5 պատճառ, որ խանգարում է նիհարել ծննդաբերությունից հետո

Հետ ծննդյան շրջան

Ծննդաբերությունից հետո ավելորդ քաշը շատ կանանց համար է խնդիր։

Սակայն ավելորդ կիլոգրամներից երկու օրում ազատվել հնարավոր չէ,  քանի որ այդ կիլոգրամները կուտակվել են հղիության 9 ամիսների  ընթացքում։ Սովորաբար ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում է, որ օրգանիզմը վերադառնում է իր նախնական վիճակին։ Փոքրիկին կրծքով կերակրելը նպաստում է ավելորդ քաշի արագ կորստին, քանի որ մայրական օրգանիզմը էներգիա է ծախսում  կաթնարտադրության համար։  Բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ մայրը փոքրիկին կերակրում է կրծքով, բայց ավելորդ կիլոգրամներից անգամ երկու և ավելի տարիների ընթացքում ազատվել չի ստացվում։

Մենք առանձնացրել ենք հինգ պատճառ, որոնք թույլ չեն տալիս նիհարել ծննդաբերությունից հետո։

  1. Հորմոնալ խախտումներ

Գաղտնիք չէ, որ հղիությունից ու ծննդաբերությունից հետո օրգանիզմի բոլոր օրգանների ֆունկցիաները փոփոխվում են։  Հորմոնալ համակարգը ևս ենթարկվում է փոփոխությունների։ Սովորաբար ծննդաբերությունից հետո՝ մի քանի շաբաթվա ընթացքում, հորմոնների բնականոն աշխատանքը վերականգնվում է։ Բայց հնարավոր է նաև հակառակ գործընթացը, ինչի հետևանքով էլ ավելանում է մարմնի քաշը, դադարում է կաթնարտադրությունը, տրամադրության անկում է լինում, առաջանում են գլխացավեր,  մազաթափություն կամ հակառակը՝ մարմնի  տարբեր հատվածներում սկսվում է մազերի աճ։

Ի՞նչ անել։

Ծննդաբերությունից հետո նմանատիպ ախտանիշների հանդիպելիս խորհուրդ է տրվում անմիջապես դիմել համապատասխան մասնագետի  ու ինքնաբուժությամբ չզբաղվել։

 

  1. Ոչ լիարժեք քուն

Իհարկե, բոլոր մայրիկներն էլ փոքրիկի ծնունդից հետո ունենում են քնի հետ կապված խնդիրներ, քանի որ երեխաները սովորաբար 2-3 տարեկանում նոր սկսում են գիշերները հանգիստ քնել։ Բայց պետք է հիշել, որ օրգանիզմը քնի ընթացքում էներգիա է ստանում ու վերականգնվում է։ Իսկ լիարժեք քնի բացակայության դեպքում օրգանիզմն անհրաժեշտ էներգիան ստանում է արդեն սննդի միջոցով, ինչն էլ, բնականաբար, վատ է անդրադառնում կազմվածքի վրա։

Ի՞նչ անել։

Եթե երեխան փոքր է, ապա օրվա մեջ քնեք այնքան, որքան նա, իսկ արդեն ավելի մեծ հասակում մշակեք նրա համար օրվա որոշակի ռեժիմ, ինչը նաև Ձեզ հանգստանալու հնարավորություն կտա։

 

  1. Ֆիզիկական ակտիվության պակաս

Հղիության վերջին եռամսյակում և հետծննդաբերական առաջին ամսվա ընթացքում մայրիկի ֆիզիկական ակտիվությունը բավականին նվազում է, ինչի հետևանքով էլ օրգանիզմը չի հասցնում այրել ավելորդ ճարպերը, որոնք էլ կուտակվում են ազդրերում, որովայնի ու գոտկատեղի շրջանում։

 

Ի՞նչ անել։

Առաջին իսկ հնարավորության դեպքում այցելեք մարզասրահ կամ տանը զբաղվեք մարմնամարզությամբ։

 

  1. Շփման ու նոր տպավորությունների բացակայությունը

Երեխայի ծնունդից հետո մայրիկները լիովին նվիրվում են փոքրիկին՝ իրենց երկրորդ պլան մղելով։ Կանայք իրենց հեռու են պահում  զբոսանքներից, տարբեր միջոցառումներից ու հանդիպումներից, ինչն էլ նվազեցնում է հաճելի տպավորություններն ու էմոցիաները։ Այդ բացը օրգանիզմը փորձում է լրացնել սննդի՝ հատկապես քաղցրի միջոցով, քանի որ հենց քաղցր սնունդն է, որ նպաստում է օրգանիզմում սերոտոնինի՝ երջանկության հորմոնի արտադրմանը։

Ի՞նչ անել։

Փորձեք հնարավորինս հետաքրքիր ու հաճելի առօրյա ունենալ, ինչն էլ կնվազեցնի քաղցր սննդի պահանջը։

 

  1. Սխալ սննդակարգ

Թերևս ամենագլխավոր պատճառներից մեկը, որ թույլ չի տալիս նիհարել,  սխալ սնվելն է։ Մայրիկները, 9 ամիս երկու հոգու փոխարեն սնվելու իրենց սովորության համաձայն, մեծ չափաբաժնի սնունդ են օգտագործում՝ անգամ ոչ միայն կերակրելու, այլև դրան հաջորդող ամիսների ընթացքում։

Ի՞նչ անել։

 Լավագույն տարբերակը օրվա մեջ հաճախակի, բայց փոքր չափաբաժիններով սնվելն է։ Պետք է նվազեցնել ածխաջրեր պարունակող սննդի օգտագործումը և հրաժարվել ուշ ժամերին ուտելու սովորությունից։

 

Աղբյուրը՝ Mama.ru

Գովազդ