Որքա՞ն գումար է հարկավոր անպտղությունը բուժելու համար

Վերարտադրողական փուլ

Հայաստանում անպտղությունն անցնելով 15 %-ը` հասել է  20 %-ի: Այնինչ առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն` այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը՝ լրջագույն աղետի առաջ է կանգնած:

«Կլինիկական փորձը վկայում է, որ այսօր մեր կլինիկաներ սկսել են ավելի հաճախ դիմել

Հայաստանում անպտղությունն անցնելով 15 %-ը` հասել է  20 %-ի: Այնինչ առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն` այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը՝ լրջագույն աղետի առաջ է կանգնած:

«Կլինիկական փորձը վկայում է, որ այսօր մեր կլինիկաներ սկսել են ավելի հաճախ դիմել անպտղության խնդիր ունեցող ամուսնական զույգերը: Արդյունքում անպտղության խնդիրը Հայաստանում վերածվել է ոչ թե բժշկական, այլ բժշկասոցիալական և համազգային խնդրի: Այսինքն` անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է վերարտադրողական առողջության ցուցանիշների և ամենակարևորը` ժողովրդագրության վրա»,- մեզ հետ զրույցում ասաց սեքսապաթալոգ Վրեժ Շահրամանյանը:

Ապացուցված է, որ առողջ ամուսնական զույգերի 30%-ի մոտ հղիանալ ստացվում է համատեղ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում, 60 %-ի մոտ՝ առաջին յոթ ամիսների ընթացքում, իսկ մնացած 10 %-ի մոտ՝ սեռական կյանք սկսելուց 11-12 ամիս հետո:

«Անպտղության պատճառները շատ են և նույնն են ամբողջ աշխարհում:

Հայերիս դեպքում ավելանում են երկրաշարժը, պատերազմը, ցուրտ ու մութ տարիները, սթրեսը: Այս ամենը, իհարկե, համատարած լուրջ բացասական ներգործություն է ունեցել»,- հավելեց Շահրամանյանը, ավելացնելով, որ շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, նրանց մեծամասնությունն ապրում է զարգացող երկրներում։ Անպտղության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ։ Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ:

Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել, թե՛ կինը, թե՛ տղամարդը:

«Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, և տարեց տարի վիճակը ավելի է բարդանում: Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաև պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ»,- ասաց սեքսապաթալոգը:

Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետևանքներ են բերում: Ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), ոչ լիարժեք սնունդը:

«Կարևոր դեր ունի սնունդը, քանի որ օրգանիզմի թունավորումների 85%-ից ավելին բաժին է ընկնում անառողջ սննդին, և միայն մոտ 15%-ը՝ մթնոլորտի աղտոտվածությանը, այդ թվում՝ ծխախոտին։ Սննդային հավելումներ ենք ընդունում բազմաթիվ մթերքներով, գյուղմթերքի հետ՝ թունաքիմիկատներ. մեր լյարդն ու երիկամները ուղղակի չեն հասցնում մաքրել օրգանիզմը, և տոքսիկ նյութերի կուտակումը հանգեցնում է նաև անպտղության»,- հավելեց Շահրամանյանը

Իսկ անպտղաբերության հոգեբանական պատճառների մասին մենք զրուցեցինք հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով պատասխանեց, որ դրանք շատ տարբեր են լինում՝  սկսած անհամապատասխանությունից վերջացրած կնոջ վախերով, կամ ենթագիտակցաբար տղամարդուն չընդունելով:  «Հոգեբանական անպտղությունը կանացի խնդիր է, սակայն կարգավորման համար աշխատում են երկուսի հետ էլ: Բայց տղամարդկանց մոտ հազվադեպ է պատահում»,- նշեց հոգեբանը:

Ըստ սոքսապաթալոգի, առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան ճակատագրական դիետաներից:  Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարևոր նշանակություն ունի  ճիշտ սննդակարգը՝ ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սև շոկոլադ, նարինջ, գրեյֆրուտ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր, ինչպես նաև ծխելուց հրաժարվելը. այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշները:

«Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Կարևորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը»,- նշեց Շահրամանյանը:

Իսկ ըստ հոգեբանի անպտղաբերությունը գալիս է ծնողական դաստիարակությունից մինչեւ առանց սիրո ամուսնությունը: «Կարծում եմ, որ ցանկացած տիպի անպտղության դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանի, քանզի այդ ժամանակ սրանում են որոշակի հարաբերություններ, որն էլ նույնպես կարող է բերել երկրորդային հոգեբանական անպտղության»,-հավելեց հոգեբանը:

Նշենք, որ  Հայաստանում անպտղության բուժումը տատանվում է 3500-ից 5000 դոլարի սահմաններում, իսկ այլ երկրներում՝ 12.000-ից մինչև 20.000 դոլար, ու մի շարք երկրներում գումարը  տրամադրում է պետությունը:

 

Մելինե Տոնոյան

YerevanNews.am

Գովազդ