Ե՞րբ և ինչպե՞ս փոքրիկին տալ կաթնախառնուրդ, ապա նաև հավելյալ սնունդ

Հետ ծննդյան շրջան

Մինչև 6 ամսական երեխաներին մանկաբույժները խորհուրդ են տալիս կերակրել բացառապես կրծքի կաթով։

Մայրական կաթը լավագույն սնունդն է երեխայի համար։  Այն պարունակում է փոքրիկի բնականոն աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ունի նաև իմունապաշտպանիչ նշանակություն։

Բայց կան դեպքեր, երբ, որոշակի հանգամանքներից ելնելով, մայրիկը երեխային կերակրում է նաև արհեստական կաթնախառնուրդով։  Այս մասին զրուցել ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան նեոնատոլոգ Անահիտ Գրիգորյանի հետ։

  • Ո՞ր դեպքում է երեխային նշանակվում կաթնախառնուրդ:

Իհարկե, միշտ էլ նախընտրելի է երեխային կերակրել մայրական կաթով, քանի որ այն ամենաօգտակար ու ամենալավ պատրաստի սնունդն է երեխայի համար, բայց  կան որոշակի հակացուցումներ՝ կախված մոր կամ փոքրիկի առողջական վիճակից։

Կաթնախառնուրդ երեխային նշանակվում է, երբ մայրը հիվանդ է որևէ վարակիչ հիվանդությամբ, և կերակրման ընթացքում այն կարող է փոխանցվել փոքրիկին (օրինակ՝ հեպատիտ C)։ Կերակրումը հակացուցված է նաև հոգեկան խնդիրների դեպքում, քանի որ կրծքով կերակրելը կարող է մոր մոտ գերլարվածություն առաջացնել։

Կաթնախառնուրդ կարող է երեխային նշանակվել, երբ մայրական կաթը բավարար չի լինում նրա աճի համար։  Մեզ մոտ ընդունված է ազատ կերակրում, այսինքն՝ երեխան երբ ցանկանա, պետք է սնվի։ Առաջին երկու օրերին մայրական օրգանիզմում արտադրվում է կաթնախեժը, իսկ հետո արդեն սկսվում է կաթնարտադրությունը։ Բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում երեխայի համար մայրական օրգանիզմը բավարար կաթ արտադրում է արդեն երկրորդ օրվա վերջում կամ երրորդ օրվա սկզբում։ Բայց եթե կատարվել է կեսարյան հատում, ապա կաթնարտադրությունը սկսվում է չորրորդ օրը։ Այս պարագայում արդեն փոքրիկին կերակրում ենք կաթնախառնուրդով։

Արհեստական սնունդ երեխային հնարավոր է նշանակվի, եթե նա ունի զարգացման արատներ (օրինակ՝ ինչպես տարածված է ժողովրդական լեզվում, նապաստակի շրթունք կամ գայլի երախ) ու ծծել չի կարողանում։

-Ինչպե՞ս է կատարվում կաթնախառնուրդի ընտրությունը։

Երեխային կաթնախառնուրդ նշանակում է մանկաբույժը, իսկ մենք ընտրությունը կատարում ենք՝ հիմնվելով մեր փորձի վրա։ Իհարկե, այսօր բազմաթիվ բարձրորակ կաթնախառնուրդներ կան, բայց երեխայի օրգանիզմը կարող է դրանք չընդունել։ Կաթնախառնուրդը կարող է շատ լավը լինել, բայց փոքրիկի օրգանիզմին համապատասխան չլինել, այդ դեպքում փոխում ենք այն, որպեսզի երեխայի մոտ կողմնակի ռեակցիաներ չառաջանան։

-Ինչպիսի ՞ ռեակցիաների մասին է խոսքը, ինչպե ՞ս մայրիկը հասկանա, որ կաթնախառնուրդը ճիշտ ընտրված չէ։

Եթե փոքրիկի օրգանիզմը չի ընդունում կաթնախառնուրդ, ապա նրա մոտ սկսում է անհանգիստ վիճակ։ Երեխայի փորիկը փքվում է, առաջանում են գազեր, փոփոխվում է արտաթորանքի գույնը, կարող է բարձրանալ ջերմությունը և այլն։

-Իսկ ի՞նչ չափաբաժնով ենք կերակրում փոքրիկին։

Եթե երեխային կաթնախառնուրդ է նշանակվում, ապա առաջին անգամ սկսում ենք 30 գրամից, ապա աստիճանաբար ավելացնում ենք քանակը։ Եթե միայն  արհեստական սնուցում է նշանակված, փոքրիկին օրական կերակրում ենք 6 անգամ` 3.5-4 ժամը մեկ:

Առաջին օրը երեխային տալիս ենք երեսուն գրամ կաթնախառնուրդ, եթե ոչ մի խնդիր չի առաջանում, երկրորդ օրը արդեն մեկանգամյա ուտելու չափաբաժինը ավելացնում ենք ևս տասը գրամով։ Ամբողջ օրվա ընթացքում երեխային տալիս ենք մոտավորապես 180 գրամ կանախառնուրդ։

թե երեխային կերակրում ենք կաթնախառնուրդով, պե՞տք է նրան ջուր տալ։

 Եթե փոքրիկը կաթնախառնուրդին զուգահեռ ուտում է նաև կրծքի կաթ, նրան ջուր տալու կարիք չկա։ Մայրական կաթը լրացնում է պահանջվող ջրի բացը։ Բայց երեխային միայն կաթնախառնուրդով կերակրելու դեպքում ջուրը պարտադիր է, քանի որ կաթնախառնուրդը պնդացնում է արտաթորանքը։ Եթե կրծքի կաթը ութսուն տոկոսով ջրից ու օգտակար նյութերից է բաղկացած, ապա կաթնախառնուրդի մեջ դրանք խտացված վիճակում են, և այդ իսկ պատճառով արտաթորանքը դառնում է պինդ։

-Իսկ ի՞նչ քանակությամբ ջուր պետք է տալ փոքրիկին։

Օրվա ընթացքում երեխային տալիս ենք մոտ 100 մլ ջուր։ Ջուրը պետք է տալ կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում՝ 20-ից մինչև 30մլ։

-Փոքրիկին կաթնախառնուրդով կերակրելուն զուգահեռ ե՞րբ կարելի է սկսել նրան նաև հավելյալ սնունդ տալ։

Հավելյալ սնունդը շատ անհրաժեշտ է երեխայի բնականոն աճի ու զարգացման համար։ Երեխան, մեծանալով, միայն մայրական կաթով չի բավարարվում:

Բժիշկների մի մասը կարծում է, որ վեց ամսականից նոր կարելի է երեխային կաթնախառնուրդից բացի, տալ նաև հավելյալ սնունդ, բայց մի մասն էլ՝ այդ թվում նաև ես, կողմնակից եմ կաթնախառնուրդին զուգահեռ հավելյալ սնունդ տալ փոքրիկին՝ սկսած չորս ամսականից։

-Ինչպե՞ս ու ի՞նչ քանակությամբ հավելյալ սնունդ տալ երեխային։

Հավելյալ սնունդ երեխային սկասում ենք տալ շատ քիչ քանակից։ Սկզբում փոքրիկին տալիս ենք հյութեր՝ օրինակ խնձորի հյութ։ Առաջին անգամ կարող եք տալ մոտ երեքից հինգ կաթիլ՝ ստուգելու համար երեխայի ալերգիկ ռեակցիան, բացի այդ, մեծ քանակը կարող է փսխումների, փորի փքվածության, ջերմության բարձրացման պատճառ դառնալ։ Երեխային հավելյալ սնունդ ընդունելուն պետք է աստիճանաբար սովորեցնել։

Հյութերին հաջորդում են բանջարեղենային խյուսերը՝ օգտագործում ենք գազար, կարտոֆիլ, կաղամբ։  Փոքր քանակությամբ խաշում ենք, պատրաստում խյուս և առաջին օրը մեկ թեյի գդալ՝ մեկ անգամից տալիս երեխային։ Հաջորդ օրը ավելացնում ենք քանակը (մեկ շաբաթվա ընթացքում մինչև երեսուն գրամ)։

Դրան հաջորդող շաբաթվանից  արդեն կարելի է խնձորը տալ մոտ հինգ կաթիլից մինչև մեկ գդալ,  հետո արդեն  գազար, բրոկոլի կամ դդում ավելացնել այդ  հյութին։ Կարագ կամ ձեթ օգտագործելու կարիք չկա։ Մինչև չորս տարեկան երեխաների դեպքում չպետք է սննդի հետ խառնել նաև աղ ու շաքարավազ, քանի որ այս հասակի երեխաների ենթաստամոքսային գեղձը շատ զգայուն է։ 

Իսկ արդեն չորսուկես ամսականից երեխայի սննդակարգում կարելի է ավելացնել նաև շիլաներ։ Սկսում ենք հնդկաձավարից։ Իսկ ջուրը տալիս ենք դարձյալ կերակրումների արանքում ընկած ժամանակահատվածներում՝ արդեն ըստ երեխայի պահանջի։

 

Հարցազրույցը՝ Արփինե Մուրադյանի

Գովազդ