​Ի՞նչ կարելի է ուտել և խմել հղիության ժամանակ

Հղիություն

Անկասկած հղիությունը կնոջ կյանքում ամենագեղեցիկ ու թերևս ամենապատասխանատու շրջանն է: Կարելի՞ է սուրճ խմել կամ մազերը ներկել: Կարելի՞ է ինքնաթիռ նստել, և առհասարակ ֆիզիկական ի՞նչ ակտիվություն է թույլատրելի հղիության շրջանում…

Հարցերն ու տարակուսանքները շատ են: Ալկոհոլ ու ծխախոտ

Որքան էլ ծանոթ ու անծանոթները փորձեն համոզել՝ սեփական օրինակը վկայակոչելով, որ մի բաժակ կարմիր գինին կամ մի երկու բաժակը չի վնասի հղի կնոջը, միևնույն է, ողջ աշխարհի բժիշկները համամիտ են այս հարցում. նույնիսկ ամենաքիչ քանակությամբ ալկոհոլը կարող է վնասել թե՛ փոքրիկին և թե՛ ապագա մայրիկին, նույնիսկ ներարգանդային զարգացման ծանր արատների, երբեմն վաղաժամ, հաճախ էլ ծանր ծննդաբերության ու անգամ վիժման պատճառ դառնալ: Հատկապես թունավոր է ալկոհոլը հղիության վաղ շրջանում՝ սկսած 3-րդ շաբաթից մինչև առաջին եռամսյակի վերջը, երբ պտղի զարգացման ամենապատասխանատու շրջանն է, սաղմը նոր-նոր սկսում է ձևավորվել, բոլոր ներքին օրգաններն ու համակարգերը սկսում են երևակվել: Ալկոհոլ ընդունել ցանկալի չէ բեղմնավորման շրջանում, ընդ որում դա հավասարապես վերաբերում է երկու ծնողներին: Իսկ ինչ վերաբերում է ծխելուն, վաղուց արդեն ապացուցված է, որ ծխող մայրիկները լույս աշխարհ են բերում նիկոտինի հանդեպ արդեն կախվածության պատրաստ երեխաներ, որոնց իմունիտետն այնքան էլ ամուր չէ, հաճախ թերզարգացած են լինում թոքերը: Նրանք, մյուս երեխաների համեմատ, ավելի հաճախ են ասթմայով հիվանդանում ու թոքային համակարգի այլ հիվանդությունների հակում ունենում: Ուրեմն եթե գիտեք, որ երեխա եք ունենալու, ծխելը թողեք անմիջապես, իսկ ընդհանրապես, եթե որոշել եք ծնող դառնալ, ուրեմն հղիությունից 2-3 ամիս առաջ արդեն հրաժարվեք դրանից:

Սպորտ

Հաճախ է հղիներին հետաքրքրում, թե կարող են զբաղվել սպորտով: Այս հարցում պետք է ոսկե միջինն ընտրել: Այդ շրջանում, բնականաբար, ոչ ոք ձեզնից օլիմպիական հաջողություններ չի ակնկալում, ուստի օրական մի քանի ժամ մարզվելու, օրգանիզմը տանջելու իմաստ չկա: Սակայն մարզանքից լրիվ հրաժարումը նույնպես ճիշտ չէ. դա կարող է ավելորդ քաշի կուտակման հանգեցնել, որը հղի է այտուցների առաջացմամբ, անոթային խնդիրներով, ճնշման բարձրացմամբ: Նման բարդությունները բացասական ազդեցություն են ունենում հղիության ընթացքի ու պտղի զարգացման վրա: Համենայն դեպս, բժշկի հետ խորհրդակցելով՝ կարելի է ընտրել մարզման հարմար տարբերակ, որը պտղին կապահովի ավելի շատ թթվածնով ու սննդարար նյութերով: Սակայն հիշեք՝ մինչ ծննդաբերությունը պետք է հրաժարվել հեծանվային մարզումերից:

Արկածներ որոնողները

Կարծիք կա, որ ինքնաթիռով փոխադրություններն ու կլիմայի կտրուկ փոփոխությունը լավ չեն անդրադառնում հղիության պարագայում: Իսկապես, 7 ամսվա հղիությունից հետո ինքնաթիռով թռիչքը կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: Իսկ մինչ այդ դա խիստ անհատական է և մեծապես կախված է հղիության ընթացքից ու կնոջ առողջությունից: Եթե մայրիկը ոչ մի բողոք չունի, ուրեմն ամեն ինչ կարգին է, հետևաբար հակացուցումներ էլ չկան: Իսկ եթե հղի կնոջ օրգանիզմը թուլացել է, մանավանդ արյան բարձր ճնշում ունի, ապա վիժման հավանականությունը ևս մեծ է:

Արգելված պտուղ

Այս շրջանում արժե սահմանափակել կամ անգամ հրաժարվել յուղոտ, աղի, տապակած, կծու ու ապխտած մթերքներից, այսինքն՝ այն ամենից, ինչը ծանրաբեռնում է լյարդը, լեղապարկը, երիկամները կամ այրոցք է առաջացնում, գաստրիտի սրման պատճառ դառնում: Արժե հրաժարվել գունանյութեր պարունակող ու համն ընդգծող (նիտրիտ, նատրիումի գլյուտամատ), ինչպես նաև համեմունք պարունակող մթերքներից, չիփսերից, չորահացերից, պատրաստի թանձրահյութերից, խեցգետնաձողիկներից ու ընդհանրապես արագ պատրաստվող սննդամթերքից: Պետք է չափավորել նաև նարնջագույն պիգմենտ պարունակող պտուղ- բանջարեղենի գործածումը. դրանք կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ի դեպ, ասում են՝ ձկնամիսն ու միսը հղիության ժամանակ վտանգավոր են: Սակայն դա ճիշտ չէ: Հակառակը, դրանց պարունակած ֆոլաթթուն, օմեգա- 3 ճարպաթթուներն անհրաժեշտ են հղի կանանց, դրանք նաև երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիայի դեմ հրաշալի կանխարգելիչ են համարվում: Ավելի ճշգրիտ, իհարկե, բուժող բժիշկը կասի, թե հատկապես ինչ է հարկավոր ձեզ:

Բոլոր թեյերը չէ, որ օգտակար են

Հղիության ընթացքում կանանցից շատերն են այտուցներ ունենում: Օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերելու համար նրանք որոշում են խոտաբույսերով, հատապտուղներով միզամուղ թեյերի անցնել: Առանց մասնագետի հետ խորհրդակցելու կտրականապես արգելվում է նման միջոցների դիմելը: Մի մոռացեք, որ խոտաբույսերի մեծ մասը բուժական նշանակություն ունի, դրանք կարող են ոչ նպատակային լինել, իսկ որ ավելի վատ է, վնասել հղի կնոջ ու պտղի օրգանիզմը: Օրինակ՝ եղեսպակի, մաղադանոսի, կատվախոտի, երիցուկի եփուկները հաճախ մեծացնում են արգանդի լարվածությունը, բարձրացնում արյան ճնշումը:

Լավ կլինի հրաժարվել սուրճից

Գիտնականները հաստատել են, որ օրական 3 և ավելի բաժակ սուրճի գործածումը մինչև 12 շաբաթական հղիության դեպքում մեծացնում է վիժման հավանականությունը: Սուրճը բարձրացնում է ճնշումը, անքնություն առաջացնում: Մասնագետները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում հրաժարվել նաև կոֆեին պարունակող մյուս ըմպելիքներից (կոլա, էներգետիկներ, թունդ կանաչ ու նաև սև թեյ): Դրա փոխարեն դաղձով, կոճապղպեղով, սպիտակ թեյերն ու մասուրի թուրմերը շատ օգտակար են համարվում: Դաղձը հանգստացնում է, մեղմում սրտխառնոցը, կոճապղպեղը՝ հակամանրէ հատկությամբ, անփոխարինելի է մրսածության ու օդակաթիլային հիվանդությունների սեզոնին, մասուրը հարուստ է С, В, РР վիտամիններով ու երկաթով, սպիտակ թեյը կոֆեին չի պարունակում, կարգավորում է ճնշումը, նպաստում անոթների առաձգականությանը, ամրացնում ատամնաէմալը: 

 

Աղբյուրը՝ Ankakh.com