«Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում

Վերարտադրողական փուլ

Լիլիթ Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին, ասում է, որ իր «կյանքը վերջացած» է, և որ «երբեք չի ների ինքն իրեն»:

«Եթե իմանայի` ինչ կլինի, երբեք նման քայլի չէի դիմի… Ինձ թվում էր, եթե երեխայից չազատվեմ, քաղաքով մեկ խայտառակ կլինեմ»,- հուզվում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում ապրող 20-ամյա Լիլիթը:

Նա պատմում է, որ երկուսուկես ամսական հղիությունը դադարեցնելու որոշումն ընդունել է անելանելի վիճակում. ծնողներին չէր կարող պատմել այդ մասին, քանի որ ամուսնացած չէր, իսկ ընկերը երեխայի մասին լսելուց հետո անհետացել էր:

Փորձառու ընկերուհիներից մեկի խորհրդով էլ Լիլիթը դեղատնից «Սայտոտեկ» է գնել և տնային պայմաններում փորձել

Լիլիթ Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին, ասում է, որ իր «կյանքը վերջացած» է, և որ «երբեք չի ների ինքն իրեն»:

«Եթե իմանայի` ինչ կլինի, երբեք նման քայլի չէի դիմի… Ինձ թվում էր, եթե երեխայից չազատվեմ, քաղաքով մեկ խայտառակ կլինեմ»,- հուզվում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում ապրող 20-ամյա Լիլիթը:

Նա պատմում է, որ երկուսուկես ամսական հղիությունը դադարեցնելու որոշումն ընդունել է անելանելի վիճակում. ծնողներին չէր կարող պատմել այդ մասին, քանի որ ամուսնացած չէր, իսկ ընկերը երեխայի մասին լսելուց հետո անհետացել էր:

Փորձառու ընկերուհիներից մեկի խորհրդով էլ Լիլիթը դեղատնից «Սայտոտեկ» է գնել և տնային պայմաններում փորձել դադարեցնել հղիությունը:

«Ես չէի ուզում, բայց ուրիշ ելք չունեի… Մի բուռ «Սայտոտեկ» խմեցի, հետո սարսափելի արյունահոսություն սկսվեց, զգացի` ինչպես եմ կորցնում երեխայիս… - պատմում է նա: - Ամբողջ լողարանն արյան մեջ էր, ծնողներս` սարսափահար, քանի որ չգիտեին` ինչ է կատարվում… Մայրս ուշաթափվեց: Արյունահոսությունը չէր դադարում, և բժիշկները կյանքս փրկելու համար հեռացրեցին արգանդս: Ես այլևս երեխա չեմ ունենա…»

Առողջապահության ոլորտի մասնագետներն ասում են, որ եթե նախկինում շատ կանայք անցանկալի հղիությունից ազատվելու համար դիմում էին «հնարավոր և անհնարին» միջոցներին` պահարանների վրայից թռչելուն, արգանդի մեջ տարբեր առարկաներ և խողովակներ մտցնելուց մինչև հեքիմական դեղաբույսերով խառնուրդներ խմելուն, վերջին տարիներին Հայաստանում վաճառվող` վիժում առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես, «Սայտոտեկը» (Cytotec), առաջատարի դիրք է գրավել` սխալ կիրառման դեպքում իսկական պատուհաս դառնալով շատ կանանց համար:

ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշում է, որ տնային պայմաններում, իրազեկման ցածր մակարդակում ինքնուրույն կատարվող դեղորայքային աբորտները այսօր «առողջապահության նախարարության առաջնային հարցերից են»:

«Նորմալ, օրինական, բոլոր նորմերը պահպանելու պայմաններում հղիության դեղորայքային ընդհատումն ավելի անվնաս է, քան գործիքայինը,- «Մեդիալաբին» ասում է Աբրահամյանը,- սակայն վտանգավոր է, երբ հարևաններից լսելով, առանց բժշկի, փորձում են, օրինակ` «Սայտոտեկի» օգնությամբ, ինքնուրույն ազատվել հղիությունից: Այս դեպքում հնարավոր են բարդություններ, հնարավոր են արյունահոսություններ, հնարավոր է ամեն ինչ»:

«Սայտոտեկը», ըստ դեղագետ Հրանտ Պապիկյանի, իրականում ստամոքսի հակախոցային պատրաստուկ է, սակայն խիստ հակացուցված լինելով հղիներին՝ արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով:

Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» փոքր հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:

«Հասկանո՞ւմ եք, «Սայտոտեկը» հզոր պրեպարատ է, իսկ մեզ մոտ, առանց իմանալու, անգրագետ վերցնում են և խմում միանգամից նույնիսկ 16 հաբ… Այդ պատճառով մենք քանի անգամ նույնիսկ մահվան դեպք ենք ունեցել: Ամենօրյա պրակտիկայում կանանց և աղջիկներին բերում են ներքին արյունահոսությամբ, որոնց կյանքը հազիվ ենք փրկում»,- «Մեդիալաբին» ասում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը:

Բժիշկները հավաստում են, որ Հայաստանում բազմաթիվ հարցեր կան, որոնք կանանց և աղջիկներին դրդում են նախընտրելու անհայտ և վտանգավոր տնային աբորտը. հայերի ավանդապաշտ լինելը, ինչը ստիպում է արտամուսնական կապեր ունեցող աղջիկներին թաքուն տնային աբորտի դիմել, անցանկալի երեխայից արագ ազատվելու ցանկությունը, սոցիալական անապահովությունը, բժշկական ծառայությունների անհասանելիությունը և այլն:

Մարզային հիվանդանոցներում պատմում են, որ խնդիրն իրենց ծանոթ է, և որ վերջին տարիներին բազմաթիվ կանայք հիվանդանոցում նվազագույնը 15-20.000 դրամով աբորտ անելու փոխարեն նախընտրում են «էժան և մատչելի» «Սայտոտեկի» հաբերը` հատը 160-200 դրամ:

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը հավաստում է, որ «ծայրահեղ, արյունահոսող» վիճակում իրենց դիմած կանանց մեծ մասը հենց տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվել ցանկացողներն են:

«Բացառիկ դեպքերում է, որ տնային պայմաններում դեղերի կամ այլ միջոցների կիրառմամբ միջամտությունները հաջողությամբ ավարտվեն,- ասում է Միրզոյանը: - Որպես հետևանք ունենում ենք թերի վիժումով, վտանգավոր վիճակում արյունահոսող կանայք»:

Չնայած համատարած մտահոգություններին, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական ու վերարտադրողական առողջության անվտանգության բաժնի պետ Գայանե Ավագյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանում տնային աբորտների վերաբերյալ որևէ ուսումնասիրություն չկա:

Մասնագետն այնուամենայնիվ հավելում է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանում դրական միտում կա, գրանցված աբորտների թիվը աստիճանաբար նվազում է:

Դրական միտումի մասին փաստում է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով իրականացրած «2010-ի Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը» (ՀԺԱՀ-2010):

«Հարցմանը նախորդած երեք տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ 29 տոկոսը` աբորտով: 2005 թ.-ից ի վեր, երբ աբորտով էին ավարտվում հղիությունների 45 տոկոսը, աբորտի ցուցանիշը զգալիորեն նվազել է»,- նշված է հետազոտության մեջ:

Նույն հետազոտության մեջ գրեթե ամբողջական թվերով ներկայացված է, որ հիշյալ ժամանակահատվածում «կատարված աբորտների 57 տոկոսն իրականացվել է գործիքային միջամտությամբ` քերելով, իսկ 39 տոկոսը` վակուումային ասպիրացիայի միջոցով»:

Այնուամենայնիվ, հետազոտության մեջ հղիության ընդհատման դեղորայքային միջամտության մասին որևէ հիշատակություն չկա:

Մինչդեռ, զարմանալի զուգադիպությամբ, աբորտների նվազման միտումներն ուղղակիորեն համընկնում են հայաստանյան շուկայում «Սայտոտեկի» հայտնվելու ժամանակահատվածին:

Չնայած առողջապահության նախարարության` «Մեդիալաբին» տված պաշտոնական պատասխանի համաձայն, «Պիրամալ Հելթքեյր ՈՒԿ լիմիթեդ» Միացյալ Թագավորության արտադրության «Սայտոտեկ 200 մկգ» դեղամիջոցը ՀՀ-ում գրանցվել է 2009-ի դեկտեմբերի 7-ին, այնուամենամենայնիվ «Մեդիալաբի»` հանրապետության տարբեր դեղատներում արած հարցումների համաձայն` 2007-ից ի վեր, առանց գրանցման, որոշ դեղատներում «Սայտոտեկն» արդեն իսկ հասանելի էր:

Թերեւս դրա վառ վկայությունը նաեւ 2007-ի ապրիլին ոստիկանության հաղորդագրություններից մեկն է, ուր տեղեկություն կա տնային պայմաններում «Սայտոտեկի» օգնությամբ հղիությունից ազատվել ցանկացող կնոջ մահվան մասին:

Երևանի բնակչուհի 29-ամյա Մարի Ավանեսյանի ծանոթությունը «Սայտոտեկի» հետ եւս կայացել է 2007-ին: Նա պատմում է, որ հինգ տարի առաջ դեկտեմբերին ինքը Կոմիտասի պողոտայի դեղատներից մեկից բուժաշխատողներից մեկի խորհրդով «Սայտոտեկ» է գնել և տնային պայմաններում փորձել ընդհատել հղիությունը:

Նրա խոսքով` թեև «Սայտոտեկի» հաբեր խմելուց հետո ցավեր չի զգացել, այնուամենայնիվ ուժեղ արյունահոսությամբ տեղափոխվել է մոտակա ծննդատներից մեկը, որտեղ բժիշկներն առանց «գրանցելու» բուժօգնություն են ցուցաբերել իրեն և ճանապարհել տուն:

«Իմ երկու ընկերուհիները տարբեր ժամանակներում «Սայտոտեկի» օգնությամբ փորձել են ազատվել անցանկալի հղիությունից: Նրանցից մեկին դա լիարժեք հաջողվել է, սակայն մյուսի մոտ, ինչպես ինձ մոտ, խնդիրներ էին առաջ եկել, և նա ստիպված է եղել բժշկի դիմել: Խնդիրներ լինեն թե ոչ, շատերն այսօր գիտեն «Սայտոտեկի» գոյության մասին և, մեկը մյուսին ասելով, օգտագործում են»,- ասում է Ավանեսյանը:

Երկար տարիներ վերարտադրողական առողջության խնդիրների, սեռական առողջության և այս ոլորտի տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող «Հանուն ընտանիքի և առողջության» ՀԿ տնօրեն Մերի Խաչիկյանն ասում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` ինքը թերահավատ է վիճակագրության ու աբորտների նվազման միտումների նկատմամբ:

«Այդ թվերը չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ, օրինակ, դեղահաբային աբորտների դեպքում շատերը չեն գրանցվում: Անգամ եթե սխալ դեղահաբ ընդունելուց հետո կնոջ մոտ խնդիրներ առաջ գան, և նա բժշկի դիմի, հարցերը հիմնականում լուծվում են առանց ավելորդ գրանցումների, պետական մուծումների և աղմուկի»,- ասում է Խաչիկյանը:

Անաղմուկ գործերին զուգահեռ, տարեցտարի «Սայտոտեկի» ներկրման ծավալների աճի միտումները բավականին ուշագրավ են:

Ըստ ԱՆ-ից «Մեդիալաբին» տրամադրած տվյալների, եթե, օրինակ, 2010-ին «Սայտոտեկ 200 մկգ» դեղամիջոցից պաշտոնապես Հայաստան է ներկրվել 2500 տուփ, ապա 2011-ին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 10 անգամ` հասնելով 26.655 տուփի:

Հանրապետության տարբեր քաղաքների դեղատներում «Մեդիալաբի» փոքրիկ հարցումներին ի պատասխան դեղատան աշխատակիցները նշել են, որ «Սայտոտեկի» «պահանջարկը» տարեցտարի աճում է, իսկ գնորդները մեծ մասամբ երիտասարդ կանայք ու աղջիկներ են:

Սակայն, այնուամենայնիվ, առանց լուրջ հետազոտության, հնարավոր չէ ասել՝ ինչ նպատակով են վերարտադրողական տարիքի կանայք դեղամիջոցը գնում:

Իրական պատճառների և տնային միտումների մասին պատկերացում կազմելու համար, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի` անհրաժեշտ է ամբողջական ուսումնասիրություն: Սակայն, առանց հետազոտության էլ պաշտոնական վիճակագրության մեջ նա առնվազն մեկ անհամապատասխանություն է մատնանշում:

2010-ի Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության» համաձայն` 2005-2010 թթ. Հայաստանում աբորտները շատ ավելի մեծ չափով են կրճատվել (16 տոկոս), քան աճել է հակաբեղմնավորիչների օգտագործումը (7 տոկոս), և տրամաբանորեն պետք է որ համապատասխանաբար աճեր նաև ծնունդների թիվը: Սակայն իրականում ո´չ ծնունդների թիվն է աճել, ո´չ էլ չբերության տոկոսը:

«Ուրեմն ո՞ւր են կորչում այդ չաբորտները: Կա´մ ժողովուրդը սեքսով չի զբաղվում, կա´մ ինչ-որ տեղ մենք դա չենք գրանցում, և, ամենայն հավանականությամբ, դա հենց դեղորայքային աբորտն է»,- ասում է Հայրապետյանը:

ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է, որ տնային պայմաններում դեղորայքային աբորտների թիվը վերջին տարիներին հատում է մտահոգիչ լինելու սահմանը:

«Նախարարությունը մտածում է հարցը կանոնակարգելու ուղղությամբ,- ասում է Աբրահամյանը: - Վերահսկողություն պետք է լինի, դեղը պետք է դուրս գրվի միայն դեղատոմսով, այլ ոչ թե ազատ վաճառվի դեղատանը, իսկ հղիության ընդհատումը պետք է կատարվի միայն մանկաբարձա-գինեկոլոգիական ստացիոնարի պայմաններում»:

Մարիաննա Գրիգորյան

Medialab.am

Գովազդ