Արգանդի պարանոցի քաղցկեղն արդեն Հայաստանում հնարավոր է կանխարգելել կամ բուժել

Հետ ծննդյան շրջան

Արգանդի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է: Ըստ վիճակագրության` այն առավել հաճախ հայտնաբերվում է 35-55 տարեկան կանանց շրջանում: Զարգացող երկրներում 60-80%-ի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման 3-4-րդ փուլերում, երբ արդեն ցածր է բուժման արդյունավետությունը: Իրավիճակը գրեթե նույնն է մեր երկրում: Ինչպես միշտ, հիվանդը բժշկին է դիմում, երբ արդեն «դանակը հասնում է ոսկորին». այս մասին գրում է Ankakh.com-ը:

Ինչպես տեղեկանում ենք ուռուցքաբանության ազգային կենտրոնից, արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի 57%-ը գրանցվել է հիվանդության

Արգանդի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է: Ըստ վիճակագրության` այն առավել հաճախ հայտնաբերվում է 35-55 տարեկան կանանց շրջանում: Զարգացող երկրներում 60-80%-ի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման 3-4-րդ փուլերում, երբ արդեն ցածր է բուժման արդյունավետությունը: Իրավիճակը գրեթե նույնն է մեր երկրում: Ինչպես միշտ, հիվանդը բժշկին է դիմում, երբ արդեն «դանակը հասնում է ոսկորին». այս մասին գրում է Ankakh.com-ը:

Ինչպես տեղեկանում ենք ուռուցքաբանության ազգային կենտրոնից, արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի 57%-ը գրանցվել է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով` 2012 թ. 25 տարեկանից բարձր տարիքի կանանց շրջանում գրանցվել է հիվանդության 260 նոր դեպք, արձանագրվել` մահացության 154 դեպք:

Ինչպես զրույցում նշեց ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Մարիաննա Կոշկակարյանը, ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենացածր հաճախականությունը Ֆինլանդիայում է` 1 դեպք` 100 000 կին բնակչի հաշվով: Այս նվազագույն ցուցանիշը հաջողվել է ապահովել կազմակերպված սկրինինգ իրականացնելու շնորհիվ: Ֆինլանդիայի կանխարգելման փորձն աշխարհում ամենարդյունավետներից է: Այդ փորձը ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել տարիքային այդ խմբի կանանց առնվազն 50%-ի ընդգրկվածություն:

Մասնագետների վկայությամբ` քաղցկեղի այս տեսակը զարգանում է շատ դանդաղ` 5-10 տարվա ընթացքում: Դրան անպատճառ նախորդում են նախաքաղցկեղային վիճակները, որոնք սկրինինգների միջոցով հնարավոր է հայտնաբերել և ժամանակին բուժելով` կանխել։ Փաստորեն, արգանդի պարանոցի քաղցկեղը միակ տեսակն է, որ լիովին կանխարգելելի է։ Ահա թե ինչու է առողջապահության նախարարությունը կարևորում այս ծրագիրը` նախատեսելով սկրինինգ հետազոտություններում ընդգրկել հանրապետության 30-60 տարեկան կանանց 50%-ին:

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է մեծածավալ սկրինինգ ծրագրեր իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ)՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի (ԱՊՔ) վաղ հայտնաբերման ուղղությամբ, որի մասին արդեն մի քանի ամիս խոսվում է:

Վերջերս տրվեց այդ սկրինինգ ծրագրերի մեկնարկը: Հայաստանում մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռի մոտ 8%-ը բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնցից են նաև չարորակ նորագոյացությունները՝ 19,8%:

Ի դեպ, տարիներ առաջ ՀՀ կառավարությունը ՈՎՀ-ի կանխարգելման ծրագիր է մշակել և հաստատել, տարբեր տեսակի սկրինինգներ երկրում իրականացվել են, բայց ոչ մեծածավալ: Դրանք ամբողջությամբ իրականացնելու համար, ինչպես փաստում են գերատեսչության աշխատակիցները, ֆինանսական հոսքեր էին անհրաժեշտ: Այժմ Համաշխարհային բանկը պատրաստ է եռամյա կտրվածքով Հայաստանում մեծածավալ սկրինինգ ծրագրեր իրականացնել: Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու վերահսկումն առողջության առաջնային պահպանման օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված բուժհաստատություններում:

Ծրագրի շրջանակներում հետազոտությունները ֆինանսավորվելու են Համաշխարհային բանկի կողմից և բնակչության համար լինելու են անվճար:

Ո՞վքեր են ռիսկային խմբերում

Արգանդի վզիկի քաղցկեղի (ԱՊՔ) առումով խոցելի են սեռական կյանքով ապրող բոլոր կանայք, հատկապես` 30-60 տարիքային խումբը: Վերջիններս կլինիկական նշանների բացակայության պայմաններում գործնականում կարող են իրենց առողջ զգալ: Ակնհայտ է, որ առողջապահական համապատասխան ծառայությունների միջոցով լայնածավալ սկրինինգային հետազոտությունների իրականացումը ԱՊՔ-ն կարող է կանխարգելել կամ ախտորոշել զարգացման վաղ փուլում` կազմակերպելով արդյունավետ բուժում: «Այս սկրինինգներն աննախադեպ են Հայաստանում, որովհետև թե՛ մասնակցության և թե՛ հիվանդությունների առումով շատ մեծ ծավալ պետք է ընդգրկեն»,- ասում են առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչները:

Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սկրինինգ ծրագրերի իրականացումն արդեն մեկնարկել է:

Ի՞նչ կարելի է ակնկալել ծրագրի արդյունքներից

ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի ղեկավարի` Նելսոն Զուլոյանի տեղեկացմամբ` վերջին տասնամյակի ընթացքում աշխարհի մի շարք զարգացող երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպվող սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է 80%-ով նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունը: «Հիվանդության դանդաղ զարգացումը մեզ սկրինինգային հետազոտությունները ճիշտ կազմակերպելու, հիվանդությունը քաղցկեղի զարգացումից շատ ավելի վաղ հայտնաբերելու և այն լիովին կանխելու ու բուժելու հնարավորություն է տալիս»,- ասում է առողջապահական ԾԻԳ-ի ղեկավարը:

Նախատեսվում են նաև զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգային հետազոտություններ։ Ակնկալվում է ծրագրի իրականացման երրորդ տարվա վերջին ապահովել բնակչության բարձր ընդգրկվածություն սկրինիգային հետազոտություններում: Ծրագրի նպատակն է ապահովել 30-60 տարեկան կանանց ՊԱՊ հետազոտության 50%-ի (այսպես կոչված «ՊԱՊ» քսուք հետազոտությունը հնարավորություն է տալիս արգանդի վզիկի լորձաթաղանթում առկա վտանգավոր փոփոխությունը հայտնաբերելու մինչև դրա քաղցկեղի վերածվելը), իսկ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգների շրջանակներում` Հայաստանի ազգաբնակչության 35-68 տարիքային խմբի առնվազն 60%-ի ընդգրկվածություն:

Ծրագրի կազմակերպիչները մտահոգությամբ փաստում են, որ 2012 թ. զանգվածային հետազոտության տվյալներով` Հայաստանում ՊԱՊ թեստ անցած կանանց թիվը 10.2% է, որը զգալիորեն զիջում է միջազգային ցուցանիշներին: Հարկ է նաև նշել, որ սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են: Կառույցի աշխատակիցները հորդորում են կանանց ենթարկվել պարտադիր հետազոտության` հիշեցնելով, որ դիմողները հիվանդության առաջացման ռիսկայնությունը գուցեև չնկատեն, քանի որ հատուկ կլինիկական նախանշաններ չկան:

Ուշագրավ է, որ բժիշկների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսված է խրախուսական վարձատրություն սահմանված շեմի նվազագույն սահմանի չափով հավաքագրում ապահովելու դեպքում։ ԱՊՔ-ի համար այն կազմում է 50%, իսկ շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման համար` 60%:

ՀՀ ԱՆ Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանի խոսքով` իրենց հիմնական նպատակը բնակչության ՈՎՀ-ների վաղ հայտնաբերման և ընդհանուր իրավիճակի բարելավումն է: Այդ երեք հիվանդությունների վաղ հայտնաբերման պարագայում հնարավոր է կանխարգելել հիվանդության հետագա զարգացումը: Այն հարցին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի գնահատելու համար ծրագրի արդյունավետությունը կամ այդ հիվանդությունների նվազեցման ցուցանիշները, պրն Ծատուրյանը պատասխանում է. «Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ շոշափելի արդյունքների հասնելու համար, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների առումով, 10-15 տարի է պետք, քանի որ կարճ ժամանակահատվածում ծրագիրը չի կարող անդրադառնալ վերջնական վիճակագրության վրա»:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ու ծրագրի պատասխանատուներն ակնկալում են ծրագրի միջոցով կրճատել արգանդի պարանոցի քաղցկեղի և ՈՎՀ հիվանդացության ու մահվան ցուցանիշները: Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգը նախատեսվում է իրականացնել ամբուլատորիաներում և բուժհաստատություններում ընտանեկան բժիշկների մասնակցությամբ: Գյուղական համայնքներում բնակիչների համար հետազոտությունները կիրականացվեն կենտրոնացված տարբերակով՝ յուրաքանչյուր մարզում մի քանի լաբորատորիաներում: Ծրագրի շրջանակներում մշակվել և թողարկվել են նաև ճանաչողական գրքույկներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Լ.Ն

Ankakh.com

Գովազդ