Հղիության ընթացքում սեքսով զբաղվելը մեղմու՞մ է ցավն ու անհանգստությունը․ բժիշկ-սեքսոլոգը պարզաբանում է և թվում ցուցումները

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանի հետ

 

-Արդյո՞ք անվտանգ է համարվում հղիության ընթացքում սեքսով զբաղվելը:

-Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հաճախ մտածում են, որ սեռական հարաբերություն ունենալով` կարող են որևէ կերպ վնասել երեխային: Հարկ է նկատել, որ զարգացող պտուղը գտնվում է արգանդում՝ պաշտպանված ամնիոտիկ հեղուկով (պտղաջրեր) և արգանդի ուժեղ մկաններով: Այսպիսով, սեռական ակտիվությունը չի ազդում  երեխայի վրա, եթե չկան այնպիսի բարդություններ, ինչպիսին, օրինակ, ընկերքի հետ կապված խնդիրներն են:  Մնացյալ դեպքերում հղիության ժամանակ սեքսով զբաղվելը ոչ միայն անվտանգ է, այլև օգտակար: 

 

-Այդ դեպքում ի՞նչ առավելություններ այն կարող է ունենալ:  

-Սեռական հարաբերությունը կարող է թեթևացնել ցավն ու անհանգստությունը: Օրգազմի ժամանակ արտադրվող նյութերը դրական են ներգործում կնոջ օրգանիզմի վրա:  Օրինակ՝ օքսիտոցին հորմոնը բարձրացնում է հանդուրժողականությունը ցավի նկատմամբ, մեղմվում են մեջքի և հղիության հետ կապված այլ բնույթի ցավերը: Այն բարելավում է նաև քունը և  բարձրացնում տրամադրությունը, ուժեղացնում սիրո և ուրախության զգացմունքները՝ ավելի մերձեցնելով զուգընկերոջ հետ: Այն մասին, թե ինչ հաճախականությամբ է կարելի սեռական հարաբերություններ ունենալ հղիության ընթացքում, հստակ ցուցումներ չկան: Այստեղ կարևորը միայն փոխադարձ հաճույքն ու հարմարավետության զգացումն են:

 

-Իսկ ինչպե՞ս է փոխում կնոջ վերաբերմունքը սեքսի հանդեպ հղիության տարբեր եռամսյակներում:

-Առաջին եռամսյակում կարող է դիտվել սեռական ցանկության նվազում: Հնարավոր է, որ նախկինում հաճելի թվացող հպումները նույնչափ հաճելի չլինեն կնոջ համար կամ նույնիսկ տհաճ դառնան։ Այս ամենը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, տոքսիկոզով, կրծքերի և սեռական օրգանների զգայունության փոփոխությամբ։ Երկրորդ եռամսյակում հիմնականում դիտվում են սեռական ցանկության բարձրացում և հեշտոցի նորմալ խոնավեցում: Վերջինն էլ ավելի դուրեկան և անցավ է դարձնում ներթափանցումը։ Երրորդ եռամսյակում կրկին կարող է դիտվել սեռական ցանկության նվազում՝ պայմանավորված քաշի ավելացմամբ, ցավերի առկայությամբ ու հոգեբանական լարվածությամբ։

 

՞ր սեքս-դիրքերն առավել հարմար կլինեն hղիների համար:   

-Հղիության ընթացքում դիրքերի մեծ մասը կարելի է փորձել՝ գտնելով այդ պահին ամենից հարմարը։ Կարելի է առանձնացնել «կինը վերևից» կամ «կողք կողքի» դիրքերը։ Դրանց դեպքում որովայնը չի ճնշվում, և կնոջը տրվում է հնարավորություն՝ վերահսկելու ներթափանցման խորությունը,  քանզի խորը ներթափանցումը կարող է և տհաճ լինել։

 

-Անհրաժե՞շտ է պաշտպանվել , թե՞ ոչ:

-Պետք է գնահատել հնարավոր սեռավարակների փոխանցման ռիսկը, ինչը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել և՛ հղիի, և՛ երեխայի մոտ: Անհրաժեշտ է խուսափել սեռական հարաբերության բոլոր ձևերից կամ անպայման օգտագործել պահպանակ, եթե զուգընկերը ակտիվ կամ վերջերս ախտորոշված սեռավարակ ունի:

 

՞նչ պարտադիր կանոնների պետք է հետևի զույգը և ուրիշ ո՞ր դեպքերում խուսափի սեռական հարաբերություն ունենալուց:

-Ինչպես մինչ հղիությունը, այնպես էլ հղիության ընթացքում, անհրաժեշտ է հիշել փոխադարձ համաձայնության մասին և, բնականաբար, հետևել  հիգիենայի կանոններին։ Հղիության ընթացքում հարկավոր է խուսափել սեռական հարաբերություն ունենալուց ներքոնշյալ դեպքերում.

․ նախկինում ունեցած վիժում

․ վաղաժամ ծննդաբերության վտանգ

․ հեշտոցային անբացատրելի արյունահոսություն

․ ամնիոտիկ հեղուկի (պտղաջրերի) արտահոսք

․ արգանդի վզիկի վաղաժամ բացում (արգանդի վզիկի անբավարարություն)

․ առաջադիր պլացենցա (ընկերք)

․ բազմապտուղ հղիություն

 

-Ծննդաբերությունից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է կրկին սեքսով զբաղվել:

-Խորհուրդ է տրվում ծննդաբերությունից հետո սպասել առնվազն վեց շաբաթ՝ նախքան հեշտոցային հարաբերություն ունենալը:

 

-Նորմա՞լ է կնոջ՝ սեռական կյանքի նկատմամբ հետաքրքության կորուստը ծննդաբերությունից հետո, և  ինչպե՞ս կարելի է այն վերականգնել:

-Այո՛, նորմալ է: Հոգնածության, կրծքով կերակրման, ցավի կամ հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով կանայք կարող են չունենալ նույն ցանկությունն ու զգացողություններն, ինչ հղիությունից առաջ։ Ծննդաբերությունից հետո հանդիպում է նաև ցավը հեշտոցային ներթափանցման ժամանակ: Պարզապես կրծքով կերակրելիս էստրոգենի և տեստոստերոնի մակարդակները նվազում են, ինչի արդյունքում էլ առաջանում է հեշտոցի չորություն և անբավարար խոնավեցում: Այս պարագայում կարելի է օգտագործել լյուբրիկանտներ՝ խոնավեցնող գելեր։ Ընդհանրապես, ճիշտ կլինի զուգընկերոջ հետ անկեղծորեն խոսել կարիքների, զգացողությունների և մտահոգությունների մասին: Եթե ​​սեքսը անհրապույր կամ ոչ հաճելի է, փորձեք գրկախառնվել, համբուրվել կամ մերսել միմյանց:

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան