Անպտղության անվճար բուժում՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ. ովքե՞ր կարող են դիմել եւ ինչպե՞ս

Վերարտադրողական փուլ

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների (ՎՕՏ) կիրառմամբ անպտղության բուժումը անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար մատչելի դարձնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2015թ. մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշմամբ հաստատվել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները»:

Սույն որոշման համաձայն՝ սահմանված են պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով ՎՕՏ-ի կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծավալները՝

1. անպտղության պատճառագիտության ախտորոշման և կիրառվելիք մեթոդի որոշման նպատակով իրականացվող համալիր հետազոտությունները,

2. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը` արհեստական սերմնավորման մեթոդով (առավելագույնը 6 փորձ, երեք դաշտանային պարբերաշրջանում մինչև 6 սերմնավորում):

3. մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտությունները` եթե առկա են արտամարմնային բեղմնավորման իրականացման վերաբերյալ որոշումը և հնարավորությունը հավաստող փաստաթղթեր:

Նույն որոշման համաձայն, պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերը ներկայացված ծառայություններից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները, իսկ վերը ներկայացված ծառայություններից արտոնյալ պայմաններով (արժեքի 50%) օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Շահառուները միաժամանակ պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին՝

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը (եթե մեթոդը արդեն որոշված է)

3) ամուսինները կամ նրանցից մեկը երկու և ավելի տարի տառապում են անպտղությամբ և առկա են ՎՕՏ-ի կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից.

4) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով քաղաքացիների դիմումների քննարկման և բժշկական կազմակերպություններ ուղեգրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացին (դիմումատուն) ՀՀ առողջապահության նախարարության հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում, ձևը կցվում է. ներբեռնել այստեղ

2) անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու դեպքում՝ 30.00 (անվճար պայմաններով բժշկական օգնություն ստանալու համար) կամ 10.00-ից մինչև 30.00 (արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու համար) անապահովության միավոր ունենալու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

3) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից երկու և ավելի տարի անպտղությամբ տառապելու փաստը և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի համապատասխան մեթոդի կիրառման անհրաժեշտությունը հավաստող փաստաթուղթը.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը (ամուսնության վկայական).

5) կնոջ` անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնակա-նացման քարտ).

6) ամուսինների/ամուսիններից մեկի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները (անձնագիր, նույնականացման քարտ):

Առաջարկում ենք բոլոր նրանց, ովքեր վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության կարիք ունեն և հանդիսանում են սահմանված պահանջներին համապատասխանող շահառուներ, վերը ներկայացված փաստաթղթերով հանդերձ դիմել ՀՀ առողջապահության նախարարություն՝ Երևան, Կառավարական N3 մասնաշենք, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 52-15-59 կամ 56-55-81 հեռախոսահամարներով:

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն

Գովազդ