Էպիդուրալ անզգայացում. ինչպե՞ս է դա կատարվում, ո՞ր դեպքերում և ի՞նչ հակացուցումներ կան

Ծննդաբերություն

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» ծառայության ղեկավար, բ.գ.թ., անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աշոտ Վլադիմիրի Ամրոյանը:

 

Ի՞նչ է էպիդուրալ անզգայացումը

Էպիդուրալ անզգայացումը` տեղային ռեգիոնար անզգայացման տարատեսակ է: Էպիդուրալ անզգայացման տեղակայումը ողնաշարի շրջանն է. կատարվում է սրսկում, ներարկվում է տեղային անզգայացնող նյութ, և ստանում ենք ցավազրկում: 

Էպիդուրալ նշանակում է ողնուղեղային տարածք (անգլիախոս երկրներում անվանում են էպիդուրալ` էպի-նախա, դուրալ-ողնուղեղ, այսինքն` նախաողնուղեղային տարածք/ֆրանսիախոս երկրներում անվանում են պերիդուրալ): 

Էպիդուրալի դեպքում ցավազրկվում է մարդու օրգանիզմի ստորին հատվածը: Հիմնականում  էպիդուրալ կամ պերիդուրալ անզգայացման նպատակն է ցավազրկել հետվիրահատական դաշտը: Նպաստում է աղիքների ստիմուլյացիային, օգտագործվում է նաև բուժիչ նպատակով` որովայնահատում ունեցած հիվանդների մոտ:

 

Ե՞րբ է կիրառվում

 

Էպիդուրալ անզգայացումը կիրառվում է մանկաբարձության մեջ` բնական ծննդաբերությունների ցավազրկումների կամ կեսարյան հատման ժամանակ: Էպիդուրալ անզգայացում կարելի է կատարել օկոլոգիական հիվանդների մոտ երկարատև ցավերի դեպքում, երբ ուզում են խնայել հիվանդին և թմրանյութերով  ցավազրկում չանել: Էպիդուրալ անզգայացումը լայն կիրառում ունի անբուժելի հիվանդների մոտ, օրթոպեդիայում, տրավմատոլոգիայում:

 

Ինչպե՞ս է կատարվում

 

Տեխնիկապես կատարվում է ողնաշարի շրջանում: Նախապես կատարվում է մաշկի և ենթամաշկի տեղային ցավազրկում, որպեսզի  հիվանդը չզգա հիմնական սրսկման ցավը կամ ազդեցությունը: 

Գոտկային հատվածում կատարվում է սրսկում, ներարկվում է տեղային անզգայացնող նյութ: Նախ հարկավոր է ստուգել` ինչպես է հիվանդը տանում տեղային անզգայացման նյութի ներմուծումը օրգանիզմ` ալերգիկ ռեակցիաներից կամ այլ բարդություններից խուսափելու նպատակով: Ողնաշարի շրջանում տեղադրվում է էպիդուրալ կատետր, հիվանդն ընդունում է ֆիզիոլոգիական դիրք և կարիքի դեպքում (օրինակ` ծննդաբերության ցավազրկման դեպքում), հնարավոր է, կատետրի միջոցով լրացուցիչ ցավազրկում ապահովել` խուսափելով ավելորդ ծակոցներից: 

 

Որո՞նք են ցուցումները

 

Եթե հիվանդն ուզում է ցավազրկվել, դա արդեն ցուցում է՝ կատարել էպիդուրալ անզգայացում:

 

Բժշկական ցուցումներն են`

 

· ծննդաբերության ժամանակ ի հայտ եկած ծննդաբերական գործունեության դիսկորդինացիան: Այսինքն` կծկանքները կանոնավոր տեղի չեն ունենում: Այս դեպքում հաճախ կատարվում է կեսարյան հատում, քանի որ արգանդը կծկվում է անկանոն, որի հետևանքով պտղի մոտ կարող է առաջանալ թթվածնային քաղց:

 

· միստոցիայի ժամանակ արգանդի պարանոցի լիարժեք չբացվելը, որի պատճառով  երեխան չի կարող դուրս գալ: Այս դեպքում էպիդուրալ անզգայացումը կիրառվում է` արգանդի պարանոցի ջղաձգությունը հանելու նպատակով:

 

· գերցավոտ ծննդաբերական գործունեությունը. ցավը ցուցում է՝ կատարել էպիդուրալ անզգայացում ծննդաբերության ժամանակ:

 

Հակացուցումներն են`

 

· ալերգիա անզգայացնող նյութերից,

 

· տվյալ պահին բարձր ջերմություն,

 

· ողնուղեղի կամ գլխուղեղի նորագոյացություններ,

 

· մաշկային փոփոխություններ, որտեղ պետք է կատարվի անզգայացում,

 

· հիվանդի անհամաձայնություն

 

Ի՞նչ հետևանքներ կամ խնդիրներ կարող են առաջանալ

 

Հետևանքներ չեն լինում, եթե կատարվում է հմուտ անեսթեզիոլոգի կողմից: Իսկ ոչ ճիշտ կատարելու դեպքում կարող է լինել մինչև ամենավատը:

 

Կարո՞ղ է ազդել պտղի վրա

 

Էպիդուրալ անզգայացման առավելությունն այն է, որ բացարձակ ազդեցություն չի ունենում թե՛ պտղի, թե՛ հղի կնոջ վրա: 

Ցավազրման մյուս մեթոդները, որոշ առումով, կարող են ազդեցություն ունենալ, քանի որ ներարկվում են կամ ներերակային, կամ մկանային ճանապարհով և արյան միջոցով տարածվում են ու ազդում հղի կնոջ վրա: Եվ քանի որ մոր և պտղի արյան շրջանառությունը դեռ ընդհանուր է, որոշ մասնիկներ կարող են հասնել պտղին և ընկճել: 

Էպիդուրալ անզգայացումն անվտանգ է, քանի որ կիրառվում են ատամների ցավազրման համար օգտագործվող տեղային անզգայացնող նյութեր (լիդոկային, քսիլոկային, մարկային, բուպիվակային):  

 

Հնարավո՞ր է վերջին պահին դիմել էպիդուրալ անզգայացմանը, եթե նախապես չէին պայմանավորվել

 

 

Իհարկե, հնարավոր է: Հիվանդանոց գնալուց հետո, երբ մանկաբարձ-գինեկոլոգը գնահատում է մանկաբարձական իրադրությունը, եթե լինում են սաստիկ ցավեր, և կինը պահանջում է ցավազրկում, ապա պարտավոր են ցավազրկել: 

 

Շարունակելի

Գովազդ