Մայրության նպաստ. ովքե՞ր կարող են ստանալ, ինչպե՞ս դիմել, ի՞նչ փաստատթղթեր ներկայացնել

Հետ ծննդյան շրջան

2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերը ևս ստանում են մայրության նպաստ: Այս թեմայով «Իմ փոքրիկ»-ի հարցերին  պատասխանում է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը: 

 -Ովքե՞ր ունեն մայրության նպաստի իրավունք: 

-Մայրության նպաստի իրավունք ունեն այն չաշխատող հղիները, որոնց հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը (հղիության 210-րդ օրը) հունվարի 1-ն է կամ դրանից հետո: 

-Քանի՞ օրվա համար է  նպաստ վճարվում և որքա՞ն է նպաստի չափը: 

-«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ: Դրանցով սահմանվեց, որ մայրության նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված չաշխատող կինը` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության  (70 օր) և ծննդաբերության  (70 օր) արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար:

Նպաստը կազմում է 126.600 ՀՀ դրամ` հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի կեսը: 

-Որտե՞ղ պետք է դիմել նպաստ ստանալու համար և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել: 

-Ապագա մայրիկը (կամ լիազորված անձը)  նպաստ ստանալու համար պետք է դիմի իր հասցեն սպասարկող Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին:

Նպաստ ստանալու համար հղին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը ` 

·         անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (կամ նույնականացման քարտ),

·         բուժհաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության մասին թերթիկ

·      ծննդօգնության պետական հավաստագիր

Ապագա մայրիկի կողմից լիազորված անձի դիմելու դեպքում, հղիի վերոնշյալ փաստաթղթերից բացի, հարկավոր է ներկայացնել նաև իր անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

 -Ի՞նչ ժամանակահատվածում պետք է դիմել մայրության նպաստի համար

-Դիմել կարող են երեխայի ծնվելուց 70 օր առաջ և երեխայի ծնվելուց մինչև 70 օր հետո: Նպաստի համար պետք է դիմել 140 օրվա ընթացքում:

 -Ի՞նչ ժամանակահատվածում է կատարվում դիմումը մերժելու կամ նպաստ նշանակելու որոշումը:

 -Դիմումը Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ներկայացնելուց հետո նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կատարվում է   1 ամսվա ընթացքում:

 -Ո՞ր դեպքում է հնարավոր մերժել մայրության նպաստի նշանակումը:

 -Տարածքային կենտրոնը մայրության նպաստի տրամադրումը կարող է մերժելեթե`

 ·         շահառուն չունի մայրության նպաստի իրավունք (օրինակ` շահառուն աշխատող է),

·           դիմումին կից չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը,

·            դիմումը ներկայացվել է հղիության 210-րդ օրը չլրացած կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամկետը լրանալուց հետո (այսինքն` 140 օր հետո),

 ·           շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

 Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել Սոցիալական թեժ գիծ  (114), որն անվճար է Երևանի  քաղաքային և բոլոր բջջային հեռախոսակապերից: Տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Ծառայության  կայքէջ (ssss.am):

Գովազդ