«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի հետ։
Էնդոմետրիոզը գինեկոլոգիական հիվանդություն է, որի պարագայում արգանդի ներքին լորձաթաղանթը սկսում է աճել և տարածվել իրեն ոչ բնորոշ հատվածներում, շարժվում է դեպի արգանդափողեր ու ձվարաններ, մուտք է գործում որովայնի խոռոչ, տեղակայվում միզապարկի, ուղիղ աղու վրա: Հազվագյուտ դեպքերում լորձաթաղանթը կարող է հայտնվել թոքերում, ուղեղում և անգամ մաշկի վրա: Թե ինչ կերպ է առաջանում էնդոմետրիոզը, հստակ պարզաբանված չէ: Մեխանիզմի վերաբերյալ կան տարբեր տարածված վարկածներ, որոնցից մեկը ռետրոգրադ մենստրուացիայի տեսությունն է: Համաձայն այդ տեսության՝ դաշտանի ժամանակ լորձաթաղանթի հոսքը կարողանում է տեղափոխվել ֆալոպյան փողեր: Լցվելով արգանդափողեր՝ այնուհետ անցնում է որովայնի խոռոչ, որտեղ արյունային բջիջները փորձում են ամրանալ որևէ օրգանի: Եվ հենց այս պահին է, որ օրգանիզմում պետք է հնչի փոքրիկ ահազանգ՝ «տարածքում առկա են օտարածին մարմիններ»: Տվյալ կապակցությամբ իմունային համակարգը կակտիվանա, կաճի մակրոֆագերի քանակությունը, կգործադրվի ճնշում ու կվերացվեն օտար համարվող արյունային բջիջները: Բայց քանի որ որոշ կանայք ունենում են գենետիկ խնդիրներ և ցածր իմունիտետ, նրանց մոտ բջիջներն ամրանում են ու աստիճանաբար մեծանում՝ ձևավորելով էնդոմետրիոիդ հետերոտոպիաներ: Պետք է հաշվի առնենք, որ էնդոմետրիոզի ծագման հարցում ժառանգական գործոններն իսկապես նշանակալի դեր են տանում: Եթե կինը տառապում է էնդոմետրիոզով, ապա մեծ է հավանականությունը, որ նրա դուստրը, մյուս ազգակցականները ևս կունենան այդ հիվանդությունը: Էնդոմետրիոզի առաջացման գործում, ի դեպ, հորմոնալ դիսբալանսը նույնպես նկատելի դերակատարմամբ է հանդես գալիս:
Նախանշաններ, որոնք անտեսել չի կարելի
Առանձնացվում է էնդոմետրիոզի չորս աստիճան՝ թեթև, չափավոր, միջին և ծանր: Նրա հիմնական ախտանշանը քրոնիկ ցավն է: Ցավը կարող է ունենալ բութ, սպազմատիկ, սուր բնույթ: Ընդ որում, կարող են լինել ցիկլիկ (գրանցվում են դաշտանից մեկ շաբաթ առաջ, դաշտանի ժամանակ, դաշտանից մեկ շաբաթ անց) կամ մշտական (ախտահարման պրոցեսը խորանում է, կապ է առաջանում կենտրոնական նյարդային համակարգի հետ): Ցավերի ուժգնությունն ու արտահայտման ձևը կապ չունեն աստիճանի հետ: Կարող է դիտվել էնդոմետրիոզի թեթև աստիճան, սակայն կինը գանգատվի ուժեղ ցավերից: Եվ հակառակը՝ դրսևորվի ծանր աստիճան, բայց կինը գանգատ չունենա ընդհանրապես: Այլ բնորոշ սիմպտոմ է մենստրուացիայից մի քանի օր առաջ, դաշտանից հետո մոտ 3-4 օր դիտվող մուգ շագանակագույն կամ սև արտադրությունը: Շատ դեպքերում էնդոմետրիոզն ընթանում է նաև անախտանիշ:
Պարզենք, թե ինչպիսի կապ կա անպտղության և էնդոմետրիոզի միջև
Անպտղությամբ տառապող կանանց մեկ երրորդի մոտ հայտնաբերվում է էնդոմետրիոզ: Էնդոմետրիոզն իր էությամբ բորբոքային պրոցես է ու առկա է է ինչպես արգանդի լորձաթաղանթում, այնպես էլ ֆալոպյան փողերում ու փողերից դուրս: Կնոջ մոտ միգուցե լինի նորմալ օվուլյացիա և բեղմնավորում, սակայն բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան չկատարվի բարձր ցիտոկինների, լուրջ բորբոքային գործընթացների պատճառով: Հղիությանը խոչընդոտող հանգամանք են դառնում մասնավորապես կպումային պրոցեսները:
Չնայած նշվածներին՝ էնդոմետրիոզը դատավճիռ չէ: Կինը հղիանալ կարող է, բայց կարևոր է պարզելը՝ էնդոմետրիոզի որ աստիճանն է նրա մոտ: Եթե թեթև և չափավոր տարբերակներն են, բուժելն ու հղիության հասնելը համեմատաբար հեշտ է: Եթե միջին ու ծանր ձևերն են, հղիությանը հասնելու համար անհրաժեշտ կլինի անցնել ավելի բարդ փուլեր: Իմիջայլոց, հղիությունը դրականորեն կարող է ազդել էնդոմետրիոզ ունեցող կնոջ վրա: Ուղղակի հղիության ժամանակ տեղի է ունենում պրոգեստերոնի մեծ քանակությամբ սինթեզ, իսկ էնդոմետրիոզի դեպքում սովորաբար հակադիր պատկերն է՝ պրոգեստերոնի ցածր քանակ: Հետևաբար հիվանդությունն ինչ-որ չափով հետընթաց կարող է ապրել:
Խնդրի ախտորոշումն ու բուժումը
Էնդոմետրիոզը, որպես կանոն, ունենում է երկար գաղտնի շրջան, և սկզբնական փուլերում այն ախտորոշելը դժվար է: Ախտորոշման գործում կարևորում է, նախ, անձի հետ զրուցելն ու մանրակրկիտ անամնեստիկ տվյալներ հավաքագրելը: Ախտորոշմանն օգնող ամենահեշտ և պարզ «գործիքը» ուլտրաձայնային հետազոտությունն է, ինչին հաջորդում է ՄՌՏ-ն ու հնարավորություն ընձեռում մանրամասն ինֆորմացիա ստանալ գենիտալ համակարգի հետ կապված:
Էնդոմետրիոզի բուժումը ենթադրում է երկու տարբերակ՝ դեղորայքային ու վիրահատական (կատարվում է լապարասկոպիա): Կնոջը նշանակվում են հորմոնալ պրեպարատներ, հնարավոր ցավերը մեղմելու նպատակով օգտագործվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ: Անկախ նրանից՝ կինը ստացել է դեղորայքային բուժում, թե լապարասկոպիկ, շատ ժամանակ անց էնդոմետրիոզը կարող է կրկին գլուխ բարձրացնել, ունի կրկնվելու հակում: Ուստի երբ կատարվում է միջամտություն, դրանից հետո պետք է շտապել հղիանալու հարցում:
Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 11 17 17
Ֆեյսբուքյան էջ՝ Dr. Anna Khachatryan
Ինստագրամյան էջ՝ dr.anna_khachatryan