Հակաբեղմնավորիչներ․ ո՞րն է ամենաարդյունավետ միջոցը. մաս 2

Նախածննդյան շրջան

Պատնեշային մեթոդներ. պահպանակներ

 

Այսօր աշխարհում ամենատարածված հակաբեղմնավորիչ միջոցը պահպանակն է, որովհետև այն միակ միջոցն է, որ նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ-ներ), ներառյալ` ՄԻԱՎ-ի ձեռքբերման վտանգը:

Պահպանակները կանխում են սերմնահեղուկի մուտքը հեշտոց, այդպիսով կանխելով հղիությունը և սեռավարակների (ՍՎ-ներ) փոխանցումը:

Ժամանակակից պահպանակները պատրաստված են լատեքսից, լինում են տարբեր չափսերի և գույների` քսայուղերով կամ առանց դրանց: Քսայուղերը կարող են պարունակել նաև սերմնասպան նյութեր:

Պահպանակներն անվտանգ են և գրեթե չունեն կողմնակի ազդեցություններ: Կախված օգտագործման ճշտությունից, հետևողականությունից պահպանակների արդյունավետությունը տատանվում 85-98%-ի սահմաններում:

Մի՛ օգտագործեք պահպանակը մեկ անգամից ավելի և ուշադրություն դարձրեք փաթեթի վրա նշված պիտանիության ժամկետի վրա: Մի՛ օգտագործեք պահպանակը, եթե այն չորացած է կամ կպչուն, կամ տուփը պատռված է: Սեռական հարաբերության ժամանակ պահպանակների հետ մի՛ օգտագործեք ճարպերից պատրաստված քսայուղեր (ինչպես օրինակ` վազելին), քանի որ դրանք քայքայում են լատեքսը` նվազեցնելով պահպանակների դիմացկունությունը և մեծացնելով դրանց պատռվելու հավանականությունը: Պահպանակ օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում զգուշությամբ բացել փաթեթը, որպեսզի պահպանակը չպատռվի: Պետք չէ ոլորել պահպանակը մինչև օգտագործելը: Այն պետք է հագցնել էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամի ծայրին` ազատ թողնելով վերին մասը: Անհրաժեշտ է մի ձեռքով ոլորելով իջեցնել պահպանակը մինչև առնանդամի հիմքը, իսկ մյուս ձեռքով` պահել ծայրից` համոզվելով, որ այնտեղ առկա է ազատ տարածություն, և որ պահպանակը վնասված չէ: Սերմնաժայթքումից հետո պահելով պահպանակի շրջանակը պետք է դուրս հանել այն` նախքան էրեկցիայի ավարտը, այնուհետև զգուշորեն հեռացնել` չթափելով ներսում կուտակված սերմնահեղուկը:

 

Սերմնասպան միջոցներ

 

Սերմնասպան միջոցները նյութեր են, որոնք ոչնչացնում են սերմնաբջիջները նախքան արգանդ հասնելը: Դեղատներում դրանք վաճառվում են քսուքների, մոմիկների, հաբերի կամ աէրոզոլային փրփուրի ձևով: Բոլոր սերմնասպան միջոցները սեռական հարաբերությունից առաջ տեղադվում են հեշտոցում: Արդյունավետ լինելու համար սերմնասպան որոշ միջոցներ պետք է հեշտոցում գտնվեն մինչև 15 րոպե: Ուստի, նախքան օգտագործելն անհրաժեշտ է կարդալ փաթեթի վրա նշված ցուցումները: Սերմնասպան միջոցների մեկ չափաբաժինն արդյունավետ է մեկ ժամվա ընթացքում: Եթե մինչև սեռական հարաբերությունը մեկ ժամից ավելի է անցել, դուք պետք է տեղադրեք սերմնասպան միջոցի նոր չափաբաժին: Հիշե՛ք, սերմնասպան միջոցը հարկավոր է կիրառել յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ:

Խորհուրդ չի տրվում սերմնասպան միջոցների կիրառումից հետո կատարել ներլվացում: Կարող եք լվացում կատարել արտաքինից, սակայն, եթե գտնում եք, որ ներլվացման կարիք ունեք, ապա անհրաժեշտ է այն իրականացնել սեռական հարաբերությունից առնվազն ութ ժամ հետո:

Սերմնասպան միջոցները գրեթե չունեն կողմնակի ազդեցություններ: Երբեմն դրանք կարող են գրգռվածություն կամ քոր առաջացնել: Հակաբեղմնավորման ժամանակակից այլ մեթոդների համեմատ սերմնասպան միջոցների արդյունավետությունն ավելի ցածր է: Ճիշտ և հետևողական օգտագործելու դեպքում սերմնասպան միջոցներն ունեն մոտավորապես 82% արդյունավետություն: Սերմնասպան միջոցների արդյունավետությունը բարձրացնելու համար դրանք կարելի է համակցել այլ հակաբեղմնավորման մեթոդների հետ, օրինակ` պահպանակների կամ բնական մեթոդների: Սերմնասպան միջոցները հորմոններ չեն պարունակում: Դրանց կիրառումը խորհուրդ չի տրվում այն կանանց, ում, առողջական վիճակից ելնելով, հակացուցված է հղիությունը:

  

Շարունակելի։

 

Աղբյուրը՝ «Հակաբեղմնավորիչների օգտագործման ԱՀԿ բժշկական չափանիշներ» գրքույկ

Գովազդ