«Ունեմ մեկ բալիկ, բոլորն ասում են, որ երկրորդի ժամանակն է, իսկ ես վախենում եմ հղիանալ. ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Ասյա

Հարց: Բարև Ձեզ, 5 տարվա համատեղ կյանքից հետո որոշել եմ ամուսնալուծվել: Ի սկզբանե ես և ամուսինս լավ չենք հասկացել միմյանց, հիմա՝ առավելևս: Ունենք 3.5 տարեկան աղջիկ, որը շատ կապված է հայրիկի հետ: Չգիտեմ՝ ինչպես նրան կբացատրեմ դա: Նաև չեմ համարձակվում ամուսնուս ասեմ որոշմանս մասին: Նա շատ տաքարյուն է և, վստահ եմ, նորմալ մարդկանց նման չենք ամուսնալուծվի: Նա չի հրաժարվի երեխայից և կցանկանա, որ աղջիկս իր հետ մնա: 

Պատասխան: Ամուսնալուծությունը՝ անկախ իրավիճակից, հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացնում ընտանիքի բոլոր անդամների համար: Առաջին հերթին դա մեծ փոփոխություն է, որն իր հետ բերում է անորոշություն ու տագնապ: Երեխայի նախկին կյանքը խաթարվում  է: Այդ իրավիճակում կոնֆլիկտներն ու կտրուկ քայլերը  երեխայի մոտ առաջացնում են տագնապ և անհանգստություն, իսկ ծնողների խաղաղ և կայուն, դրական փոխհարաբերությունները երեխային օգնում են պահպանել հոգեկան խաղաղությունը: Երեխային պետք է բացատրել իրողությունը այնպես, ինչպես կա՝ հնարավորին պարզ: Կարևոր է, թե ինչպիսի հոգեվիճակում կլինեք երեխայի հետ զրուցելիս: Պետք է օգնեք երեխային՝ չկորցնելու իր ապահովության զգացումը: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել հոգեբանի և երեխայի համար ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև իմանալ՝ ինչպես կարող եք պահպանել Ձեր հոգեկան խաղաղությունը: Երեխային պետք է ասել, որ ծնողնեը դադարում են ապրել միասին, նույն տանիքի տակ, սակայն շարունակում են իրեն սիրել: Ասեք, որ իր կյանքում կլինեն որոշակի փոփոխություններ, սակայն ինքը չի կորցնի իր հարազատներին ու նրանց սերը, նրանց հետ շփումը կշարունակվի: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այդպես էլ լինի:

 

Անուն: Սոնա

Հարց: Երեխայիս մոտ գիշերամիզություն է, դիմել եմ ուռոլոգի, ով ոչ մի խնդիր չի հայտնաբերել ու խորհուրդ է տվել դիմել հոգեբանի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ: Ասում են՝ տարիքի հետ կանցնի, բայց արդեն մեծ է: 

Պատասխան: Եթե բժիշկը որևէ խնդիր չի տեսել, ապա ճիշտ է, պետք է դիմել հոգեբանի՝ պարզելու հոգեբանական հնարավոր խնդիրը: Ես ևս խորհուրդ եմ տալիս դիմել հոգեբանի: Տարիքի հետ այդ երևույթը իսկապես անցնում է, սակայն հոգեբանական խնդիրները չեն վերանում:

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ մասնագետ: Արդեն 5 տարի է՝ ամուսնացած եմ, բալիկ չունենք, ամուսինս առողջական խնդիրներ ունի: Ես իրեն անսահման սիրել եմ, ասում եմ սիրել, որովհետև հիմա չգիտեմ՝ ինչ եմ զգում, անչափ հիասթափված եմ: Նախկինում, ինչպես շատերի մոտ, մեզ մոտ էլ բոլոր խնդիրները լուծվում էին անկողնում, բայց արդեն տևական ժամանակ է՝ ես լուռ ու մունջ բավարարվում եմ ամսվա մեջ երկու-երեք անգամով: Նշեմ, որ ամուսինս մեծ է ինձանից 12 տարով: Մեզ մոտ շատ լավ հարաբերություններ են միշտ եղել, կարելի է ասել, որ նախանձելի զույգ էինք: Ես միշտ խոսել եմ իր հետ այս խնդրի մասին, պարզապես ինքը միշտ կատակի է վերածել կամ շրջանցել է թեման: Հիմա անչափ հիասթափված եմ: Անգամ տհաճ է իր մարմինը, մտածում եմ հեռանալու մասին: Խնդրում եմ՝ օգնեք՝ մի լուծում գտնեմ: 

Պատասխան: Զույգի հարաբերություններում կենտրոնական և կարևոր դեր է խաղում նրանց սեքսուալ կյանքը և դրա որակը: Եթե այդ հարաբերություններում ինչ-որ բան է փոխվում որակի և քանակի առումով, սկսում է բացասական դինամիկա գրանցվել: Այնպես որ, պետք չէ դա անտեսել: Նման դեպքերում ցանկալի է առաջին հերթին զրուցել զուգընկերոջ հետ և փորձել միասին պարզել խնդրի պատճառները: Եթե զրուցելու և պատճառները պարզելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում,  պետք է դիմել մասնագետի: Այլ լուծումներ և պատրաստի պատասխաններ չկան: Սրանք բավական խորն ու բազմաշերտ հարաբերություններ են, որտեղ միանշանակ լուծումներ չկան: Երեխայի հանգամանքը կարող է ինչպես ավելացնել հարաբերություններում ջերմությունն ու սերը, այնպես էլ կարող է խոչընդոտել: Երկու խնդիրների պարագայում էլ ճիշտ է դիմել մասնագետի:

 

Անուն: Անի


Հարց: Բարև  Ձեզ,  հարգելի՛ հոգեբան: Խնդրում  եմ՝  օգնեք  ինձ  մի հարցում:  Տղաս 5.5 տարեկան է: Երկար  ժամանակ  է՝ սպասում էր, թե երբ  է  հաճախելու  կարատեի  պարապմունքների: Հիմա, երբ վերջապես  պարապմունքները սկսվել  են, 2  անգամ գնալուց հետո հրաժարվում  է  շարունակել՝ պատճառաբանելով  որ  վազելիս  հոգնում  է,  կողքը  ցավում է: Փորձում  եմ  համոզել, որ  սկսած  գործը  կիսատ   չեն  թողնում, որ  առաջին  իսկ  դժվարությունից  հետո  չեն  նահանջում, միևնույն է, ասում  է՝ չեմ գնալու: Չգիտեմ  ինչպես   վարվել:  Հիմա  էլ  ուզում  է պարի  գնալ,  բայց գիտեմ, որ  դա  ևս  2-3 օր  է  տևելու: Խնդիրն այն է, որ նա առանց այդ էլ ամաչկոտ երեխա է: Եթե  իրեն  շրջապատը ծանոթ է  կամ  իր  հասակակիցներն  են, շփվում  է, բայց  երբ  անծանոթ  կամ  մեծահասակների  շրջապատում է,  ամաչում է ու  չի  շփվում:  

Պատասխան: Հարցը դիտարկենք երկու տեսանկյունից` մեկը՝ պարապմունքին ստիպելով տանել-չտանել, մյուսը՝ հուզական ոլորտի խնդիրներ, ամաչկոտություն: Պարապմունքների խնդիրը կարելի է լուծել այս կերպ. հստակ պահանջ դրեք, որ պիտի պարտադիր հաճախի մեկ սպորտային, մեկ ստեղծագործական խմբակ: Կարելի է երեխային առաջարկել, որ ինքն ընտրի, թե որ խմբակն է հաճախելու՝ պահելով սկզբունքը՝ մեկ սպորտային, մեկ ստեղծագործական: Սա ոչ թե պարտադրանք է, այլ պատասխանատվության սերմանում, առողջ ապրելակերպի ուսուցում և այլն: 

Ամաչկոտության առումով պետք է վերանայեք  դաստիարակության Ձեր մոտեցումները: Գուցե շատ դիտողություններ եք անում երեխային, շատ բան եք պահանջում, կամ ինքներդ եք ամաչկոտ:  Դժվար է կռահել, բայց առաջարկում եմ անկաշկանդ շփվել երեխայի հետ, թույլ տվեք նրան չվախենալ սխալվելուց: Այսպիսով՝ ամաչկոտությունը աստիճանաբար կվերանա:

 

Անուն: Մարգարիտ


Հարց: Ես վախենում եմ  հղիանալ: Տղաս արդեն 3 տարեկան է, իսկ 1.5 տարի առաջ ծանր պայմաններում ստիպված եմ եղել հղիություն ընդհատել,  որի ժամանակ սրտի կանգ եմ ունեցել:  Բոլորն ասում են, որ արդեն երկրորդ երեխայի ժամանակն է, բայց ես վախենում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք այս իրավիճակում: 

Պատասխան: Ամենայն հավանականությամբ դա սթրեսի արդյունք է: Նման դեպքերում պետք է դիմել մասնագետի: Մարդիկ հոգեբանական խնդիրներին շատ անլուրջ են մոտենում՝ ի տարբերություն ֆիզիկական առողջության խնդիրների: Այսպիսի դեպքերը ոչ պակաս կարևոր ու լուրջ են և կարիք ունեն մասնագիտական միջամտության: Այս պահին վախերը ստիպողաբար հաղթահարելով հղիանալը կարող է վտանգել ոչ միայն Ձեր առողջությունը, այլև բալիկի: Նախ՝ պետք է խաղաղ և կայուն հոգեվիճակում լինել, ապա նոր պլանավորել երեխայի ծնունդը: