Ինչպե՞ս ճիշտ սնվել հղիության ընթացքում․ սննդաբանի խորհուրդները

Նախածննդյան շրջան

Հղիության ընթացքում կինն առավել քան երբևէ պետք է մտածի առողջ ապրելակերպի և սննդակարգի մասին: Ճի՞շտ է մոտեցումը, որ հղի կինը երկուսի փոխարեն պետք է սնվի: Կա՞ն, արդյոք, մթերքներ, որոնք կտրականապես արգելված են հղիներին:

Կարելի՞ է հղիին գիշերով սնվել, ինչպե՞ս գրագետ կազմել  օրվա սննդակարգը,  ներկայացնում է սննդաբան Գայանե Շահխաթունին:

«Սխալ է մոտեցումը, որ հղի կինը պետք է երկուսի փոխարեն սնվի։ Այսօր, երբ զարգացել է դիետոլոգիան, այդ կարծիքն  արդեն անցյալում է: Հղիի համար ոչ թե էական է սննդի ընդունման քանակը, այլ որակը: Երեխան հղիության ընթացքում ուտելիքի պաշարը վերցնում է մոր օրգանիզմում կուտակված սննդային պաշարներից. եթե մայրը վատ սնվի, ապա դրանից հենց ինքը կտուժի, ոչ թե երեխան »,-ասում է սննդաբանը:

Սննդաբանը վստահ է, որ գիշերով սնվել չի կարելի և ոչ մեկին, այդ թվում՝ հղիներին, քանի որ անգամ երեկոյան ժամը 6 ից հետո դժվարանում է մարսողությունը և նյութափոխանակության  գործընթացը: Մասնագետը շեշտում է, որ քնելուց երեք ժամ առաջ արդեն ցանկալի չէ սնունդ ընդունել: Եթե հղին քնում է կեսգիշերին կամ  շատ երկար է արթուն մնում,  հնարավոր է, որ նա քաղց զգա, այդ ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել կաթնաթթվային սնունդ՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, կեֆիր, ծայրահեղ դեպքում հավի կրծքամիս կամ բանջարեղենային աղցան: 

Հղիության ընթացքում արագ սնունդը բացարձակապես չի խրախուսվում՝վստահեցնում է Շահխաթունին․«Արագ սննդի օգտագործմանը ես կտրականապես դեմ եմ, քանի որ նրա մեջ կան շատ ուժեղ կոնցերոգեններ, որոնք   շաքարային դիաբետի, քաղցկեղի  և մի շարք այլ հիվանդությունների խթանիչ են։  Հղիներին հորդորում եմ շատ ուտել կանաչ լոբի, քանի որ այն ֆոլաթթու է պարունակում: Խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել  էկոլոգիապես մաքուր սնունդ՝ բանջարեղեն, մեղր, մրգեր, մաքուր շոկոլադ, հավի, տավարի, ձկան միս: Սննդի բալանսավորումը շատ անհատական է, հղին պետք է իր սննդի ռեժիմը քննարկի  հղիությունը վարող գինեկոլոգի, անհրաժեշտության դեպքում նաև սննդաբանի հետ»:

Ցանկալի է ընդունել  թեթևամարս սնունդ, պետք է հնարավորինս խուսափել պահածոյացված, յուղոտ սննդից՝ ասում է սննդաբանը: Նա  նաև հղիներին խորհուրդ չի տալիս շատ սուրճ խմել (օրական 2 բաժակից ավելի):

Շահխաթունին նշում է, որ ածխաջրային սնունդը  հղիին  արագ կարող է  գիրացնել, ուստի պետք է այն չափի մեջ ընդունել: Ճարպային սննդի ընդունումը անհատական է, քանի որ հղիներ կան, որոնք տոքսիկոզ են ունենում, հյուծվում են  և նրանց հարկավոր է քաշ հավաքել: Սպիտակուցային սնունդը օգտակար է հղիներին, քանի որ պարունակում է  բնական ամինաթթուներ, սակայն երբեմն հղիները ախորժակ չեն ունենում, որպեսզի միս ուտեն, այդ դեպքում խորհուրդ է տրվում ընդունել գոնե կաթնաթթվային սնունդ:

Սննդաբանը  շեշտում է, որ  հղիությունն  ընդամենը օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ  է, որը պետք է առողջ սննդակարգով անցկացնել:

 

Նելլի Խաչատրյան

 

 

 

 

 

Գովազդ