Որո՞նք են կրծքով կերակրելու հարմար դիրքերը

Հետ ծննդյան շրջան

Հետևեք, որ երեխան կուրծքն արդյունավետ ծծի։ Կուրծքն առաջարկեք այնպես, որ երեխան այն հնարավորին չափ խորը բռնի, հատկապես ստորին շրթունքի կողմից։

Այդ դեպքում երեխայի կզակը կպվում է մոր կրծքին, հարպտուկային մուգ շրջանակն ավելի շատ երևում է վերին շրթունքից վերև, քան ստորին շրփունքից ներքև, երեխայի բերանը լայն բացված է, ստորին շուրթը դուրս է շրջված, թշիկները կլոր են և լսվում է կամ երևում է, թե ինչպես է երեխան կուլ տալիս։ Մայրը ցավ չի զգում, և պտուկները չեն ճաքճքում կամ բորբոքվում։

Եթե կերակրումը շատ երկար է տևում՝ 1-1,5 ժամ, երեխան շատ հաճախ է կերակրում պահանջում, կամ մայրը ցավ է զգում կերակրելիս, ապա հավանաբար երեխան  ճիշտ չի ծծում կուրծքը։

Երեխայի դիրքը շտկելու համար խորհրդակցեք Ձեր մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ բուժքրոջ հետ։ Երբ երեխայի կերակրման դիրքը շտկվի, նրա ծծելն ավելի արդյունավետ կդառնա, նա ավելի արագ կավարտի կերակրումը, և պտուկների վնասման հավանականությունը կնվազի։

Դուք երեխային կարող եք կերակրել տարբեր դիրքերում

 

1․ նստած (դասական դիրք)․ երեխային պահեք առաջարկվող կրծքի կողմի ձեռքի վրա՝ երեխայի գլուխը՝ արմունկին, ճիշտ կրծքի դիմաց,

2․ նստած (հակառակ ձեռքի դիրք)․ պահեք երեխայի մարմինն ամբողջ երկարությամբ այն ձեռքի վրա, որը կերակրող կրծքի հակառակ կողմում է։ Այս դիրքը հարմար է կուրծքը դժվարությամբ վերցնող և անհաս նորածիններին կերակրելու համար,

3․ նստած (ֆուտբոլի գնդակի դիրք)․ երեխային պահեք թևի տակ և ձեռքով պահեք երեխայի ուսերը, գլուխն ու պարանոցը՝ առաջարկելով նույն կողմի կուրծքը․ հարմար է կեսարյան հատումից հետո, երկվորյակների համար և խցանված կաթնածորանների դեպքում,

4․ պառկած․ երեխային պառկեցրեք Ձեր կողքին՝ դեմքով և ամբողջ մարմնով դարձած Ձեզ․ այս դիրքը Ձեզ հանգստանալու հնարավորություն  կտա:

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ