Ինչ է սովորութային կրելախախտը. պարզաբանում է մանկաբարձ-գինեկոլոգը

Վերարտադրողական փուլ

Ըստ առողջապահույթյան համաշխարհային կազմակերպության` «սովորութային կրելախախտ» կարելի է ախտորոշել մինչև հղիության 22 շաբաթը  3 ինքնաբեր վիժման դեպքում: Հղիության սովորութային կրելախախտի առաջացման պատճառներում տարբերում ենք գենետիկ, անատոմիական, էնդոկրին,

Ըստ առողջապահույթյան համաշխարհային կազմակերպության` «սովորութային կրելախախտ» կարելի է ախտորոշել մինչև հղիության 22 շաբաթը  3 ինքնաբեր վիժման դեպքում: Հղիության սովորութային կրելախախտի առաջացման պատճառներում տարբերում ենք գենետիկ, անատոմիական, էնդոկրին,

իմունոլոգիական, ինֆեկցիոն և տրոմբոֆիլիական գործոններ: Թվարկված պատճառների  չհայտնաբերման դեպքում վիժումը համարվում է իդիոպաթիկ, այսինքն` առանց պարզաբանված պատճառի:

Էնդոկրին համակարգի խնդիրներից սովորութային կրելախախտի կարող են հանգեցնել  հիպերանդրոգենեմիան, լյուտեինային  փուլի անբավարարությունը, հիպերպրոլակտինեմիան, վահանաձև գեղձի դիսֆունկցիան և այլն: Անատոմիական խնդիրներից ամենահաճախ հանդիպողներն  են  երկեղջյուր արգանդը, ադենոմիոզը, արգանդի խոռոչի սինեխիաները, ինչպես նաև իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը: Իմունոլոգիական գործոնը  ևս ունի մեծ ազդեցություն սովորութային կրելախախտի առաջացման մեխանիզմում:

Մեր օրերում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ դերակատարություն է տալիս սովորութային կրելախախտի առաջացման գործում տրոմբոֆոլիաների` գենետիկական շեղումների վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև հղիության գրագետ վարմանը տվյալ պաթոլոգիայի դեպքում: Տրոմբոֆիլիաների հետևանքով տեղի է ունենում հեմոստազի խանգարում, որը բնորոշվում է վաղ և ռեցիդիվող թրոմբոզով, թրոմբոէմբոլիայով, պլացենտայի իշեմիայով և ինֆարկտի օջախներով:

Այս ամենի հետևանքով հղիության վաղ ժամկետներում առաջանում են հեմատոմաներ, վիժման սպառնալիք, վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, ինչպես նաև պտղի ներարգանդային քրոնիկ հիպօքսիա, պտղի ներարգանդային աճի դանդաղում:

Տարածված է այն կարծիքը, որ մեծ տարիքումշատ հաճախ է հանդիպում սովորութային կրելախախտ, պտղի գենետիկ խնդիր և, ընդհանրապես, բարդացած հղիություն և ծննդաբերություն:

Ճիշտ է, տարիքավոր հղիները  թիրախային բարձր ռիսկայնության խմբում են, սակայն  2-3 անհաջող հղիությունը և վիժման դեպքերը դեռևս դատավճիռ  չեն: Նրանց դեպքում ևս հղիության ճիշտ պլանավորումը, ինչպես նաև հղիության ընթացքի գրագետ վարումը, այսինքն սկրինինգ-թեստերի կիրառումը, կարող է հանգեցնել բերկրալի վերջակետի՝ առողջ նորածնի ծննդի:


Նյութը՝ Աննա Արսենի Տողրամաջյանի

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ

Հեռ. +374 77 74 40 11

Գովազդ