Ինչպե՞ս կերակրել փոքրիկին, որպեսզի չվնասվեն կրծքերը

Հետ ծննդյան շրջան

Երեխային կրծքով կերակրելը շատ կարևոր է ոչ միայն փոքրիկի, այլև մոր առողջության  համար։

Ըստ մասնագետների՝ ծննդաբերությանը հաջորդող երկու ամիսների ընթացքում փոքրիկին կրծքով կերակրելը կօգնի, որ մոր  արգանդը վերականգնի իր նախնական  վիճակը։

Կրծքով կերակրումը  կնոջը որոշ ժամանակ կպաշտպանի  նաև նոր հղիությունից։ Եկեք հասկանանք՝ ինչ դժվարություններ կարող են առաջանալ կրծքով կերակրման ընթացքում։

 

1 Անբավարար կաթնարտադրություն և կաթնարտադրության ավելացում

Երբեմն մայրիկներն անհանգստանում են, որ երեխան բավականաչափ կաթ չի ուտում, հատկապես եթե շատ է լաց լինում, հաճախակի կամ երկարատև կերակրումներ է պահանջում, կերակրումից հետո բավարարված չի թվում և նյարդայնանում է կամ հրաժարվում կրծքից։ Սակայն այս նշանները ոչ միշտ են վկայում այն մասին, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում։ Ավելի հավաստի նշաններ են երեխայի քաշի ավելացումը և միզելու հաճախականությունը։ Եթե կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում միայն կրծքով սնվող երեխայի քաշն ավելանում է ամսական 500 գ-ով կամ ավելի, ուրեմն նա բավարար քանակությամբ կաթ է ստանում։

Եթե Դուք երեխային կերակրում եք միայն կրծքով, ջուր չեք տալիս, և նա օրվա ընթացքում միզում է 6 անգամ կամ ավելի հաճախ, իսկ մեզն անգույն է կամ բաց դեղնավուն, ուրեմն երեխան բավարար քանակությամբ կաթ է ստանում։ Երեխային ջուր կամ այլ հեղուկներ տալու դեպքում այս նշանը կորցնում է իր նշանակությունը։ Ջուրը արտաթորվում է մեզի ձևով, նույնիսկ եթե երեխան  բավականաչափ կաթ չի ստանում։ 

Եթե երեխայի քաշը քիչ է ավելանում, պետք չէ խուճապի մատնվել և երեխային արհեստական սնունդ տալ։ Պետք է ավելի հաճախ կերակրել և ստուգել՝ արդյո՞ք երեխան ճիշտ դիրքով և արդյունավետ է ծծում, թե ոչ։

Երեխային հաճախակի և ճիշտ դիրքերով կերակրելով`կավելանա կաթնարտադրությունը։ Այդպիսով, երեխան կարող է կարգավորել իր պահանջարկն ու առաջարկը`մոր կողմից արտադրվող կաթի քանակը։

Հարկ չկա մտահոգվելու կաթի որակի կամ քանակի մասին, քանի որ կրծքի կաթն անընդհատ փոփոխվում է՝ հարմարվելով երեխայի պահանջներին, իսկ ըստ պահանջի և ճիշտ դիրքով երեխային կերակրելը ապահովում է կաթի բավարար քանակը։

 

2 Պտուկների վնասում և ճաք

 

Պտուկների վնասման հիմնական պատճառը կուրծքը սխալ դիրքով բռնելն ու ծծելն է, ասել է թե՝ երեխան ծծում է միայն պտուկը և չի կարողանում բերանով բռնել հարպտկային շրջանը։ Կերակրման ավարտին պտուկը տափակած տեսք է ստանում, և ծայրին կարող է գունատ բիծ նկատվել, որը շուտով վերածվում է ճաքի։ Մանրէները վնասված մաշկից ավելի հեշտությամբ կարող են թափանցել կուրծք և վարակել այն, հատկապես եթե կերակրումները ընդհատվում են, և կաթը կրծքից չի հեռացվում։ 

Պտուկների վնասումը կանխելու և ճաքերը բուժելու համար ամենակարևորը կերակրման դիրքը շտկելն է։ Փորձեք կերակրել տարբեր դիրքերով և անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի։

Մի՛ սահմանեք կերակրելու տևողություն։ Դա կարող է նպաստել մաստիտի զարգացմանը։ Թույլ տվեք, որ երեխան ինքը վերջացնի կերակրումը։ Յուրաքանչյուր կերակրումից հետո պտուկին քսեք մի քանի կաթիլ կրծքի կաթ և թողեք, որ չորանա բաց վիճակում։ Պտուկները չոր պահեք։

Խուսափեք դեղարայքային քսուքների օգտագործումից։ Դրանց մեծամասնությունը օգտակար չէ և կարող է բարդությունների պատճառ դառնալ։

Խորհուրդ չի տրվում պտուկներին օճառ քսել։ Հաճախակի լվացումները՝ հատկապես օճառով, հեռացնում են պտուկների մաշկը անվնաս պահող ճարպի շերտը, ինչը կարող է պտուկների վնասման պատճառ դառնալ։

Երբեմն, երբ երեխայի բերանի լորձաթաղանթը ախտահարված է կաթնախտով (սպիտակ կետիկներ կամ փառ բերանի խոռոչում), կարող են վարակվել նաև մոր պտուկները։ Այդ դեպքում ցավը շատ ուժեղ է, կարծես կրծքի մեջ ասեղներ են մտցնում։ Հարպտկային շրջանակի մաշկի գունավորումը կարող է նվազել կամ ստանալ բաց վարդագույն երանգ։ Այդպիսի նշաններ հայտնաբերելիս դիմեք բժշկի։

 

Շարունակելի։

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ