Արգանդի պարանոցի հիվանդություններ` պոլիպից մինչեւ քաղցկեղ. մասնագետի պարզաբանումները

Վերարտադրողական փուլ

Նյութը ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը


Արգանդի պարանոցի հիվանդությունները լայն տարածում ունեն կանանց ախտաբանության մեջ: Ցանկացած կին, նույնիսկ որևէ գանգատի բացակայության դեպքում, տարեկան 2 անգամ պետք է այցելի մանկաբարձ-գինեկոլոգի, որպեսզի անցկացվի կանխարգելիչ բուժզննում:

Գոյություն ունեն արգանդի վզիկի ախտաբանության մի շարք դասակարգումներ: Գործնականում կիրառելի է հետևյալ մորֆոլոգիական դասակարգումը` ֆոնային պրոցեսների, նախաքաղցկեղային և արգանդի պարանոցի հիվանդություններ:

Ֆոնային պրոցեսներն իրենց մեջ նեռարում են  էկտոպիաները (էնդոցերվիկոզ, գեղձային էրոզիա, պսևդոէրոզիա), պոլիպները, պապիլոմաները, բորբոքային պրոցեսները, հետվնասվածքային պրոցեսները, սպիական փոփոխությունները:

Նախաքաղցքեղային վիճակները ներառում են  տարբեր աստիճանի  արտահայտված դիսպլազիաներ, լեյկոպլակիա  բջիջներ,  Cancer in situ` ներէպիելային 0 փուլ, միկրոկացինոմա և կլինիկական ձևեր :

Արգանդի վզիկի ֆոնային հիվանդություններից ամենատարածվածն արգանդի վզիկի էրոզիան է՝ էկտրոպիոնը: Արգանդի վզիկի էրոզիան իրենից ներկայացնում է վզիկի լորձաթաղանքի դիստրոֆիա: Հիվանդությունների առաջացումը կարող է կապված լինել բորբոքումների  և  ծննդաբերական վնասվածքների հետ:

Պսևդոէրոզիան համարվում է նախաքաղցքեղային պրոցես, երբ բորբոքային պրոցեսը ներթափանցում է ավելի խորը շերտեր` առաջացնելով բջիջների ատիպիա: Ախտորոշումը տեղի է ունենում վզիկի զննումով, հայելիներով, կոլպոսկիայով: Էրոզիայի և պսևդոէրոզիների դեպքում անհրաժեշտ է լիարժեք բուժզննում, ուղեկցող բորբոքային հիվանդությունների բուժում, սպեցիֆիկ ինֆեկցիաների հայտնաբերում և բուժում: Որոշակի իրավիճակներում  անհրաժեշտ են նաև վիրահատական միջամտություններ:

Արգանդի վզիկի պոլիպն իրենից ներկայացնում է արգանդի վզիկի խողովակի լորձաթաղանթի գերաճ: Բուժումը վիրահատական է. հեռացված պոլիպը պետք է ուղարկվի հյուսվածքաբանական քննության:

Արգանդի պարանոցի քաղցկեղ.  այս հիվանդությունը տարբերվում է մյուս քաղցկեղներից , քանի որ առաջացման հիմնական պատճառները հայտնի են բժշկությանը՝ պապիլոմա վիրուսի առկայությունը և նրա ակտիվ գործունեությունը  կնոջ օրգանիզմում: Շատ կարևոր է քաղցկեղի հայտնաբերումը վաղ շրջանում, որպեսզի կանխվի չարորակ գործընթացների առաջացումը և հնարավոր լինի խուսափել մահվան ելքից: Արգանդի պարանոցի քաղցկեղը հիմանակնում հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ , ախտորոշվում է հիմնականում 35-55 տարեկանում:

Ցանկացած նախաքաղցկեղային իրավիճակում անհրաժեշտ է դինամիկ վերահսկողություն:

Տարբերում են.

  • թեթև աստիճանի դիսպլազիա(CIN I), որի դեպում անհրաժեշտ է կատարել պապիլոմա վիրուսի քննություն, կոլպոսկոպիա և բիոպսիա: Բուժումը կախված է պաթոհիստալոգիական քննության պատասխանից:
  • բարձր աստիճանի տափակ բջջային ներէպիթելային ախտահարումներ, որոնք  ներառում են CiN II, CiN III, քաղցկեղ in situ: Ախտորոշման մեթոդները նույնն են:  Հյուսվածքաբանական հետազոտությամբ՝ ախտորոշման հաստատումից հետո անհրաժեշտ է ախտահարված հատվածն ամբողջությամբ հեռացնել:

Անհրաժեշտ է հիշել, որ արգանդի պարանոցի ախտաբանությունները, նախաքաղցկեղային վիճակները  նախաքաղցկեղային գործընթացներ  են, երբ բորբոքային պրոցեսը ներթափանցում է  ավելի խորը շերտերը՝ առաջացնելով բջիջների ատիպիա: Ախտորոշումը տեղի է ունենում վզիկի զննումով, հայելիներով , կոլպոսկիայով և նշանակիր բիոպսիայով: Խնդիրների ճիշտ և ժամանակին հայտնաբերումը և գրագետ բուժումը  կօգնի Ձեզ խուսափել բազմաթիվ խնդիրներից:

Գովազդ