Հեշտոցից թափանցիկ արտադրություն նկատելիս երբեմն շատ աղջիկներ շփոթվում են: Ինչու՞ դա չպետք է մտահոգի աղջկան, ինչպիսի՞ արտադրությունն է իսկապես ահազանգ կնոջ առողջությանը, ինչպե՞ս տարբերակել հեշտոցային նորմալ արտադրությունն ախտաբանական արտադրությունից և այլ հարցեր «Իմ փոքրիկ»-ը պարզաբանել է «Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հարությունյանի հետ:
Հեշտոցային արտադրության առկայությունը, ինչպես մասնագետն է նշում, բնական երևույթ է: Նորմալ արտադրությունը բնորոշվում է թափանցիկությամբ ու լորձանման տեսքով: Օրվա ընթացքում այն մինչև մեկ թեյի գդալի չափով դուրս է գալիս: Այդուհանդերձ, քանակը տատանվում է՝ կախված դաշտանային ցիկլի օրերից: Օրինակ՝ օվուլյացիոն փուլում որոշակիորեն ավելանում է: Ձվազատման ժամանակ նույնիսկ կարող է նշմարվել արյունային քսվող արտադրություն: Վախենալ հարկավոր չէ, եթե դա գրանցվում է դաշտանային ցիկլի կեսերին, էպիզոդիկ դիտվում է և անցնում:
Իգական սեռի ներկայացուցիները կարող են կասկածել արտադրության պաթոլոգիկ լինելու մասին, երբ նկատում են դեղնականաչավուն կամ սև երանգ, կաթնաշոռանման բաղադրություն, զգում են տհաճ հոտ: Թվարկված փոփոխությունները տեղի են ունենում զանազան պատճառներով՝ իմունիտետի անկում, հակաբիոտիկների օգտագործում, հիգիենայի չպահպանում և այլն։ Ցանկացած դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելն անթույլատրելի է, որովհետև այդպես հնարավոր է նպաստել առկա խնդրի քրոնիկ դառնալուն: