Ծննդաբերություն ըստ բնակության վայրի. մարզերի կանայք այլևս չեն կարող անվճար ծննդաբերել Երևանում

Ծննդաբերություն

Առողջապահության նախարարի հատուկ հրամանով մարտի մեկից Հայաստանի տարբեր մարզերի հղիները անվճար ծննդաբերելու իրավունք կունենան միայն մարզի տարածքի իրենց նախընտրած ծննդատներում, իսկ Երևանում ծննդաբերելու համար ստիպված կլինեն վճարել: Նորամուծության նպատակը մեկն է` մարզի հղիներին պետության կողմից հատկացվող գումարները մարզում պետք է մնան և նպաստեն մարզերի ծննդատների զարգացմանը: 

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասում է, որ հղիները մարզերում վերահսկվում են իրենց մանկաբարձ-

Առողջապահության նախարարի հատուկ հրամանով մարտի մեկից Հայաստանի տարբեր մարզերի հղիները անվճար ծննդաբերելու իրավունք կունենան միայն մարզի տարածքի իրենց նախընտրած ծննդատներում, իսկ Երևանում ծննդաբերելու համար ստիպված կլինեն վճարել: Նորամուծության նպատակը մեկն է` մարզի հղիներին պետության կողմից հատկացվող գումարները մարզում պետք է մնան և նպաստեն մարզերի ծննդատների զարգացմանը: 

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասում է, որ հղիները մարզերում վերահսկվում են իրենց մանկաբարձ- գինեկոլոգի կողմից, և օրինաչափ կլինի, եթե ծննդաբերության լուծումը իրականացվի տվյալ մասնագետի ներկայությամբ:

«Ժամանակին մենք թույլ էինք տվել, որ ով որտեղ ցանկանա՝ այնտեղ էլ ծննդաբերի: Բայց ստացվում է, որ մարդիկ ցանկություն են ունենում մայրաքաղաքում կամ այլ մարզում ծննդաբերել, որով խախտվում է մասնագիտական կապը: Մարզերում գրանցված հղիների շուրջ մեկ երրորդը մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդաբերում։ Դա նշանակում է, որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները ևս այդ հղիների հետ Երևան են ուղղվում»,- ասում է նախարար Դումանյանը:
Երևանամերձ քաղաքների ծննդատների տնօրենները փաստում են, որ ծնունդների քանակը կիսով չափ կրճատվեց, երբ հինգ տարի առաջ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունքի հավաստագրերը տրվեցին հղիներին:

«Մեզ ասում էին` մեղքը ձեր մեջ փնտրեք, բայց մենք ի՞նչ անենք: Շատ լավ մասնագետներ ունենք, բժշկական վերջին սարքավորումներով հագեցած ենք, հիվանդասենյակները տաքացվում են, տեղադրել ենք կաթսաներ ու ապահովել մշտական ջուրը,- ասում է Էջմիածնի ծննդատան տնօրեն, 38 տարվա մանկաբարձ- գինեկոլոգ Աշոտ Սամսոնյանը: - Մեզնից հավաստագրերը ստանում են ու գնում Երևան, գումարը նստում է նրանց ծննդատների վրա, այնտեղի եղածը ավելի են լավացնում: Իսկ մենք քայքայման եզրին ենք, այսօր մեր ծննդատունը 14 մլն դրամ (34.500 դոլար) պարտքերի մեջ է`աշխատավարձի, կենսաթոշակի, էլեկտրաէներգիայի պարտք... դեկտեմբերին ունեցել ենք 36 ծնունդ»:
Մինչև 2008-ին հավաստագրերի շրջանառությունը Էջմիածնի ծննդատանը տարեկան գրանցվել է 1120-1150 ծնունդ, ինչը նշանակում է` մեկ ամսում միջինը 100 ծնունդ: Սա բավարարում էր, որ ծննդատունը գոնե հոգար իր ծախսերը: Սակայն հավաստագրերից հետո թիվը կտրուկ նվազեց: 2011-ին այստեղ ծնվել է 720 երեխա, 2012-ին`572: 2011 թվականին էջմիածնի կանանց կոնսուլտացիայում գրանցված 1600 հղիներից 1000-ը ծննդաբերել են Երևանում:

Էջմիածնում ապրող Թամար Մուրադյանը, ով պատրաստվում է չորս ամսից մայրանալու, փաստի առջև է կանգնել:

«Ուզում եմ ավելի լավ ու հարմարավետ պայմաններում ծննդաբերել, ինչը ապահովում են Երևանի ծննդատները, որտեղ պայմանները շատ ավելի լավն են: Մենք էլ ենք ուզում մեզ ավելի լավ զգալ: Նոր եմ իմանում, որ նման հրաման կա, ու ես փաստորեն չեմ կարող այնտեղ ծննդաբերել` զուտ վճարից ելնելով: 107 հազարը (264 դոլար) քիչ գումար չէ»,- ասում է Թամար Մուրադյանը:

Էջմիածնում ապրող 25-ամյա Լուսինե Հովհաննիսյանը մոտ օրերս լույս աշխարհ է բերելու երկրորդ երեխային: Առաջնեկը ծնվել է 2011-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ասում է, որ երկրորդին որոշել է Էջմիածնում ունենալ:
«Չեմ հերքի, որ այնտեղ պայմանները շատ լավ են, բայց որոշել եմ այստեղ ծննդաբերել. նախ` մոտ է, բժիշկները լավն են, միայն գիտեմ, որ միջանցքներում է ցուրտ, քանի որ ընդհանուր ջեռուցում չկա»,- ասում է Լուսինեն:

էջմիածնի ծննդատունը կառուցվել է 1967 թվականին, երբևէ չի հիմնանորոգվել, ընդամենը մասնակի կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել: Փոխարենը` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել ու ժամանակակից սարքավորումներով է հագեցվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնը, որի մեջ է մտնում նաև ծննդատունը:

«Մենք ու Արմավիրը համաչափ ծնունդներ էինք ունենում, բայց նայեք` նրանք վերանորոգված են, նրանց մոտ հոսքը պահպանվում է, այնտեղ դեկտեմբերին ունեցել են 103, իսկ մենք` 36 ծնունդ: Իհարկե, Արմավիրը Երևանից ավելի հեռու է` 40 կմ, քան Էջմիածինը` 20 կմ»,- ասում է Աշոտ Սամսոնյանը:
«Արտաշատի հիվանդանոց» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանը կարոտով է հիշում այն տարիները, երբ տարեկան 2500 ծնունդ էին ընդունում: 2012 թվականին Արտաշատի կանանց կոնսուլտացիայում գրանցված է եղել 1165 հղի, նրանցից 555-ը ծննդաբերել են Երևանում: 
«Անգամ մոմի լույսի տակ այդքան ծնունդ էինք ունենում: Այսօր մարդիկ գնում են Երևան, մեզ մոտից Էրեբունու ծննդատուն են հասնում 15-20 րոպեում: Մեր պայմանները վատ չեն`ջեռուցում կա, ամեն օր ջուր կա, բուժանձնակազմը հմուտ է, գույքն է հին` 1987 թվականի: Բայց, դե, այս պայմաններում մենք չենք կարողանում ոչինչ անել: Այս հրամանը, կարծում եմ, մեզ համար փրկություն կլինի»,- ասում է Նավասարդյանը:

Նախարար Դումանյանի հրամանով այսուհետ մարզի ու Երևանի հղիների համար պետությունը նույն գումարն է վճարելու:

«Երևանում ծննդաբերելու համար պետությունը հղի կնոջ համար տվյալ բուժհիմնարկին վճարում էր 135 հազար (333 դոլար), իսկ մարզի պարագայում` 97 հազար (239 դոլար): Այսուհետ բուժհիմնարկների միջև, աշխարհագրական դիրքով պայմանավորված, տարբերություն չի դրվելու, անվճար ծննդօգնության հավաստագիրը նույն արժեքն է ունենալու»,- ասում է Դումանյանը:

Սամսոնյանն ասում է, որ տարբեր մարզերից ամեն ամիս Երևան ծննդաբերելու է գնում գրեթե 300 հղի, և նրանց համար պետությունը փաստացի վճարել է 135 հազար դրամ (333 դոլար): 

«Առնվազն 300 ծնունդ` մեկ ամսում: 135-ից հանում ենք 97, մնում է 38 հազար: Այսինքն` 38 հազար դրամ (94 դոլար) մեկ ծննդին պետությունն ավելի է վարձատրում: 38 անգամ 300` ստացվում է 12 մլն դրամ (29.630 դոլար), տարվա կտրվածքով դա հսկայական թիվ է: Պետությունը տուժում էր, դե, հիմա մտածում են նաև, որ գոնե պետությունը չտուժի»,- ասում է Սամսոնյանը: 

Նրանք, ովքեր կցանկանան Երևանում ծննդաբերել, այսուհետ կվճարեն իրենց գրպանից: Իհարկե, կլինեն նաև հատուկ դեպքեր, որոնք էլ հաշվի կառնվեն Երևանում անվճար ծննդաբերելու համար: 

Հղիների հոսքը հիմնականում Երևանի երեք հիվանդանոցներն են`«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, «Մարգարյանի անվան մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն», «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ԲԲԸ բաժնետիրական ընկերություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատերն է առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը:

 

Գայանե Մկրտչյան

http://armenianow.com

Գովազդ