Ձվազատման բացակայություն. հավանական պատճառներն ու ախտորոշումը

Վերարտադրողական փուլ

Մենստրուացիոն ցիկլի միջանկյալ հատվածում՝ 11-16-րդ օրերին, ձվարանից դուրս է գալիս  հասունացած ձվաբջիջ, որի առաջնահերթ նպատակը սերմնաբջջին հանդիպելն է: Այս երկուսի բարեհաջող հանդիպման արդյունքում տեղի է ունենում բեղմնավորում, և հիմք դրվում նոր օրգանիզմի ձևավորման համար: Թերևս որոշ կանանց մոտ այդպես էլ չի արձանագրվում հղիություն, քանի որ բացակայում է վերոնշյալ առաջին օղակը՝ ձվազատումը: Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը նշում է,  որ  ձվազատման պրոցեսի խանգարման պատճառներ կարող են լինել սթրեսը, ճարպակալումը, հորմոնալ ֆոնի, նյութափոխանակության ու վահանաձև գեղձի ֆունկցիայի խաթարումները: Դրա հետ կապված խնդիրները հստակորեն վեր հանել հնարավոր է միայն ուսումնասիրությունների միջոցով: Անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն: Այդ կերպ պարզվում է օվուլյացիայի առկայությունը կամ բացակայությունը, ապա անցկացվում հորմոնալ հետազոտություն: Դե իսկ վերջնական արդյունքներից ելնելով՝ նշանակվում է համապատասխան բուժում:

Առհասարակ ձվարանների խթանումը կատարվում է տարբեր պրեպարատների օգնությամբ, ինչպես, օրինակ, կլոստիլբեգիտի: Եվ հաճախ կանանց հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր խթանիչների օգտագործման պարագայում հասունանա, ու բեղմնավորվի ոչ թե մեկ ձվաբջիջ, այլ մեկից ավելի: «Այո՛, բազմապտուղ հղիություն ստանալու հավանականություն կա, սակայն այն նաև վտանգ է պարունակում: Հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա մինչև վերջ կրել այն»,-ընդգծում է Աննա Խաչիկյանը: Նրա խոսքով՝ դեղամիջոցների կիրառման դեպքում հարկավոր է հաշվի առնել կնոջ առողջական վիճակն ու մարմնի քաշը: Քաշի գործոնը շեշտվում է, որովհետև ճարպակալման դեպքում խորհուրդ չի տրվում տվյալ դեղերն օգտագործել:   

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ