Ալկոհոլի օգտագործումը հղիությունից առաջ, ընթացքում և հետո

Հղիություն

Ալկոհոլի օգտագործումը կարող է օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ։ Բայց հատկապես հղիության ընթացքում խմիչքի ընդունումը  շատ ավելի լուրջ ու անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն կնոջ, այլև  պտղի վրա։

Բժիշկ- գինեկոլոգ Լուսինե Մովսիսյանը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում բացառել ալկոհոլի օգտագործումը։

«Հղիության ընթացքում  ալկոհոլի անգամ փոքր քանակության օգտագործումը մի քանի անգամ մեծացնում է վիժելու հավանականությունը։ Պետք է հիշել, որ պտուղը մայրիկի հետ «խմում է» այդ ոգելից խմիչքը, ինչն էլ իր բացասական հետևանքներն է ունենում նրա բնականոն զարգացման վրա։

Ալկոհոլային  խմիչքների բաղադրության մեջ կա էթանոլ, որը դժվարացնում է  թթվածնի ու սննդարար նյութերի մատակարարումը պտղին»,- ասում է բժշկուհին:

Ըստ նրա՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում հատկապես կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչն էլ հետագայում  երեխայի մոտ մտավոր ու վարքային խանգարումների պատճառ է դառնում։ 

«Նախ պիտի նշեմ, որ շատ ավելի ցանկալի կլինի,  եթե ապագա ծնոնղները ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվեն  բեղմնավորումից դեռ երեք ամիս առաջ։

Իսկ ապագա մայրիկը, հղիության ընթացքում հնարավորինս պետք է խուսափի խմիչք  ընդունելուց։ Իհարկե, հազվադեպ կես գավաթ գինու օգտագործումը կարելի է, քանի որ հղիության ընթացքում պտղի վրա ունեցած բացասական ազդեցության աստիճանը պայմանավորված է ոգելից խմիչքի ընդունման քանակից, հաճախականությունից ու նաև մոր առողջական վիճակից։  Բայց ես միանշանակ դեմ եմ ալկոհոլի օգտագործմանը, քանի որ ներարգանդային վնասները, որոնք  ստանում է պտուղը, հետագայում, ցավոք, մեծամասամբ չեն բուժվում։

Բժշկուհին դեմ է նաև ալկոհոլի օգտագործմանը հղիությունից հետո։

«Ալկոհոլն այս անգամ արդեն փոքրիկի օրգանիզմ է թափանցում մայրական կաթի միջոցով, ինչի հետևանքով երեխան դառնում է ավելի թույլ ու քնկոտ։ Հնարավոր է, որ նրա մոտ անգամ ավելանա քաշը»։

Ըստ Լուսինե Մովսիսյանի՝  ալկոհոլային խմիչքների օգտագործումը նաև նվազեցնում է կաթնարտադրությունը։

 

Հեղինակ՝ Արփի Մուրադյան