Սեքսապաթոլոգ. «Հարեւանաբուժությամբ» մի զբաղվեք, դիմեք բժշկի

Վերարտադրողական փուլ

Եթե նոր ամուսնացած զույգը մինչեւ մեկ տարին չի հղիանում, անհամբեր սկեսուր-սկեսրայրները, հարս ու փեսայի հարազատները կարող են հանգիստ լինել: Դա դեռ չի նշանակում, որ ամուսինների մոտ անպտղություն է:  «Հենարան» ակումբում բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, անդրադառնալով անպտղության թեմային, խորհուրդ տվեց մեկ տարին անցնելուց հետո նոր միայն դիմել բժշկի: Իսկ որպեսզի զույգերը խուսափեն հետամուսնական խնդիրներից, ավելի ճիշտ կլինի մինչեւ ամուսնանալը հետազոտություն անցնեն:

Բժիշկ Շահրամանյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում անպտղության ցուցանիշները բավականին բարձր են: Ըստ նրա, առողջապահական համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն, այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15 %-ը, լրջագույն աղետի առաջ են կանգնած: Հայաստանում անպտղությունը հասնում է 20 % -ի, ինչն իր անմիջական ազդեցությունն ունի ժողովրդագրության վրա:

Անպտղության հիմնական պատճառները սեռավարակներն են, մութ ու ցուրտ տարիների հետեւանքները, աղտոտված մթնոլորտը, անառողջ սնունդը, տղաների ու աղջիկների կիպ հագուստը, աբորտները .«Յուրաքանչյուր աբորտ նվազեցնում է կնոջ հղիանալու հավանականությունը»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:

Ըստ նրա, մարզերում վիճակն ավելի վատ է. «Մարզերից ավելի շատ են գնում խոպան եւ այնտեղ չպաշտպանված սեռական կապեր ունենալով, այդ մարդիկ սեռավարակներ են ներկրում Հայաստան: Մեզ մոտ հիմնականում կանանց են մեղադրում անպտղության մեջ, եւ տղամարդն իր համար հանգիստ նստում է, իսկ կինը ընկնում է կլինիկաները, անալիզներ հաձնում, մինչդեռ 50/50 է, անպտղության պատճառների կեսը կանանց ուսերին է, կեսը՝ տղամարդկանց»:
Բժիշկը խորհուրդ է տալիս անպտղության դեպքում ոչ թե «հարեւանաբուժությամբ» զբաղվել, կամ օգտվել «հեքիմի, վախ չափողի ու գուշակների» ծառայություններից, այլ դիմել կոնկրետ բժիշկ-մասնագետի, քանի որ այդ «ինստանցիաները» անցնելուց հետո, զույգերի անպտղությունն ավելի խորացած է լինում եւ շատ հաճախ այլեւս օգնել հնարավոր չի լինում:

Վրեժ Շահրամանյանի խոսքերով, պետք է զգուշանալ շոգեբաղնիքներից, հյուրանոցներից, լողավազաններից, որտեղ սնկեր կան եւ խոնավությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում դրանց բազմանալու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Aravot.am

Գովազդ