Դոպլեր հետազոտություն. ի՞նչ է սա և ո՞ր դեպքերում է ցուցված հղիներին

Նախածննդյան շրջան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի դիագնոստիկ ծառայության ղեկավար, ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու  Տիգրան Քոչարյանը:

Ու՞մ և ե՞րբ են նշանակում դոպլեր հետազոտություն

Ընդհանրապես դոպլեր հետազոտությունն արյան հոսքի հետազոտությունն է, որով մենք կարողանում ենք գնահատել արյան մատակարարումը տարբեր օրգան համակարգեր, իսկ եթե խոսում ենք մանկաբարձության մասին, ապա հետազոտում ենք կնոջ արգանդի զարկերակներում արյան հոսքի արագությունը և արգանդի ընդհանուր սնուցումը: Երկրորդ մակարդակն արդեն ընկերք-պտուղ սնուցումն է, այսինքնպորտալարի մեջ անոթների սնուցումն ենք նայում: Երրորդ մակարդակում  պտղի մոտ հետազոտում ենք անոթները, գլխուղեղի անոթները, աորտան, այսօր արդեն տարածում են ստացել պորտային ծորան, երակային ծորան և տարբեր անոթների հետազոտությունները:

Բոլոր հղիներին պետք է կատարել դոպլեր հետազոտություն 20-22 շաբաթականում: Դրանով փորձում ենք կանխատեսել հնարավոր բարդությունները տվյալ եռամսյակում, այսինքն՝ կա՞ն, արդյոք արյան անոթների փոփոխություններ, որոնք, ճիշտ է,  որևէ ազդեցություն չեն ունենում պտղի վրա, բայց հետագայում հանգեցնում են խնդիրների:

Հետազոտությունը կարող է իրականացվել նաև հատուկ ցուցումներով: Օրինակ՝ երբ կա  պտղի անհամապատասխանություն դաշտանային ժամկետին, այսինքն՝ ինչ-ինչ պատճառներով պտուղը սկսում է վատ աճել, փոքր մնալ, և պետք է հասկանալ՝ ունի՞, արդյոք, պտուղը թթվածնային քաղց, սնուցման սուր խանգարումներ, թե՞ ոչ: Դոպլերով այնպիսի տվյալներ ենք ստանում, որոնցով կարողանում ենք  ընդհուպ ներարգանդային մահի կանխատեսում կատարել, ընդ որում՝ 48-72 ժամում: Դա կրիտիկական իրավիճակում արյան մատակարարման ցուցանիշն է:

Մյուս հետազոտությունը հղիի հետազոտությունն է: Այսինքն՝ հետազոտվում է մեզը՝ պարզելու համար՝ կա՞, արդյոք, սպիտակուց, թե՞ ոչ, ունի՞, արդյոք, հղի կինն արյան ճնշում, արյան մակարդելիության խնդիրներ, շաքարային դիաբետ, թե՞ ոչ:

Վտանգավո՞ր է, արդյոք, դոպլերը,  հղի կանանց համար

Մինչ օրս բացասական ազդեցություն չի հայտնաբերվել: Կան որոշ ցուցանիշեր, որոնք գիտական հետաքրքրություն են առաջացնում. օրինակ՝ եթե մեկ րոպեից ավելի դոպլերն անշարժ պահում են գլխուղեղի անոթների վրա, գլխի ջերմաստիճանը մի աստիճանով բարձրանում է: Բայց թե հետագայում դա ունենում է բացասական ազդեցություն պտղի վրա, թե ոչ, չի հայտնաբերվել:

Ինչո՞վ է տարբերվում դոպլերն ուլտրաձայնային հետազոտությունից

Դրանք միանգամայն տարբեր հետազոտություններ են: Ժողովրդի մեջ թյուր կարծիք կա, որ դոպլերը մանրամասն հետազոտություն է,  որը տալիս է բոլոր արատների հետ կապված հարցերի պատասխանը, անգամ պտղի մատիկներն է հաշվում: Իհարկե, դա թյուր կարծիք է եւ չի համապատասխանում իրականությանը:

Դոպլերը նախկինում եղել է սարք, որը չի ունեցել էկրանև մենք չենք տեսել որեւէ բան, իսկ այսօր ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս մի էկրանի վրա միաժամանակ տեսնել և´ պատկերը, և´ արյան սնուցումըԵրբեմն արատների հետ կապված ինֆորմացիան բաց է թողնվում առաջին օղակներում, օրինակ, կանանց կոնսուլտացիաներում, պոլիկլինիկաներում, և  հղին ուղեգրվում է դոպլեր հետազոտության, որտեղ էլ հայտնաբերվում է այն, ու արդյունքում՝ վերագրվում դոպլեր հետազոտությանը: Դա, իհարկե, սխալ է:

Գովազդ