Հղիության արհեստական ընդհատման ժամանակ կինը մահացել է ալերգիայի պատճառով

Վերարտադրողական փուլ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 43 447 երեխա:

Հայաստանում շարունակում է արդիական մնալ հղիության արհեստական ընդհատման խնդիրը. 2011թ-ի տվյալները դեռ չեն ամփոփվել, իսկ 2010թ-ի տվյալներով, Հայաստանում մոտավորապես 8 հազարից ավել կանայք դիմել են հղիության արհեստական ընդհատման:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ բ.գ.դ. դոցենտ Գայանե Ավագյանը, հավելելով, որ Ժողովրդագրական, առողջապահական հետազոտությունները տվյալներով նախորդ տարիների համեմատ հղիության արհեստական ընդհատումը նվազել է 2.5 անգամ:

Նրա խոսքով, դրա պատճառը, ոչ թե ծնելիության ավելացումն է կամ սեռական կյանքի պասիվությունը, այլ երիտասարադության իրազեկավածությունը:

«Հիմա երիտասարդները շատ ավելի իրազեկված են, օգտագործում են լուրջ հակաբեղմնավորիչներ, տղամարդիկ շատ են պահպանակներ օգտագործում սեռավարակներից պաշտպանվելու համար, մարդկանց վարքագիծն է փոխվել եւ այլն եւ այլն», -ավելացրեց Գայանե Ավագյանը: Վերջինիս ուրախացնում է այն երեւույթը, որ մեր ազգային մենթալիտետից ելնելով, երիտասարդությունը շատ քիչ է առաջին հղիության պարագայում դիմում հղիության արհեստական ընդհատման:

«Բարեբախտաբար, առաջին հղիությունը մեր կանայք հիմնականում չեն ընդհատում: Հղիության բոլոր արհեստական ընդհատումները կարող են հանգեցնել չբերության, բորբոքումների, արյունահոսության: Կարող է եւ հենց առաջին անգամ դիմելուց հետո ի հայտ գան այս վտանգները, բայց կարող է եւ 10 անգամ էլ դիմեն ու այդ վտանգը չլինի: Այստեղ շատ կարեւոր է օրգանիզմի առանձնահատկությունը եւ, թե ինչ պայմաններում է կատարվում ընդհատումը, ո՞վ է կատարում: Եթե այն արվում է հղիության վաղ շրջանում եւ բժիշկների հսկողության տակ, հիմնականում անվտանգ է»,-ասաց նա:

Գ. Ավագյանը կարեւոր համարեց նաեւ այն, որ «հայ կանայք էլ շատ լուրջ են դարձել եւ ոչ ոք տնային պայմաններում չի դիմում հղիության արհեստական ընդհատման»:

Հարցին, թե Հայաստանում արձանագրվե՞լ են դեպքեր, երբ հղիության արհեստական ընդհատման պայմաններում մահացություն արձանագրվի, նա պատասխանեց. «Չէ, չէ բարեբախտաբար վերջին 6-7 տարում նման դեպք չի եղել, որ մարդը գնա հղիության արհեստական ընդհատման ու մահանա: Վերջին տարիներին մի դեպք ենք ունեցել, բայց այստեղ, ոչ թե հղիության արհեստական ընդհատումն էր պատճառը, այլ ալեգիան: Նույնիսկ ատամի հեռացման պատճառով, այս դեպքում, ալերգիան նրան մահացության կարող էր հանգեցնել»:

Գայանե Ավագյանի համոզմամբ, հղիության արհեստական ընդհատման արգելումը ամենեւին էլ չի նվազեցնի ընդհատումների քանակը, ավելին` կբերի մայրական մահացության բարձրացման: Օրինակ, բերելով կաթոլիկ երկրները, որտեղ , թեեւ հղիության արհեստական ընդհատումը պաշտոնապես արգելվում է, բայց կանայք այլ եղանակներ են գտնում երեխաներից ազատվելու համար: Կամ ծախսերն են կրկնապատկում` Իտալիայից հասնելով Ֆրանսիա կամ այլ երկիր, որտեղ այն թույլատրված է:

«Երբ Ռումինիայում արգելեցին հղիության արհեստական ընդհատումը, դա բերեց մայրական մահացության բարձրացման: Կանայք սկսեցին տանը դա անել, այլ միջոցներով ընդհատել, ինչն էլ հանգեցրեց մահվան թվի աճի»,-ասաց նա:

Հարկ է նկատել, որ կառավարության որոշման համաձայն` հղիության արհեստական ընդհատում կինը կարող է կատարել իր ցանկությամբ մինչեւ 12 շաբաթական ժամկետը, երբ պտուղը, որպես այդպիսին դեռ ձեւավորված չէ եւ հոգեպես կապված չէ մոր հետ:Սակայն, երբ կան բժշկական ցուցումներ պտղի արատի մասին կամ եթե հղիությունը եւ մոր առողջությունը անհամատեղելի են , այս դեպքում բժիշկների կողմից է դրվում հղիության արհեստական ընդհատման հարցը` մոր կայանքը փրկելու համար: Իսկ մինչեւ հղիության 22 շաբաթականը թույլատրվում է ընդհատել հղիությունը, եթե պտուղը մահացած է կամ չի զարգանում մոր արգանդում:

Հիշեցենք նաեւ, որ ՀՀ օրենսդրությամբ, հղիության արհեստական ընդհատումներն օրինականացվել են 1990 թ, իսկ 2004 ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց եւ հաստատեց վերը նշված հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները: Ինչեւէ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց ընդհամենը 20 տոկոսն է դիմել հղիության արհեստական ընդհատման սոցիալական եւ կենցաղային պայմաններից ելնելով: Մնացած 80 տոկոսը նշել է, որ իրենք ավելի բարեկեցիկ պայմանաներ են ցանկանում իրենց երեխայի համար: Մյուսներն էլ հղիությունը ընդհատում են ուսման, կարիերայի համար կամ գտնում, որ մեկ, երկու երեխան բավական է, ինչը, եթե հանգամանալիորեն ուսումնասիրենք կրկին կապված է սոցիալական պատճառների հետ:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am

Գովազդ