Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կրծքով կերակրման ընթացքում․ ներկայացնում է մանկաբույժը․ մաս 1

Հետ ծննդյան շրջան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

Կարծում եմ պետք չէ բացատրել ու համոզել, թե ինչքան կարևոր է կրծքի կաթը նորածին երեխայի համար։
Գրեթե բոլոր մայրերը կրծքով կերակրման ընթացքում հանդիպում են տարբեր տեսակի բարդությունների, որոնք պետք է հաղթահարեն, որ կրծքով կերակրումը մոր համար չդառնա տանջանք, այլ մնա հաճելի և ցանկալի զբաղմունք և՛ մոր և՛ երեխայի համար։
Այդպիսի պրոբլեմներից մեկը երեխայի՝ կրծքից հրաժարվելն է, որի պատճառները բազմաթիվ են և բազմազան։


Ինչպես է արտահայտվում այդ խնդիրը․


  • Երեխան հրաժարվում է երկու կրծքից
    • Մի կուրծքը վերցնում է, իսկ մյուսը՝ ոչ
    • Ծծում է միայն քնի մեջ, իսկ արթուն ժամանակ հրաժարվում է
    • Անհանգիստ է պահում իրեն ուտելիս․ մի քիչ ծծում է և բաց թողնում, լացում է, նորից սկսում է ծծել, կրկին թողնում է, շուռ ու մուռ է գալիս, ձգվում է և զայրանում։


Երեխաները, ինչպես և մեծերը, ունեն իրենց բնավորությունն ու խառնվածքը։ Ոմանք ժամացույցի պես արթնանում են, ուտում մոր կուրծքը և հանգիստ քնում, մինչդեռ մյուսների մոտ ամեն ինչ շատ ավելի բարդ է, վերջինների վրա կարող է ազդել ամեն մի մանրուք՝ սկսած մոր ձայնի տեմբրի ու մարմնի հոտի փոփոխությունից մինչև շրջակա միջավայրի փոփոխություններ։


Գոյություն ունի, այսպես կոչված, կեղծ հրաժարում, որը հիմնականում հանդիպում է 3-6 ամսեկանում։ Երեխաների մոտ այս տարիքում ձևավորվում է գրեթե մեծահասակի տեսողություն, նրանք կարող են գիտակցված ձեռք մեկնել տարբեր առարկաների և վերցնել դրանք։ Այս տարիքում երեխաները ձգտում են ամեն ինչ տեսնել, ամեն ինչի դիպչել։

Այս պատճառով, հետաքրքրությունից դրդված, նրանք սկսում են թեքվել, շուռ ու մուռ գալ (հաճախ մոր կուրծքը բերանում), երբ սենյակ նոր մարդ է մտնում, երբ բարձր ձայն է լսվում կամ ուժեղ լույս են տեսնում։ Նրանց կարող է թվալ, որ նրանք ինչ-որ կարևոր բան են բաց թողնում։
Իրական կրծքից հրաժարումը հանդիպում է հիմնականում կյանքի առաջին օրերից մինչև 3-4 ամսական հասակը։


Հիմնական և առավել հաճախ հանդիպող պատճառների մասին ավելի մանրամասն․


Մոր կողմից առաջացող պատճառները․


1․ Կաթի սակավություն


Երեխայի կյանքի առաջին օրերին ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը մայրական կաթի սակավությունն է, վերջինս ունի միանգամայն ֆիզիոլոգիական բնույթ, կրծքի կաթի քանակի և կրծքով կերակրման միջև գոյություն ունի հետադարձ դրական կապ՝ որքան շատ երեխան ծծի մոր կուրծքը, այնքան շատ կաթ կունենա մայրը, սակայն այս պրոցեսի մեկնարկին պահանջվում է ծննդաբերությունից հետո 2-3 օր։ Այս օրերին երեխայի պահանջը ավելի շատ է, քան մոր առաջարկը, արդյունքում՝ այս օրերին նորածինները ավելի շատ են լացում ու պահանջում։ Սա ամենակարևոր դրույթներից մեկն է, որ պետք է իմանա առաջնածին մայրը և այս օրերին լինի առավել համբերատար։ Առաջին անգամ աշխատող կրծքագեղձի կաթնատար ծորանները նեղ են, ինչը դժվարացնում է կաթի արտահոսքը։


Խնդրի լուծում


Կրծքագեղձի մերսումը՝ շրջանաձև շարժումներով, օգնում է ծորանների լայնացմանը և կաթի մղմանը դեպի ավազաններ, որոնք գտնվում են անմիջապես հարպտկային դաշտի ետևում։ Կրծքով կերակրումը կարելի է իրականացնել պառկած, երբ կուրծքը գտնվում է երեխայից վեր, այս դիրքով կաթի արտահոսքը հեշտանում է ծանրության հաշվին։


2․ Անհարմար պտուկ (տափակ, ներընկած կամ մեծ պտուկ)


Պտուկի տարբեր անատոմիական առանձնահատկությունները կարող են այս կամ այն չափով դժվարեցնել կրծքով կերակրումը, սակայն ժամանակակից աշխարհում գոյություն ունեն լուծման տարբեր եղանակներ։


Խնդրի լուծում


Գրեթե բոլոր դեղատներում առկա են սիլիկոնից և լատեքսից պատրաստված պտուկի վերդիրներ (արհեստական պտուկ)։ Բացի այդ, կարելի է պտուկը վերքաշել, որի համար հարկավոր է մեկ անգամյա օգտագործման ներարկիչ։ Պրոցեդուրան հետևյալն է. ներարկիչի այն ծայրը, ուր ամրակցվում է ասեղը, հարկավոր է կտրել և մխոցը տեղադրել այդ ծայրից, իսկ հակառակ ծայրը, որտեղ մատների համար թիակներն են, հերմետիկ ամրացնել պտուկին և քաշել մխոցը՝ դուրս բերելով պտուկը։ Եթե պարբերաբար կատարել վերը նշված միջամտությունը նախքան ծննդաբերությունը, ապա կարելի է հաջողությամբ վերականգնել պտուկի անատոմիական տեսքը և դրանով իսկ հեշտացնել ապագա կրծքով կերակրումը։
Որոշ դեպքերում խնդիրը միակողմանի է, այսինքն՝ երեխան մի կուրծքը բռնում է նորմալ, իսկ մյուսը՝ դժվարանում է։ Այս դեպքում հարկավոր է պարբերաբար և տարբեր դիրքերով փորձել ամրակցել երեխային կրծքին։ Դժվար կրծքին մոտեցնել հարկավոր է այն ժամանակ, երբ երեխան հանգիստ է կամ կիսաքնած, սոված ժամանակ սկզբից փորձել պրոբլեմատիկ կուրծքը, ապա մյուսը։

 

Շարունակելի։

Գովազդ