Դաշտան․ ե՞րբ և ինչպե՞ս է սկսում աղջկա սեռահասունացումը - մաս 2

Նախածննդյան շրջան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Մարիաննա Ադամյանի հետ։ 

Նյութի առաջին մասը՝ այստեղ։

Արտադրության գույնը հուշում է…  

Դաշտանային արյան գույնը կարող է փոխանցել առողջական վիճակի մասին կենսական տեղեկություններ: Սև, շագանակագույն կամ մուգ կարմիր արյունը հին արյան նշան է և հայտնվում է դաշտանի սկզբում կամ վերջում: Վառ կարմիր արյունը ցույց է տալիս թարմ արյան կայուն հոսք: Դաշտանը կարող է սկսվել վառ կարմիր արյունահոսությամբ և մգանալ մինչև դաշտանի ավարտը: Վարդագույն արյունն առաջանում է, երբ դաշտանային արյունը խառնվում է արգանդի վզիկի հեղուկին: Հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը նվազեցնում է էստրոգենի մակարդակը մարմնում, որն էլ հանգեցնում է վարդագույն երանգով արյան հոսքի: Նարնջագույն կամ մոխրագույն արյունը հուշում է հեշտոցային ինֆեկցիայի մասին:      

                                                                                 

Հնարավո՞ր է, որ սկզբնական ժամանակահատվածում դաշտանն անկանոն լինի 

Այո՛, անկանոն դաշտանը տարածված երևույթ է, հատկապես՝ առաջին դաշտանին հաջորդող մի քանի տարիների ընթացքում: Շատ դեպքերում անկանոն դաշտանը դեռահասի մոտ տեղի ունեցող փոփոխությունների մի մասն է: Տարիքի հետ ցիկլը, հավանաբար, կկարգավորվի:

Անկանոն դաշտանի պատճառ կարող են հանդիսանալ դեղամիջոցները, չափից շատ մարզվելը, շատ ցածր կամ ավելորդ քաշ ունենալը, բավարար քանակությամբ կալորիաներ չուտելը: Հորմոնների անհավասարակշռությունը նույնպես պատճառ է դառնում: Օրինակ՝ վահանաձև գեղձի հորմոնների ցածր կամ բարձր մակարդակը դաշտանի հետ կապված խնդիրներ է առաջացնում: Որոշ աղջիկներ ունեն ավելորդ անդրոգեն հորմոն, որն անկանոն դաշտանի հետ մեկտեղ առաջ է բերում մազերի աճ դեմքին, կզակին, կրծքավանդակին և որովայնին: Քանի որ հորմոնների մակարդակն աճում կամ նվազում է դաշտանային ցիկլի ընթացքում, դա կարող է ազդել աղջկա ինքնազգացողության վրա՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես: Սա հայտնի է որպես նախադաշտանային համախտանիշ:                                                                          

Ցավը դաշտանի ժամանակ  

Պրոստագլանդին կոչվող հորմոնն արգանդում առաջացնում է մկանային կծկումներ, որոնք դուրս են մղում լորձաթաղանթը: Այս կծկումները ձևավորում են ցավը: Պրոստագլանդինի մակարդակը բարձրանում է դաշտանի սկսվելուց անմիջապես առաջ։

Որոշակի ցավը, ջղաձգությունը և դիսկոմֆորտը դաշտանի ժամանակ նորմալ են, սակայն չափազանց ուժեղ ցավը, որը ստիպում է բաց թողնել աշխատանքը կամ դպրոցը՝ նորմալ չէ: Եթե ֆիզիկական ցավը, տրամադրության փոփոխությունները և այլ նշանները  սկսում են ազդել առօրյա կյանքի վրա, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

Գովազդ