Ինչպե՞ս կարելի է որոշել բեղմնավորման օրը

Վերարտադրողական փուլ

Բեղմնավորման ունակությունն ընդունված է անվանել ֆերտիլություն: Օրգանիզմի կենսաբանական ռիթմի իմացությունը թույլ է տալիս ինքնուրույն որոշել բեղմնավորման օրը:

Տղամարդու օրգանիզմը  միշտ պատրաստ է բեղմնավորման գործընթացին՝ պայմանավորված տղամարդու մշտական ֆերտիլությամբ: Մինչդեռ կնոջ օրգանիզմը ենթակա է տարբեր գործոնների ազդեցության, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում ձվազատման վրա:

Բեղմնավորման պահը որոշելու առաջին նշանը դաշտանային ցիկլն է: Որպես կանոն՝ այն բաժանվում է 3 հիմնական շրջանների: Առաջինը  ձվաբջջի աճման պահն է: Այդ ընթացքում բեղմնավորման և հղիության հնարավորությունը նվազագույն է: Երկրորդ հատվածը ձվաբջջի դուրս գալն է ձվարանից: Հենց այս շրջանն է ենթադրում բեղմնավորման գործընթացը: Երրորդ շրջանը լիովին անպտուղ է, քանի որ տվյալ ընթացքում տեղի է ունենում ձվաբջջի ոչնչացում:

Կան երկրորդ փուլը ճանաչելու մի քանի նշաններ: Ամենատարածվածը և ստույգը համարվում են արգանդի դիրքը, վզիկային լորձի առկայությունը, բազալ ջերմությունը: Նախ՝ հնարավոր բեղմնավորման պահին արգանդի վզիկը լինում է փափուկ ու խոնավ,  հեշտոցում գրավում է վերին դիրք: Օվուլյացիայից առաջ և հետո արգանդի վզիկը բավականին պինդ է, իսկ խողովակը՝ փակ: Վզիկային լորձն ընդունում է թափանցիկ և լպրծուն բնույթ: Մյուս շրջաններում այն բավականին պղտոր է, կպչուն, այդ պատճառով ընդդիմանում է սպերմատոզոիդների թափանցմանը ձվաբջջի մեջ: Եթե լորձը հիշեցնում է հում ձվի սպիտակուց, դա նշանակում է, որ տեղի է ունեցվել ձվազատում: Իսկ բազալ ջերմության կտրուկ բարձրացումը խոսում է բեղմնավորման պահի մասին, որը պայմանավորված է պրոգեստերոնի արտադրման հետ:

Ավելի ցայտուն նշաններ են համարվում կրծքագեղձերի մեծացումը, դրանց ցավոտությունը և պտուկների բարձրացած զգայունությունը, ձվազատման ցավերը և հետքերը` սավանի վրա:

 

 

Աղբյուրը՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

 

Գովազդ