչ, անհրաժեշտ են նաև այլ հետազոտություններ / հորմոնալ, արյան բիոքիմիական և այլն /: Այս ամենը իրականացնելուց հետո կարող ենք պարզել հիմնական պաթոլոգիկ գործոնները: Բուժումը կկատարվի արդեն համապատասխան մասնագետների կամ մասնագետի ընդգրկմամբ: