Կրծքով կերակրող կանայք որքա՞ն սուրճ կամ թեյ կարող են խմել և ի՞նչ պետք է անեն, եթե ալկոհոլ են օգտագործել. մաս 3

Հետ ծննդյան շրջան

Նյութի երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ

 «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ-մանկաբույժ, բ․գ․թ․ Մարի Դարակչյանի հետ։

 

- Որքա՞ն հեղուկ պետք է օգտագործի կերակրող մայրը։ Ասում են՝ կրծքով կերակրման ընթացքում կինը մշտապես ծարավի զգացողություն է ունենում։

- Կերակրող կանանց մոտ շատ հաճախ առաջանում է ծարավի զգացողություն, և նրանք ավելի հաճախ են ծարավում, քան երբ չեն կերակրում կրծքով։ Պետք է խմել համապատասխան քանակությամբ ջուր, որպեսզի բավարարվի ծարավի զգացողությունը։ Ջուրը ծարավը հագեցնելու առաջին միջոցն է, սակայն կարելի է օգտագործել նաև ցածր յուղայնությամբ կաթ կամ 100 % բնական հյութեր՝ որպես կերակրող մոր սննդակարգի մի մաս։ Ինչու՞ եմ նշում 100 %։ Որովհետև դրանք թարմ մրգերից կամ բանջարեղենից  քամված հյութերն են, այլ ոչ թե հյութեր, որոնք վաճառվում են խանութներում։ Խանութում վաճառվող հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, կոֆեին, որոշ դեպքերում էլ գազավորված են։

 

Մայրիկներին նաև հետաքրքրում է՝ թույլատրելի՞ է, արդյոք, սուրճի ու սև թեյի օգտագործումը։

- Երբ կինն ընդունում է կոֆեին, այն որոշակի քանակով հայտնվում է նաև կրծքի կաթում։ Սովորաբար դա բացասաբար չի ազդում երեխայի վրա, սակայն ամեն բան ընդունելի է չափի մեջ։ Ընդհանրապես 1-2 բաժակ սուրճը պարունակում է մոտ 300մգ․ կոֆեին, որը օրվա կտրվածքով բավարար է։ Դրանից շատ կոֆեինի ընդունումը կարող է երեխային հասցնել գրգռվածության, հանգեցնի վատ քնի ու անհանգստության։ Պետք է հիշել, որ կոֆեին պարունակում է ոչ միայն սուրճը, այլև մի շարք գազավորված ըմպելիքը, ինչպիսի «Կոկա-կոլա»-ն է, «Պեպսի»-ն  և այլն։ Կոֆեին է պարունակում նաև էներգետիկ ըմպելիքն ու թեյը։ Հետևաբար պետք է հետևել կոֆեինի ընդունման չափաբաժնին, քանի որ այս ամենի համատեղ օգտագործումը կարող է բերել նրան, որ երեխայի մոտ նկատվի անհանգստություն կամ խախտվի քնի ռեժիմը։ Այսինքն՝  վերոնշյալ ըմպելիքները պետք է օգտագործել  որոշակի սահմանափակումներով։

 

- Իսկ թույլատրելի՞ է, արդյոք, ալկոհոլի օգտագործումը։ Կա կարծիք, որ կրծքով կերակրման ժամանակ կարմիր գինին օգտակար է։ Թե՞ սա ևս միֆ է։

- Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա, իհարկե, անվտանգ է, երբ մայրերը հրաժարվում են ալկոհոլից։ Բայց եթե այնպես է ստացվել, որ ամեն դեպքում ընդունել են ալկոհոլ, ապա պետք է հիշեն, որ կաթի մեջ ալկոհոլի քանակությունը սկզբում բարձրանում է, այնուհետև՝ իջնում, երբ ալկոհոլը սկսում է օրգանիզմից դուրս գալ։ Դա հիմնականում տևում է 3-4 ժամ, և եթե կերակրման խնդիր կա, ապա այս ընթացքում պետք է կթել ու թափել այդ կաթը, այնուհետև երեխային կերակրել նոր կաթով։ Իսկ եթե ալկոհոլի ընդունումից անցել է 4-5 ժամ, ապա այս դեպքում կարելի է չկթել ու կերակրել երեխային, քանի որ դրա քանակը կաթի մեջ շատ քիչ կլինի։ Պետք է կրկին նշել, որ ամենաանվտանգ տարբերակը կրծքով կերակրման ամբողջ ընթացքում ալկոհոլից հրաժարվելն է։

- Բացի սննդակարգից, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն կրծքով կերակրող մայրերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Եթե բժիշկը չի տվել այլ խորհուրդ, այսինքն՝ չի սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը,  ապա կերակրող մայրը պետք է ֆիզիկապես ակտիվ լինի։ Կրծքով կերակրող կինը շաբաթվա ընթացքում պետք է մոտավորապես 2,5 ժամ ֆիզիկական ակտիվություն ունենա․ կարող է զբոսնել, լողալ, պարել։ 

 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ