Ինչպե՞ս դադարեցնել կրծքով կերակրումը. անհրաժեշտ քայլերն ու խնդիրները - մաս 2

Հետ ծննդյան շրջան

Նյութի առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ։ 

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանի հետ:

Ի՞նչ կարող է լինել կրծքով կերակրումը ժամանակից շուտ և սխալ մեթոդներով դադարեցնելու պարագայում:

Կրծքով կերակրումը ժամանակից շուտ և սխալ մեթոդներով դադարեցնելու արդյունքում  հիմնականում խնդիրներ են ի հայտ գալիս կնոջ մոտ: Միանգամից դադարեցնելը, նախ, կարող է կնոջ օրգանիզմի համար մեծ սթրես լինել: Գուցե առաջ գան հորմոնալ խնդիրներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ գոյացություններ կրծքագեղձի վրա: Երկրորդ հերթին՝ եթե կաթնարտադրությունն ակտիվ փուլում է գտնվում, միանգամից դադարեցնելու դեպքում կրծքի ձևի վերականգնումը ավելի բարդ ու երկար է տևում կամ չի լինում: Կրծքերը կմնան ձևախախտված, կլինեն կախված: Եթե կրծքով կերակրման դադարեցումը կատարվի ճիշտ ձևով, այսինքն՝ աստիճանաբար, ապա կուրծքը ժամանակի ընթացքում նախկին ձևին հնարավորինս մոտիկ տեսք կընդունի: Չմոռանանք, որ կրծքի ձևափոխումը սկսվում է ոչ թե կրծքով կերակրման, այլ հղիության ընթացքում:

Լինում են դեպքեր, երբ կաթը դադարեցնելու նպատակով գինեկոլոգները նշանակում են հորմոնալ դեղեր: Տվյալ հորմոնալ դեղերը բացասաբար են ազդում կանանց հորմոնալ ֆոնի վրա, իսկ կաթնարտադրության վրա ոչ մի կերպ չեն ազդում․ արտադրվում է այնքան կաթ, ինչքան պիտի արտադրվեր: Երբեմն էլ կանայք ամուր կապում են կրծքերը: Դրա արդյունքում կրծքագեղձերում արյան մատակարարումը վատանում է, մեծանում է մաստիտի՝ կրծքագեղձի բորբոքման առաջացման հավանականությունը: Որոշ դեպքերում  էլ կանայք հեղուկներն են պակասեցնում այդ շրջանում, որն էլի ճիշտ չէ և անիմաստ:

Եթե կրծքով կերակրման դադարեցումը կատարվի կերակրումների քանակը կրճատելով, ապա կնոջ օրգանիզմը սահուն ձևով կընդունի իրավիճակը, կաթը կքչանա: Ոչ մի ցավ, լցվածություն կամ անհարմարության զգացողություն չի լինի: Անհարմարավետության դեպքում միակ բանը, որ երբեմն կարելի է անել, դեպի թևատակ մերսումներն ու սառը թրջոցներ դնելն է: Վերջին կերակրումից հետո քառասուն օր անց է կաթնարտադրութունը համարվում ավարտված: Բայց դրանից հետո էլ դեռևս մեկ տարի և ավելի մայրիկը կուրծքը սեղմելիս կարող է կաթիլներ տեսնել կրծքից: Դա վտանգավոր չէ, անհանգստանալու կարիք չկա:       

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ