Ինչպե՞ս նախապատրաստվել ծննդաբերությանը.  խորհուրդներ գինեկոլոգից

Նախածննդյան շրջան

Պատասխանում է բժիշկ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը:

Հղիության ո՞ր փուլից կինը պետք է սկսի նախապատրաստվել ծննդաբերությանը:

Ծննդաբերությանն անհրաժեշտ է պատրաստվել հղիության առաջին իսկ օրվանից, ավելի լավ է նախապես պլանավորել հղիությունը։ Նախապես պլանավորած հղիությունը ենթադրում է   մի շարք ստուգումներ, ինչի արդյունքում կարող են բացահայտվել  խնդիրներ, որոնց վերացման պարագայում հղիության ընթացքը կլինի ավելի ապահով:

Կինը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ծննդաբերության հետ կապված տարբեր խնդիրների: Շատ կարևոր է նաև ֆիզիկական վիճակը. կինը պետք է հետևի իր քաշին, ունենա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Կա՞ տարբերություն կեսարյան հատման և բնական ծննդաբերության նախապատրաստական փուլերի միջև:

Կեսարյան հատման և բնականոն ծննդաբերության միջև կան էական տարբերություններ: Նախ՝ պետք է նշել, որ կեսարյան հատումը վիրահատություն է և նախատեսում է նախավիրահատական պատրաստում և հետվիրահատական ընթացք։ Վիրահատական նախապատրաստում ասելով՝ հասկանում ենք մի շարք կլինիկալաբորատոր հետազոտություններ, որոնք արվում են անմիջապես վիրահատությունից առաջ, դրանց պատասխանների վերլուծություն։ Արդյունքների  բավարար լինելու պարագայում միայն բժիշկը կարող է հղիին ուղարկել վիրահատության։

Բնական ծննդաբերության համար ինֆորմացիան տվյալ ծննդկանի մասին մենք ունենում ենք ամբողջ հղիության ընթացքում անցկացված այցերի շնորհիվ։ Հատուկ պատրաստություն այս երկու դեպքի պարագայում էլ կարող ենք համարել հոգեբանականը, որը տարվում է ամբողջ հղիության ընթացքում:

Ինչո՞վ են  տարբերվում  առաջին, երկրորդ  և հաջորդող մյուս  ծննդաբերություններին  նախապատրաստությունները:

Առաջին ծննդաբերության պարագայում հղիի պատրաստաթյունն ավելի մանրակրկիտ է թե մանկական պարագաների և դրանց գունային գամմայի ընտրության հարցում, թե սեփական վախերի հաղթահարման։

Բժշկական տեսանկյունից այն մանրակրկիտ և պատասխանատու է բոլոր հղիությունների և ծննդաբերությունների պարագայում։

Պտղաջրերի անսպասելի արտահոսքի դեպքում կնոջ և իր հարազատների գործողություններն ինչպիսի՞ն  պետք է լինեն:

Ջրերի արտահոսքի պարագայում նախ պետք է խուճապի չմատնվել, կապ հաստատել բժշկի հետ և գնալ հիվանդանոց, որտեղ կիրականացվեն  հետագա անհրաժեշտ հետազոտությունները և գործողությունները։

Արտերկրում  ծննդաբերությունից առաջ կանայք երբեմն  հղիների համար դասընթացների են հաճախում: Կա՞, արդյոք, նման դասընթացի անհրաժեշտություն իրականում: Ի՞նչ պետք է սովորի կինը մինչև ծննդաբերությունը:

Նման բան Հայաստանում էլ կա։ Հայաստանում հղիներից  շատերը հաճախում են յոգայի դասընթացների, որոնց շնորհիվ պահպանում են իրենց կառուցվածքը՝ խուսափելով ավելորդ քաշից, կարգավորում են արյան շրջանառությունը և ամենակարևորը՝ շնչառությունը ու հոգեբանական նախապատրաստումը։ Այս ամենը դրական կերպով է անդրադառնում ծննդաբերության ընթացքի վրա։

Երկունքի ցավերը սկսվելուց հետո ե՞րբ և ինչպե՞ս պետք է ներկայանալ հիվանդանոց (իրեր, փաստաթղթեր):

Երկունքի ցավերը սկսելուն պես նախ պետք է կապ հաստատել բժշկի հետ, նկարագրել ցավի բնույթը, տևողությունը և դրանց միջև ինտերվալը և շտապել  հիվանդանոց։

Հիվանդանոցում անհրաժեշտ փաստաթղթերն են փոխանակման քարտը, անձնագիրը, ամուսնության վկայականը (եթե գրանցված է)։

Պետք է նաև ծննդատուն տանել կնոջ հիգիենայի և հիվանդանոցում կացության համար նախատեսված պարագաները և ապագա երեխայի հագուստն ու խնամքի պարագաները:

 

Հարցազրույցը՝ Նելլի Խաչատրյանի

 

 

Գովազդ