Ֆիզարձակուրդ. ո՞ւմ և որքա՞ն ժամանակով է տրվում, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր

Հետ ծննդյան շրջան

Հարցերին պատասխանում են Legal Advice իրավաբանական, փաստաբանական ծառայության մասնագետները:

Ֆիզարձակուրդ գնալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդը համարվում է նպատակային արձակուրդի տեսակ և տրամադրվում է աշխատող կանանց (չաշխատող կանանց տրամադրվում է մայրության նպաստ)։

Նպաստի հաշվարկման և նշանակման համար աշխատողն անաշխատունակության թերթիկը ներկայացնում է գործատուին: Վերջինս նպաստը վճարում է միջին ամսական աշխատավարձի հիման վրա, որի մեջ ներառվում են աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները  (օրինակ` պարգևատրումները, հավելավճարները):

Ի դեպ, պետք է նաև իմանալ, որ եթե կինը աշխատում է համատեղությամբ (այսինքն՝ մեկից ավելի վայրում), ապա նշված նպաստը վերջինիս ենթակա է վճարման ոչ միայն հիմնական աշխատավայրի, այլ նաև մնացած գործատուների կողմից:

Տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2016թ հունվար ամսից Հայաստանի Հանրապետությունում չաշխատող մայրերը ևս կարող են ստանալ մայրության նպաստ։

Մայրության նպաստի իրավունք ունեն այն կանայք, ում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքը ծագել է 2016թ հունվարի 1-ից հետո։

Չաշխատող կանանց մայրության նպաստի վճարումը նույնպես կատարվում է 140 օրվա համար: Նպաստի չափը կազմում է 126000 ՀՀ դրամ (հաշվարկվում է հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի չափը 2016թդրությամբ):

Նպաստը ստանալու համար ապագա մայրը (կամ վերջինիս լիազորված անձը) իր հաշվառման վայրի Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն պետք է ներկայացնի՝

•  դիմում,

• անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ,

• բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,

• ծննդօգնության պետական հավաստագիր,

հայտարարություն այն մասին, որ դիմողը չի հանդիսանում վարձու աշխատող:

Ու՞մ է տրամադրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդը տրմադրվում է աշխատող կանանց, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին, փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին։

Որքա՞ն ժամանակով է տրամադրվում:

Հղիության և ծննդաբերության արձակուրդն  աշխատող կանանց տրամադրվում է՝ 

• 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),

• 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,

• 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում։

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից `

• մինչև նորածնի 70 օրական դառնալը,

• երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը։

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից՝

• մինչև նորածնի 70 օրական դառնալը,

• երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

Ու՞մ է տրամադրվում չվճարվող արձակուրդ: 

Ի թիվս այլ դեպքերի, աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Ընդ որում, այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը։

Գովազդ