Ինչպե՞ս  նախապատրաստվել  ծննդաբերությանը․ խորհուրդներ գինեկոլոգից

Նախածննդյան շրջան

Պատասխանում է  բժիշկ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը։

Հղիության ո՞ր փուլից կինը պետք է սկսի նախապատրաստվել ծննդաբերությանը:

Ծննդաբերությանն անհրաժեշտ է պատրաստվել հղիության առաջին իսկ օրվանից, բայց  ավելի լավ է նախապես պլանավորել հղիությունը։ Ծննդաբերության պատրաստվելը ներառում է մի շարք գործոններ։ Նախապես պլանավորած հղիությունը ենթադրում  է   մի շարք ստուգումներ, ինչի արդյունքում կարող են բացահայտվել  խնդիրներ, որոնց վերացման պարագայում հղիության ընթացքը կլինի ավելի ապահով:

Կինը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ծննդաբերության հետ կապված տարբեր խնդիրների: Շատ կարևոր է նաև ֆիզիկական վիճակը. կինը պետք է իր քաշին հետևի և ունենա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Կա՞ տարբերություն կեսարյան վիրահատության և բնական ծննդաբերության նախապատրաստական փուլերի միջև։

Կեսարյան հատման և բնականոն ծննդաբերության միջև կան էական տարբերություններ: Նախ պետք է նշել, որ կեսարյան հատումը վիրահատություն է և նախատեսում է նախավիրահատական պատրաստություն և հետվիրահատական ընթացք։ Վիրահատական նախապատրաստում ասելով  հասկանում ենք մի շարք կլինիկալաբորատոր հետազոտություններ, որոնք արվում են անմիջապես վիրահատությունից առաջ, դրանց պատասխանների վերլուծությամբ։ Արդյունքների  բավարար լինելու պարագայում միայն բժիշկը կարող է հղիին ուղղորդել վիրահատության։

Բնական ծննդաբերության համար ինֆորմացիան տվյալ ծննդկանի մասին մենք ունենում ենք ամբողջ հղիության ընթացքում անցկացված այցերի շնորհիվ։ Հատուկ պատրաստություն այս երկու դեպքի պարագայում էլ կարող ենք համարել հոգեբանականը, որը տարվում է ամբողջ հղիության ընթացքում:

Ինչո՞վ են  տարբերվում  առաջին, երկրորդ  և հաջորդող մյուս  ծննդաբերություններին  նախապատրաստությունները:

Առաջին ծննդաբերության պարագայում հղիի պատրաստաթյունն ավելի մանրակրկիտ է թե  մանկական պարագաների և դրանց գունային գամմայի ընտրության հարցում, թե  սեփական վախերի հաղթահարման։

Բժշկական տեսանկյունից այն մանրակրկիտ և պատասխանատու է բոլոր հղիությունների և ծննդաբերությունների պարագայում։

Պտղաջրերի անսպասելի արտահոսքի դեպքում կնոջ և իր հարազատների գործողություններն ինչպիսի՞ն  պետք է լինեն:

Ջրերի արտահոսքի պարագայում նախ պետք է խուճապի չմատնվել, կապ հաստատել բժշկի հետ և գնալ հիվանդանոց, որտեղ կիրականացվեն  հետագա անհրաժեշտ հետազոտությունները և գործողությունները։

Արտերկրում  ծննդաբերությունից առաջ կանայք երբեմն  հղիների համար նախատեսված դասընթացների են հաճախում: Կա՞ , արդյոք, նման դասընթացի անհրաժեշտություն իրականում: Ի՞նչ պետք է սովորի կինը մինչև ծննդաբերությունը:

Նման բան Հայաստանում էլ կա։ Հայաստանում հղիներից  շատերը հաճախում են յոգայի դասընթացների, որի շնորհիվ պահպանում են իրենց կառուցվածքը՝ խուսափելով ավելորդ քաշից, կարգավորում են արյան շրջանառությունը և ամենակարևորը՝ շնչառությունը ու անցնում են հոգեբանական նախապատրաստում։ Այս ամենը դրական կերպով է անդրադառնում ծննդաբերության պրոցեսի վրա։

Երկունքի ցավերը սկսվելուց հետո ե՞րբ և ինչպե՞ս պետք է ներկայանալ հիվանդանոց (իրեր, փաստաթղթեր):

Երկունքի ցավերը սկսելու պես նախ պետք է կապ հաստատել բժշկի հետ, նկարագրել ցավի բնույթը, տևողությունը և դրանց միջև ինտերվալը և ուղղվել դեպի հիվանդանոց։

Հիվանդանոցում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից են փոխանակման քարտը, անձնագիրը, ամուսնության վկայականը (եթե գրանցված է)։

Պետք է նաև  ծննդատուն տանել կնոջ հիգիենայի և հիվանդանոցում կացության համար նախատեսված պարագաները և ապագա երեխայի հագուստն ու խնամքի պարագաները:

 Նելլի Խաչատրյան

 

 

 

Գովազդ