Ալերգիան կարո՞ղ է ազդել պտղի վրա. մանրամասնում է մասնագետը

Նախածննդյան շրջան

Հարցերին պատասխանում է բ.գ.թ., ալերգաբան-իմունաբան, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական իմունալոգիայի և ալերգալոգիայի ամբիոնի ավագ դասախոս Զարուհի Կալիկյանը: 

 

Ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ ալերգիան հղիության ընթացքում:

 

Մեր օրերում ալերգիան շատ տարածված է և տարեց-տարի էլ ավելի է տարածվում ամբողջ աշխարհում և հատկապես զարգացած և զարգացող երկրներում: Ալերգիան կարող է հանդիպել նաև հղի կանանց շրջանում: Սովորաբար, եթե կինն ալերգիկ չէ, ապա հղիության ընթացքում նա դժվար թե ձեռք բերի որևէ ալերգիկ հիվանդություն, իսկ եթե կինն արդեն ունի լավ արտահայտված ալերգիկ հիվանդություն, ապա հղիության ժամանակ հնարավոր են հետևյալ զարգացումները.

 

·         Ալերգիկ վիճակի սրացում. հղիության սկզբում հաճախ սրվում են ալերգիկ ռինիտի երևույթները (փռշտոցներ, քթահոսություն, քթային շնչառության դժվարացում), եղնջացանը և այտուցը (հիմնականում սննդային ալերգիայի պատճառով), իսկ հղիության ավելի ուշ ժամկետներում կարող են սրվել բրոնխային ասթմայի երևույթները (հևոց, դժվարացած շնչառություն, հազ):

·         Ալերգիկ վիՃակի բարելավում, որը առավել հաճախ է հանդիպում, քանի որ հղիության հետ կապված հորմոնալ փոփոխությունները հանգեցնում են մակերիկամների կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացմանը, իսկ այն ունի արտահայտված հակաալերգիկ ազդեցություն:

 

Ալերգիան կարո՞ղ է ազդել պտղի վրա:

 

Մոր ալերգիան անմիջապես պտղի վրա չի ազդում, սակայն ընկերքով կարող են անցնել և իրենց բացասական ազդեցությունն ունենալ այն դեղերը, որոնք հղի կինն ընդունում է: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է դրանցից զերծ մնալ կամ եթե հնարավոր չէ՝ ընդունել միայն բժշկի կողմից նշանակված դեղորայքը:                                                                                       

Մյուս կողմից, եթե կինն ալերգիկ հիվանդություն ունի, ապա նա կարող է ժառանգաբար փոխանցել իր երեխային ալերգիա ունենալու նախատրամադրվածությունը: Դրա հավանականությունը հասնում է 40%-ի, իսկ եթե ալերգիկ է նաև երեխայի հայրը, ապա՝ 70%-ի:       

Ներկայումս մեծ նշանակություն է ստանում այսպես կոչված պերիկոնցեպցիոնալ կանխարգելումը, որին դիմում են երեխա ունենալ պատրաստվող ալերգիկ ամուսինները: Հարկավոր է մանրամասն հետազոտվել և ոչ միայն ալերգիայի, այլև տարբեր խրոնիկական հիվանդությունների և հատկապես վարակների առումով, ստանալ համապատասխան բուժում մինչև հղիությունը: Այնուհետև արդեն հղիության ընթացքում պետք է լինել հատուկ հսկողության տակ, եթե անհրաժեշտ է, ընդունել բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները և հետևել հատուկ հիպոալերգենային սննդակարգին:

 

Ինչպե՞ս խուսափել ալերգիաներից. ո՞ր մթերքները հանել սննդակարգից:

 

Ցանկալի է, որ սննդակարգին հետևեն բոլոր հղի կանայք, անկախ ալերգիայի առկայության: Հատկապես բացառվում են. կաթը, հավկիթը, հավի միսը, ձուկը և ծովամթերքը, ընկուզեղենը, մեղրը, վառ գույնի մրգեղենը (հատկապես ցիտրուսային), հատապտուղները (ելակ, մորի) և բանջարեղենը (լոլիկ), շոկոլադը, պահածոյացված, կծու, թթու, աղի սննդամթերքը, գազավորված հյութերը: 

 

Ինչպե՞ս կանխարգելել:

 

Կանխարգելիչ նշանակություն ունեն նաև որոշ միջոցառումներ.

 

·         Զերծ մնալ ծխախոտի ծխի ազդեցությունից, տունը հաճախակի օդափոխել, կատարել խոնավ մաքրում, վերացնել «փոշեկլանիչ» առարկաները՝ գորգերը, ծանր վարագույրները, բրդյա անկողինը, սահմնափակել կենդանիների հետ շփումը:

·         Ուշադրություն դարձնել շպարի և կենցաղային քիմիայի միջոցների վրա՝ չգնել նոր, անսովոր միջոցներ:

·         Բույսերի բուռն ծաղկման շրջանում ավելի քիչ ժամանակ անցկացնել տանից դուրս:                                                                                  

      Ծննդաբերելուց հետո նույնպես անհրաժեշտ է հետևել հիպոալերգենային սննդակարգին և առնվազն 6 ամիս սնուցել երեխային կրծքով, քանի որ կրծքի կաթով նրա օրգանիզմ են անցնում ալերգենները չեզոքացնող կարևոր նյութեր:                       

 

Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

 

Այսպիսով, թեև խրոնիկական ալերգիկ հիվանդությունները պահանջում են լուրջ հսկողություն, խիստ զգուշություն դեղորայքի և սննդակարգի ընտրության առումով ամբողջ հղիության և այնուհետև կրծքով սնուցման ընթացքում, բայց նույնիսկ ամենածանրը համարվող բրոնխային ասթման հակացուցում չէ հղիանալու և մայրանալու համար: Այնպես որ, սիրելի կանայք, հետևե՛ք ձեր առողջությանը և լույս աշխարհ բերե՛ք առողջ բալիկներ:

 

 

 

Գովազդ