Ի՞նչ անել, երբ կերակրում ես կրծքով, սակայն ատամնաբույժի գնալու կամ վիտամիններ ընդունելու կարիք կա

Հետ ծննդյան շրջան

Հաճախ կրծքով կերակրող մայրիկները, հիմնվելով ենթադրությունների վրա, որոշում են դեղերի տեսքով վիտամիններ ընդունել: Նրանք այդպիսով փորձում են էներգիա ստանալ և վերականգնել ուժերը: Արդյո՞ք ճիշտ է նմանատիպ գործելակերպը: Կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանի պնդմամբ՝ հարկավոր է չմոռանալ կողմնային ազդեցությունների մասին: Նա «Իմ փոքրիկ»-ին ներկայացրել է ցուցումները և  հակացուցումները:  

 

Վնասակա՞ր է

Ցանկացած վիտամինի ավելցուկ ավելի մեծ վնաս կարող է պատճառել, քան դրա պակասը: Օրինակ` մայրիկն օրվա ընթացքում սննդի միջոցով ստացել է վիտամին C-ի նախատեսված չափաքանակը, սակայն լրացուցիչ ընդունել է նաև արհեստական եղանակով: Այն, թերևս, չի վերածվի մեծ խոչընդոտի, քանի որ պատկանում է ջրալույծ վիտամինների շարքին: Ջրալույծներն ի զորու են դուրս գալ օրգանիզմից մեզի միջոցով: Նույնը չենք կարող ասել ճարպալույծ տեսակի մասին: Դրա ավելցուկ քանակները կուտակվում են լյարդում և առաջացնում լուրջ խնդիրներ: Այդպիսին է վիտամին A-ն: 

Եթե որևէ վիտամինի հաստատված պակասը նշանակալի ծավալի չի հասնում, ապա դա կարելի է լրացնել մրգերի ու բանջարեղենի միջոցով: Սննդի վիտամիններն առավել հեշտ են յուրացվում, քան դեղահաբ տարբերակները: Բացի այդ՝ օրգանների համար ծանրաբեռնվածություն չեն ստեղծում, ինչը պատահում է արհեստականն օգտագործելու դեպքում:

Թուլություն կամ նմանօրինակ նախանշաններ զգալիս հարկավոր չէ շտապել ու դատողություններ կատարել: Ինքնաբուժմամբ զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բժշկի և հանձնել համապատասխան անալիզներ: Ըստ արդյունքի կորոշվի` խմե՞լ դեղեր, թե՞ ոչ:   

 

Իրականությունը դեղերի վերաբերյալ

Թյուր կարծիք կա, որ կրծքով կերակրման ժամանակ չի կարելի ընդունել դեղեր, կատարել բժշկական միջամտություններ: Դիտարկենք լուծման երկու տարբերակ, երբ մայրիկն ունի առողջական խնդիրներ. ընդհատում ենք կրծքով կերակրումը, փոքրիկին տալիս կաթնախառնուրդ կամ շարունակում կրծքով կերակրումը՝ ընդունելով դեղորայք: Իրականում կան դեղեր, որոնք չնչին քանակությամբ են անցնում կաթի մեջ, հնարավոր է ընտրել կրծքով կերակրման հետ համատեղելի բուժում: Այսպիսի մոտեցում է գործում նաև ատամնացավի պարագայում: Որոշ մայրիկներ դիմակայում են ցավին, նույնիսկ կրծքով կերակրումն ավարտում ժամանակից շուտ, որպեսզի զբաղվեն ատամների բուժմամբ: Այդ ամենի կարիքը չկա: Պարզապես մայրիկը պետք է ընտրի գրագետ ատամնաբույժ և նախապես զգուշացնի, որ կերակրող է:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ