Ինչպե՞ս պետք է մայրիկը կազմակերպի առօրյան, որ չվերածվի բացառապես տնային տնտեսուհու

Հետ ծննդյան շրջան

Հաճախ մայրերը իրենց ժամանակը ամբողջությամբ նվիրում են երեխաներին, և արդյունքում ինչ-որ պահի  իրենց զգում են միայն տնային տնտեսուհու կարգավիճակում։ Ինչպե՞ս կարող է կինը դասավորել  կյանքը, որպեսզի իր դերը չսահմանափակվի միայն տնային տնտեսուհի լինելով, բայցև հաջողվի ժամանակ և էներգիա հատկացնել երեխաներին։

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը ասում է, որ յուրաքանչյուր կին իր համար պետք է հետևյալ տեսլականը ունենա։

«Առաջին՝ ես մայր եմ, երկրորդ՝ ես կին եմ, երրորդ՝ ես տնային տնտեսուհի եմ, չորրորդ՝ ես ունեմ իմ անձնային հետաքրքրությունները, հինգերորդ՝ ես ունեմ իմ մասնագիտությունը, վեցերորդ՝ ես ունեմ ընկերներ, որոնց հետ պարբերաբար պետք է շփվեմ։ Յուրաքանչյուրը  կարող է ավելացնել և պակասեցնել ինչ- որ կետեր, կինն է որոշում դա»,- նշում է Անի Ապիտոնյանը։

Հոգեբանը ասում է, որ դերերի բաշխումից զատ, անհրաժեշտ է օրվա մեջ ունենալ հանգստի ժամ։ «Այդ հանգիստը կարելի է կազմակերպել այն ժամանակ, երբ երեխան քնած է, կամ դիմել մեկի օգնությանը, ով երեխային կխնամի մեկ կամ երկու ժամ, և այդպիսով հնարավոր կլինի հանգստանալ»,- ասում է Ապիտոնյանը։

Հոգեբանի կարծիքով ՝ կարևոր է նաև շաբաթվա մեջ նշել օրեր, երբ պետք է գնալ զբոսնելու, ժամանակ անցկացնել հարազատների, ընկերների, ամուսնու հետ։ Չպետք է մոռանալ նաև սեփական հետաքրքրությունների մասին։ «Կտրվելով առօրյա հոգսերից՝ մարդը թեթևանում է, և ավելի սիրով է կատարում այն գործերը, որոնցից նա հոգնել կամ ձանձրացել էր»,- ասում է նա։

Անի Ապիտոնյանի խոսքով՝ մայրերը հաճախ սեփական անձին ժամանակ հատկացնելու իրավունք չեն վերապահում իրենց։ Նրանք զբաղվում են երեխաներով, ուշադրություն են դարձնում ընտանեկան միջավայրին, սեփական անձին ժամանակ հատկացնելու փոխարեն մտածում են այդ ժամանակը օգտագործել, օրինակ, արդուկ անելու համար։ Շատ կարևոր է, որ կինը իրեն իրավունք տա՝ ազատ լինելու, հանգստի ժամ ունենալու, սիրած գործով զբաղվելու և այլն։

Անի Ապիտոնյանի խոսքով՝ շատ բարդ է և՛ ընտանիքում, և՛ աշխատանքում լավ դրսևորվել, բայց այս խնդիրն էլ ունի լուծում․ «Ե՛վ ընտանիքը, և՛ աշխատանքը շատ կարևոր են մարդու ինքնաիրացման համար։ Պետք է պարզապես հասկանալ, թե տվյալ ժամանակահատվածում ընտանիքին, թե՞ աշխատանքին է ավելի շատ ժամանակ և էներգիա հարկավոր։ Առաջնահերթությունները անընդհատ փոխվում են, և պետք է ըստ դրա առաջնորդվել»,- նշում է հոգեբանը և հավելում, որ կնոջ համար այս իրավիճակը կարող է հաճելի դառնալ, որովհետև նա 2 ոլորտներում էլ հաջողելու հնարավորություն ունի։

Գովազդ